Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման
Արմանուշ Հարությունյանը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել դիմում՝ դատարանից խնդրելով անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը։
Դատարանը 2025 թ. հունիսի 16-ին որոշել է Արմանուշ Հարությունյանի կողմից ներկայացված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին դիմումի ընդունումը մերժել հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը եզրահանգում է, որ հատուկ վարույթի կարգով կարող է քննվել միայն սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող փաստի հաստատման վերաբերյալ այնպիսի գործ, որում առկա չէ որևէ անձի ուղղված նյութաիրավական պահանջ, փաստացի առկա չեն հակադիր շահերով օժտված կողմեր, առկա չէ իրավունքի մասին վեճ, ինչպես նաև դիմողն ունի համոզմունք, որ որևէ այլ անձ վիճելի գույքի վերաբերյալ հավակնություն չունի և բացառվում է իրավունքի վերաբերյալ վեճի ծագման հնարավորությունը կամ սեփականատերն անհայտ է»։
Կարդացեք նաև
Դատարանն արձանագրել էր, որ դիմող Ա. Հարությունյանն իր դիմումում շարադրել է փաստական հանգամանքներ այն մասին, որ Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.2024 [1994] թ. թիվ 29 որոշմամբ անշարժ գույքը հատկացվել է քաղաքացի Հովհաննես Ավետիսյանին: Անշարժ գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը չի գրանցվել: 2002 թ. Հովհաննես Ավետիսյանն անշարժ գույքը՝ տունը տրամադրել է Արմանուշ Հարությունյանին, իսկ որոշ ժամանակ անց այդ տունը 3.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմանուշ Հարությունյանին: Գույքի արժեքը վճարելուց հետո Արմանուշ Հարությունյանը անշարժ գույքը իրենն է համարել և շուրջ 20 տարի բնակվում է այդ հասցեում:
Մարզի դատարանն արձանագրել էր, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով թվարկված են հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերը, սակայն նշված նորմով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործերի հատուկ վարույթի կարգով քննության ընթացակարգ նախատեսված չէ, մերժել էր Ա.Հարությունյանի դիմումը։ Վերաքննիչ դատարանն էլ արձանագրել էր, որ «դիմողը ներկայացրել է այնպիսի պահանջ, որն իր հերթին չի հանդիսանում հատուկ վարույթի կարգով քննարկման ենթակա, քանի որ այդպիսի պահանջով գործի տեսակ նախատեսված չէ հատուկ վարույթի կարգով քննարկման ենթակա գործերի ցանկում», մարզի դատարանի որոշումը թողել էր անփոփոխ։
ՍԴ դիմելով, Հարությունյանը հայտնել էր. ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված է արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով և առաջնահերթ տարբերակված մոտեցում է դրսևորել տիրազուրկ շարժական գույքի և տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննության միջև՝ չնախատեսելով տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի հատուկ վարույթ, մյուս դեպքում տարբերակված մոտեցում է դրսևորել անշարժ գույքի սեփականության իրավունքի տիրապետման՝ որպես հատուկ վարույթով նախատեսված իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ գործի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ գործերի միջև, ինչն ակնհայտորեն սահմանափակում է դատական պաշտպանություն հայցող անձի` այս դեպքում իր՝ Ա.Հարությունյանի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանափակել՝ դիմողի սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության իրավունքների իրացումը, քանի որ մի դեպքում շահագրգիռ անձին օրենսդիրը տվել է իրավունք իր՝ անշարժ գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթով դիմելու, իսկ մեկ այլ դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջով հատուկ վարույթով դիմելու իրավունք չի նախատեսել, նման պայմաններում առաջանում է իրավական անորոշություն, անհամաչափություն և ոչ արդարացված մոտեցում։
Գործով պատասխանող Ազգային ժողովը առարկել էր անհատական դիմում ներկայացրած քաղաքացուն, հայտնել, որ «վիճարկվող դրույթի շրջանակներում նա զրկված չի եղել ներկայացնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման դիմում, որտեղ կարող էր նշել, թե ինչ նպատակի համար է նրան անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը (այն է՝ սեփականության իրավունքի ձեռքբերում (ձեռքբերման վաղեմություն), որի հաստատման արդյունքում անձը ձեռք կբերեր սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)՝ իր կողմից տիրապետվող գույքի նկատմամբ»։ Նաև հավելել էր. հատուկ վարույթի շրջանակներում անձը զրկված չէ փաստի հաստատման ուժով ձեռք բերել սեփականության իրավունք, այլ կերպ՝ վիճարկվող դրույթները թույլ են տալիս անձի կողմից գույքի փաստացի տիրապետման փաստի հաստատում։
ՍԴ-ն որոշեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերով դատարան դիմող անձի պահանջի ձևակերպման ոչ բավարար հստակությունը դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ինքնին, չի կարող դառնալ անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմք, որպիսի պայմաններում դատարանը պետք է առաջնորդվի դիմումի բուն էությամբ: Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է վերոնշյալ մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ (ՍԴ որոշումը 39 էջ էր)։
ՍԴ իրավական դիրքորոշումը հետևյալն էր. «Այն դեպքերում, երբ դիմումի էությունից ակնհայտ է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով ներկայացված պահանջը, թեև ձևակերպված է որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, այնուամենայնիվ, ըստ էության ենթադրում է ձեռքբերման վաղեմության իրավական նախադրյալների՝ նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի միաժամանակյա հաստատման անհրաժեշտություն, դատարանները պետք է առաջնորդվեն դիմումի նյութական նպատակով՝ հաղթահարելով պահանջի ձևակերպման խստությունը և ապահովելով դրանց ըստ էության քննությունը՝ երաշխավորելով դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը: Ընթացակարգային որևէ խոչընդոտ չի կարող գերակայել արդարադատության շահին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2026


















































