Փայլուն, առողջ մաշկը միշտ է գեղեցիկ համարվել, իսկ մեր օրերում՝ նաև թրենդային․ այս հարցում մեծ է գեղեցկության կորեական արդյունաբերության, ինչպես նաև անհատների դերը, որոնցից մեկն էլ թոփ-մոդել Հեյլի Բիբերն է, որը, հիմնելով մաշկի խնամքի իր ապրանքանիշը՝ փայլուն մաշկը դարձրեց խիստ նորաձև։ Ամսագրերից մեկին տրված իր հարցազրույցում նա ասել է․ «Ժամանակին կարծում էի, թե մաշկը չորացնելն ու ագրեսիվ միջոցներ օգտագործելը կօգնեն պայքարել ցանավորումների դեմ։ Սակայն այժմ համոզված եմ, որ մաշկին պետք է հնարավորինս նուրբ վերաբերվել․․․ Իրականում, որքան քիչ, այնքան լավ։ Չեմ կարծում, որ մաշկի լավ խնամքի համար անհրաժեշտ են բազմաթիվ միջոցներ։ Բավական է ունենալ խնամքի մի քանի միջոցներ, որոնց արդյունավետությանը վստահում եք, և որոնք ապահովում են լավ խոնավացում՝ պարզ, բայց արդյունավետ բաղադրիչների շնորհիվ»։
Հետևելով այս խորհրդին՝ մենք առանձնացրել ենք մի քանի պարզ խորհուրդներ, որոնք նպաստում են մաշկի բարելավմանը՝ դարձնելով այն ավելի խնամված ու փայլուն։
1. Հանգստացրեք մաշկը կոկոսի յուղով
Կոկոսի յուղն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններ և հաճախ օգտագործվում է որպես խոնավացնող միջոց, թեև դրանից պետք է խուսափել, եթե ալերգիա ունեք կոկոսի նկատմամբ։
Կարդացեք նաև
Կոկոսի յուղը կարելի է օգտագործել՝
- դիմահարդարումը հեռացնելու համար,
- մաշկի պաշտպանիչ շերտը վերականգնելու նպատակով,
- մաշկին բնական փայլ հաղորդելու համար։
Կարող եք փոքր քանակությամբ կոկոսի յուղով մերսել դեմքը, թողնել մի քանի րոպե և այնուհետև լվանալ մաշկը սովորական մաքրող միջոցով։
2. Օգտագործեք ալոե՝ մաշկն առողջ պահելու համար
Ալոեն կարող է նպաստել մաշկի վերականգնմանը՝ խթանելով նոր բջիջների աճը։ Դեմքը լվանալուց հետո ալոեի օգտագործումը կարող է մաշկին առողջ փայլ հաղորդել։
Քանի որ հնարավոր է ալերգիկ ռեակցիա, նախ փորձարկեք այն նախաբազկի վրա։
3. Միշտ հոգացեք մաշկի խոնավացման մասին
Փայլուն մաշկ ունենալու համար կարևոր է օգտագործել խոնավությունը պահպանող միջոցներ։ Եթե մաշկը չոր է, խուսափեք հաճախակի այն շերտազատելուց, քանի որ դա կարող է վնասել մաշկը։
4. Ամեն օր արևապաշտպան քսուք օգտագործեք
SPF 15 և ավելի բարձր պաշտպանությամբ արևապաշտպան քսուքը պաշտպանում է մաշկն արևի ճառագայթների պատճառով տեղի ունեցող վաղաժամ ծերացումից։
5. Գտեք մաշկի մաքրման ձեզ համապատասխան ռեժիմ
Շատ հաճախ լվանալը կարող է զրկել մաշկը բնական խոնավությունից, իսկ հազվադեպ լվանալը կարող է նպաստել ավելորդ ճարպարտադրությանը։
Պետք է ընտրել մաքրող այնպիսի միջոց, որը կամրապնդի մաշկի ջրաճարպային շերտն ու կպահպանի մաշկի պաշտպանիչ գործառույթները։
6. Խուսափեք ծխախոտից և պասիվ ծխելուց
Ծխախոտի ծուխը մաշկը ենթարկում է բազմաթիվ քիմիական նյութերի ազդեցությանը, ինչը մեծացնում է օքսիդատիվ սթրեսը և կարող է արագացնել մաշկի ծերացումը։
7. Ջուր խմեք
Մաշկի բջիջների բնականոն աշխատանքի համար ջուր է անհրաժեշտ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բավարար քանակով ջրի օգտագործումը մաշկին առողջ տեսք է տալիս։
8. Սնվեք այնպես, որ սնուցեք նաև մաշկը
Մրգերով և բանջարեղենով հարուստ սննդակարգը օրգանիզմն ապահովում է վիտամիններով և հակաօքսիդանտներով։ Օգտակար ճարպերի օգտագործումը (օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ) և վերամշակված սննդի սահմանափակումը կարող են նպաստել մաշկի առողջ տեսքին։
9. Մի մոռացեք պրոբիոտիկների մասին
2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ պրոբիոտիկները կարող են բարելավել մաշկի առողջությունը և նպաստել մաշկի արտաքին տեսքի լավացմանը։
10. Կրճատեք ցնցուղ ընդունելու ժամանակը
Տաք գոլորշին և ջուրը բացում են ծակոտիները, սակայն շատ տաք ջրի երկարատև ազդեցությունը կարող է վնասել մաշկի պաշտպանիչ շերտը և հեռացնել մաշկի բնական ճարպը՝ մաշկին հաղորդելով հոգնած ու խամրած տեսք։
Փորձեք սահմանափակել շատ տաք ջրի ազդեցությունը և ցնցուղ ընդունելու վերջում ջրի ջերմաստիճանը մի փոքր նվազեցրեք, ինչը կարող է բարելավել արյան շրջանառությունը և մաշկին ավելի թարմ ու ձիգ տեսք հաղորդել։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


















































