Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի նույնիսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հունիս 17,2026 17:53 Share

Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 թվականին։ Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կառուցվել էր դեռևս 1970-ական թվականներին։

Սրանք առանձին կամ պատահական դեպքեր չեն։ Դրանք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական փաստագրված դրսևորումներն են։

Ադրբեջանական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է ոչ միայն Արցախի տարածքի ֆիզիկական, այլև նրա պատմական հիշողության, մշակութային ինքնության և հայկական քաղաքակրթական ներկայության վերացման ծրագիր։ Թիրախավորվում են եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները, հուշարձանները, թանգարանները, պետական և հասարակական գործիչների արձանները, պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները։ Ոչնչացվում է այն ամենը, ինչը վկայում է, որ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի, պատմության և քաղաքակրթության անբաժանելի մասը։

Առանձնակի ցինիզմով Ադրբեջանը ոչնչացնում է նույնիսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Այս հուշարձանները խորհրդանշում էին խորհրդային ժողովուրդների համատեղ պայքարը նացիզմի դեմ և հանդիսանում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընդհանուր պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։ Սակայն Բաքվի համար նույնիսկ այդ հանգամանքը որևէ նշանակություն չունի։ Քաղաքական ատելությունն ու պատմության կեղծման պետական քաղաքականությունը գերակայում են ցանկացած պատմական, բարոյական կամ իրավական պարտավորության նկատմամբ։

Առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն հուշարձանների ապամոնտաժմամբ։ Շատ դեպքերում դրանց տեղում կառուցվում են նոր ադրբեջանական կառույցներ, հրապարակներ, թանգարաններ և կրոնական օբյեկտներ՝ նպատակ ունենալով վերջնականապես վերացնել հայկական հիշողության ցանկացած հետք և ստեղծել պատմական կեղծ իրականություն։ Սա դասական մշակութային օկուպացիայի և հիշողության ինժեներիայի քաղաքականություն է, որի նպատակը ոչ միայն անցյալի ջնջումն է, այլև ապագայի վերաշարադրումը։

Այս քաղաքականության զոհ են դարձել տասնյակ հուշարձաններ.
• Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով։
• Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ավերվել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ-հուշարձանը։
• Ազոխ գյուղում ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձաններ, ինչպես նաև պղծվել ու ավերվել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
• Բերձորի կենտրոնում ամբողջությամբ վերացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։
• Ստեփանակերտում ոչնչացվել են Խորհրդային Միության ծովակալ Իվան Իսակովի կիսանդրին և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը։
• Շուշիում քանդվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, Խորհրդային Միության պետական նշանավոր գործիչ Իվան Թևոսյանի հուշարձանը։
• Հաթերք, Վանք, Եմիշճան, Քարինտակ, Խնածախ, Մարտունի, Ավետարանոց և Արցախի բազմաթիվ այլ բնակավայրերում ավերվել կամ վնասվել են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները։
• Ասկերանի շրջանի հուշահամալիրը ևս ամբողջությամբ ոչնչացվել են։

Այս ցանկը ամբողջական չէ։ Գրեթե յուրաքանչյուր ամիս արբանյակային նոր լուսանկարները բացահայտում են հերթական ավերածությունները։ Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է իրական ժամանակում, և դրա մասշտաբները տարեցտարի ընդլայնվում են։

Ադրբեջանի գործողությունները վաղուց դուրս են եկել սովորական վանդալիզմի սահմաններից։ Դրանք պետականորեն ծրագրված, համակարգված և նպատակային քաղաքականություն են, որի առանցքային նպատակը հայկական պատմական հիշողության ոչնչացումն է։ Ոչնչացվում են ոչ միայն քարերը, արձաններն ու հուշարձանները, այլև ժողովրդի պատմական հիշողությունը, ինքնության խորհրդանիշները և հայրենիքի հետ ունեցած հոգևոր կապը։ Սա պատմության վերացման քաղաքականություն է, որն ուղղված է ապացուցելու կեղծ թեզ, թե Արցախում երբևէ հայկական քաղաքակրթություն չի գոյություն ունեցել։

Այս քաղաքականությունը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Այն հակասում է նաև այն միջազգային պարտավորություններին, որոնք Ադրբեջանն ինքն է ստանձնել՝ անդամակցելով միջազգային կազմակերպություններին և վավերացնելով մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային փաստաթղթերը։

Առանձնահատուկ պատասխանատվություն է կրում նաև միջազգային հանրությունը։ Տարիներ շարունակ հնչող մտահոգությունները, կոչերը և հայտարարությունները չեն վերածվել արդյունավետ գործողությունների։ Յուրաքանչյուր չարձագանքած ավերածությունից հետո Ադրբեջանը ստացել է նոր հուշարձաններ ոչնչացնելու, նոր եկեղեցիներ պղծելու և նոր պատմական հետքեր վերացնելու անուղղակի թույլտվություն։ Անպատժելիությունը դարձել է այս մշակութային ցեղասպանության գլխավոր խթանիչ ուժը։

Արցախում այսօր ոչնչացվում են ոչ միայն հայկական հուշարձանները։ Ոչնչացվում է համաշխարհային մշակութային ժառանգության մի հատված, մարդկության հավաքական հիշողության արժեքավոր շերտը։ Եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել լոկ մտահոգություններով, ապա մոտ ապագայում աշխարհի աչքի առաջ կվերանա մի ամբողջ քաղաքակրթության նյութական հիշողությունը, իսկ պատմությունը կգրվի ոչ թե փաստերի, այլ բուլդոզերների միջոցով։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գասենյակ,
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930