«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ-ականների կոշտ քննադատությանը՝ մասնավորապես գրելով
«Խոսենք ըստ էության։ «Երրորդ ժամկետի» քննադատությունը այս պահի դրությամբ միակ քաղաքագիտական հիմքն է, որի միջոցով հնարավոր է ապալեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։ Մնացածը պոեզիայի ժանրից է։
2018 թ․-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ թղթերով ամեն ինչ ճիշտ էր։ Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, հանրային զանգվածները ընդունել էին 2017 թ․-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ամեն ինչ ճիշտ էր և մարդիկ պատրաստ կլինեին ապրել նոր խաղի կանոններով, եթե չլիներ սահմանադրական «խարդախության» գիտակցումը։
Այսինքն, ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի, եթե վարչապետի պաշտոնում մնար Կարեն Կարապետյանը կամ նույնիսկ ՀՀԿ-ից որևէ այլ թեկնածու առաջադրվեր, օրինակ՝ Վիգեն Սարգսյանը։
Կարդացեք նաև
Բայց երրորդ նախագահը դրժեց իր խոստումը, առաջադրվեց ու ընտրվեց վարչապետ և մարդիկ հասկացան, որ սահմանադրական «խարդախությամբ» նա կարող է հավերժացնել իր իշխանությունը։ Հենց այս ամենի ընկալումը ապալեգիտիմացրեց նրա իշխանությունը՝ դատապարտելով անխուսափելի փլուզման։
Գրեթե նույն իրավիճակը ունենք Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Նա էլ օգտվելով այդ նույն կոստյումի անսպառ հնարավորություններից փորձում է հավերժացնել իր իշխանությունը՝ հղում անելով նույն խարդախությանը։ Իբր թե, ունի դրա իրավունքը։ Թղթերով նորից ամեն ինչ ճիշտ է, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ որքան էլ վիճելի ու կասկածելի, բայց այնուամենայնիվ կարծես թե բոլորի կողմից ընդունելի։
Եվ հիմա ի՞նչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է անի այն, ինչը չստացվեց Սերժ Սարգսյանի մոտ, թե այն ինչ չի կարելի Սերժին, կարելի՞ է Նիկոլին։
Մեր մոտեցումը հետևյալն է․ չի կարելի թույլ տալ որևէ մեկի իշխանության հավերժացումը և Հայաստանում ադրբեջանական ու բելառուսական տիպի ռեժիմների հաստատումը։ Սա ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ, որտեղ տիրապետող կլինեն բռնությունը, անարդարությունը, օրենքների և Սահմանադրության պղծումը, կոռուպցիան և ի վերջո պետության փլուզումը։
Սիրելի հանրապետականներ, օբյեկտիվ իրականությանը դիմադրելու փոխարեն, ագրեսիան մի պահ դրեք մի կողմ ու կյանքում մի անգամ գոնե խոստովանեք, որ Սերժ Սարգսյանը կոպտագույն, ճակատագրական սխալ է թույլ թվել։ Խոստովանեք ու անցնենք առաջ՝ քաղաքական դաշտը ազատագրելով Սերժ-Քոչարյան անիմաստ ու անվերջ գզվռտոցից։


















































