Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների վրա ազդեցություն գործադրելու, նրանց վարքագիծը վերահսկելու կամ ուղղորդելու փորձեր․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից

Հունիս 07,2026 17:32 Share

Ընտրությունների օրվա երկրորդ կեսի դիտարկումների ամփոփում (13:00–16:00)

Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է մշտադիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընտրատեղամասերում։

Ժամը 13:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրված խախտումների և միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես քվեարկության ընթացակարգերի պահպանմանը, այնպես էլ ընտրողների ազատ կամարտահայտման երաշխավորմանը։

Այս ժամանակահատվածում արձանագրվել է․

  • Քվեարկության գործընթացում խախտումներ ՝30 դեպք
  • Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ ՝ 8 դեպք
  • Միջադեպեր ընտրատեղամասերում ՝7 դեպք
  • Տեղամասում գտնվելու կարգի խախտումներ ՝ 7 դեպք
  • Ապօրինի քարոզչության դեպքեր՝ 6 դեպք
  • Ընտրողների վրա ճնշման և վախեցման դեպքեր ՝ 5 դեպք
  • Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ՝ 5 դեպք
  • Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներ ՝ 3 դեպք։

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրվա երկրորդ կեսին շարունակել են արձանագրվել ընտրողների վրա ազդեցություն գործադրելու, նրանց վարքագիծը վերահսկելու կամ ուղղորդելու փորձեր, ինչպես նաև ընտրական օրենսդրությամբ արգելված քարոզչության դեպքեր։ Նման երևույթները վտանգում են ընտրողների ազատ կամարտահայտման սկզբունքը և խաթարում հավասար մրցակցային պայմանների ապահովումը։

«Արդար Քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի գնահատմամբ՝ արձանագրված խախտումների բնույթը վկայում է, որ առանձին ընտրատեղամասերում դեռևս առկա են ընտրական գործընթացի կառավարման և օրենսդրական պահանջների պատշաճ պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ։

«Մեր դիտորդների արձանագրած դեպքերը ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձինք ոչ միշտ են գործում իրենց լիազորությունների շրջանակում։ Մտահոգիչ են հատկապես ընտրողների նկատմամբ հոգեբանական ճնշման, վերահսկողության մթնոլորտի ձևավորման և ապօրինի քարոզչության շարունակվող դեպքերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա»,–նշել է Սոնյա Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինները օպերատիվ արձագանքեն արձանագրված խախտումներին, իսկ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները խստորեն պահպանեն օրենքի պահանջները։

«Յուրաքանչյուր արձանագրված խախտում, հատկապես եթե այն վերաբերում է ընտրողի ազատ կամարտահայտությանը, պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական։ Ընտրությունների օրն անթույլատրելի են ցանկացած գործողություններ, որոնք կարող են ընտրողի մոտ ձևավորել վերահսկողության, ճնշման կամ կախվածության զգացում»,– ընդգծել է առաքելության ղեկավարը։

«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է ընտրական գործընթացի մշտադիտարկումը և կհրապարակի քվեարկության օրվա ամբողջական գնահատականը՝ հիմնված դիտորդների կողմից հավաքագրված փաստերի, արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի համապարփակ ուսումնասիրության վրա։

Ընտրախախտումների հետ կապված 671 դեպք արդեն արձանագրված է youthvote.live կայքում։

ԱՐԴԱՐ ՔՎԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sarkis says:

    «Միջակ ավտորիտար հետևորդներ» արտահայտությունը սովորաբար վերաբերում է ցածր արդյունավետություն ունեցողներին, «հավատարիմ պարտվողներին» և դանդաղաշարժ կարիերիստներին, ովքեր ձգտում են ավտորիտար համակարգերին: Քանի որ մերիտոկրատական ​​հիերարխիաները ստեղծում են ավելի շատ մրցակիցներ, քան առկա բարձր պաշտոնները, այս դժվարին վիճակում գտնվող անհատները հաճախ աջակցում են ավտոկրատ առաջնորդներին՝ փոխարենը ստանալով այն կարգավիճակը, ազդեցությունը և վերելքի շարժունակությունը, որին այլապես չէին կարողանա հասնել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930