Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գոհ չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումից և այն բողոքարկելու է․ այս մասին նա ասաց այսօր՝ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում։
«Միշտ ասել եմ՝ ես այդ հանցանքը չեմ գործել, բնականաբար, պիտի բողոքարկենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում էր արդարացման վճիռ։
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանեց և գործն ուղարկեց վերաքննության։
«Իմ կշռի մասին խոսացողները թող նախ իրենց կշիռը չափեն՝ տեսնեն, իրենք իրենցից ինչ են ներկայացնում․ իրենք ովքե՞ր են, ի՞նչ կյանք են ապրել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, որ կարծիքներ են շրջանառվում, թե ինքը «այդքան կշիռ չունի»։
Կարդացեք նաև
Իր՝ քաղաքական գործընթացներին մասնակցության մասին Դավիթ Համբարձումյանը լրացուցիչ կհայտարարի։ Միայն ասաց, որ ինքը մնալու է ընդդիմադիր դաշտում։ Հետընտրական զարգացումների մասով լիովին կիսում է ՀՀԿ ԳՄ հայտարարությունը․ «Սրանով ոչինչ չի վերջացել, երկրում քաղաքական գործընթացները, կարելի է ասել, նոր են սկսվում։ Մենք միշտ լինելու ենք պայքարի դաշտում»։
Ինչ վերաբերում է նախկինում իր հետ լավ հարաբերություններ ունեցած Մասյացոտնի թեմի նախկին ղեկավար, այժմ կարգալույծ արված Արման Սարոյանի մասին հարցին, Դավիթ Համբարձումյանն ասաց․ «Դա ինձ համար ցավոտ թեմա է։ Խնդրում եմ, ժամանակ տվեք։ Մի օր դրա մասին էլ կխոսեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանն էլ մանրամասնեց, որ Վերաքննիչ դատարանը մասնակի է բավարարել իրենց դիմումը՝ գործը վերաքննության ուղարկելով այլ դատական կազմով։ Իրենց մյուս պահանջը արդարացման պահանջն էր։ Ամեն դեպքում, այս փուլում գոհ են Վերաքննիչ դատարանի որոշումից, բայց կբողոքարկեն, քանի որ կարծում են, որ Վերաքննիչ դատարանը կարող էր նաև արդարացման որոշում կայացնել։ Ինչևէ, այդ ակնկալիքը, կարծում են, կբավարարվի առաջին ատյանի դատարանում՝ գործի վերաքննության արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































