«Մայիսի 14-ից մինչ օրս հաստատել ենք 382 դեպք, որոնք առերևույթ ընտրախախտումներ են: Մասնավորապես, ապօրինի քարոզչության 139 դեպք է արձանագրվել, որոնց մեջ մտել են քարոզչական նյութերի տեղադրումը օրենքով չնախատեսված կամ արգելված վայրերում, քարոզչական նյութերի վնասումը, պոկումը, դրանց վրա գրառումներ կատարելը, քարոզչական նյութերի վահանակների անբավարար քանակը, վարչական ռեսուրսների օգտագործումը թեկնածուներին օգնելու նպատակով՝ հատկապես ապօրինի քարոզչությանը նպաստելով:
Մենք արձանագրել ենք այսպիսի դեպք, որում քաղաքացին բացահայտում է, թե ինչպես են ՔՊ-ի պաստառը Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ծառայության աշխատակիցների օգնությամբ ամրացվում օրենքով չթույլատրված վայրում»,- ասուլիսում նշեց «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը:
«Եթե մեր զեկույցում ապօրինի քարոզչությունը գրավում է առաջին տեղը, ապա միջանկյալ զեկույցում՝ մայիսի 10-24-ի ժամանակահատվածում, գերակշռողը եղել են պաշտոնեական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահումների դեպքերը»,- հավելեց Սոնյա Համբարձումյանը:
«Ընտրախախտումների 2-րդ տեղում գտնվում է վարչական ռեսուրսի օգտագործումը, դրանք հրապարակումներ են պետական հիմնարկների պաշտոնական էջերում, քարոզչական նյութերի տարածում՝ կոմունալ ծառայությունների աշխատակիցների միջոցով, պաշտոնատար անձանց կողմից հանդիպումների և միջոցառումների անցկացմանը՝ դպրոցների ներկայացուցիչների մասնակցություն»:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի, «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ մինչ այս պատրաստել են 3 զեկույց, առաջինում հրապարակվել են ապրիլի 20-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումները: Երկրորդ զեկույցը մայիսի 10-24-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումներն է պարունակում, իսկ երրորդը հունիսի 5-ի դրությամբ կհրապարակվի իրենց https://www.fyca.net/hy կայքէջում:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































