Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր նրանք, ովքեր հակառակ ինֆորմացիան են տվել, կձերբակալվեն»

Հունիս 27,2026 12:00 Share

Թալեաթ փաշայի պաշտոնական հրահանգը հայերի ջարդերի վերաբերյալ. 1915թ. մարտ-1916թ. հունվար

«Հայոց Ցեղասպանության թանգարանինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ֆոնդերում ներկայացված վավերագրերի, ականատեսների, վերապրողների հուշագությունների, աշխարհահռչակ ցեղասպանագետների, գիտնականների  հետազոտությունների կողքին ներկայացված են թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արձակված այդ ժամանակների առանձին հրամաններ, որոնք Հայոց ցեղասպանության կարևորագույն իրավական, պատմական աղբյուրներից են։ Ահավասիկ դրանցից մեկը, որը ներկայացվում է ստորև։

Մարտի 25, 1915
Ջեմալ բեյին, պատվիրակ Ադանայում

Յուրաքանչյուրի պարտքն է ամեն հնարավոր միջոցներով ազդել հայտնի տարրերի գոյության ոչնչացման վեհ ծրագրի իրագործմանը, ովքեր դարեր ի վեր խոչընդոտ են հանդիսացել կայսրության քաղաքակրթության բարգավաճմանը:
Հետևաբար մենք պետք է մեզ վրա վերցնենք ամբողջ պատասխանատվությունը` երդվելով՝ ինչ էլ պատահի իրագործել այն: Միշտ պետք է հիշենք, թե որքան մեծ է այն զոհողությունը, որը կառավարությունը կատարում է` ներգրավվելով Համաշխարհային պատերազմում: Պետք է այնպես գործենք, որ կիրառված միջոցները տանեն ցանկալի արդյունքի:
Փետրվարի 18-ի մեր զեկույցում հայտարարեցինք, որ Ջեմիեթը վճռել է բնաջնջել տարբեր ուժերի, որոնք դարեր ի վեր արգելք են հանդիսացել: Այս առումով պետք է կիրառել արյունալի մեթոդներ: Անշուշտ այդ մեթոդների կիրառումը սարսափեցնում է մեզ, բայց Ջեմիաթը ուրիշ այլ ելք չունի, որ հավաստի իր գործելակերպի կայունությունը:
Ալի Ռիզան` հանձնաժողովի պատվիրակ Հալեպում, դաժանորեն մեզ քննադատեց ու հորդորեց գթասիրտ լինել, այսպիսի պարզունակությունը ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն: Մենք կգտնենք մի վայր բոլոր նրանց համար, ովքեր չեն համագործակցի մեզ հետ, մի վայր, որտեղ կճնշվեն նրանց սրտի նուրբ լարերը:
Կրկին անգամ թույլ տվեք ձեզ հիշեցնել սեփականության հարցի մասին: Սա շատ կարևոր է: Աչալրջությամբ ընդունեք դրա բաժանումը, միշտ քննեք հաշիվները և շահույթից ստացված օգուտը: Ջեմիեթ

Սեպտեմբերի 3, 1915թ.
Հալեպի կուսակալությանը

Տեղեկացնում ենք, որ պետք է ներառեք նաև կանանց ու երեխաներին այն կարգադրության մեջ, որ նախկինում վերաբերվում էր միայն տղամարդկանց: Այդ պարտականությունների համար ընտրե´ք վստահելի ծառայողների:
Թալեաթ, Ներքին գործերի նախարար

Սեպտեմբերի 16
Հալեպի կուսակալությանը

Ձեզ տեղեկացրել էին, որ կառավարությունը Ջեմիեթի կարգադրությամբ վճռել է վերացնել Թուրքիայում բնակվող նշված բոլոր մարդկանց` հայերին:
Բոլոր նրանք, ովքեր կընդդիմանան այս վճռին և հրամանին, չեն կարող մնալ կայսրության պաշտոնական կազմում: Նրանց գոյությանը պետք է վերջ դրվի, որքան էլ միջոցները ողբերգական լինեն: Չպետք է հաշվի առնել ոչ տարիքը, ոչ սեռը և ոչ էլ խղճի վարանումը:
Թալեաթ, Ներքին գործերի նախարար

1915թ., նոյեմբերի 18
Հալեպի կուսակալությանը

Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի` պրն Մորգենթաուի կողմից իր կառավարության անունից վերջերս արված միջամտությունից պարզ է դառնում, որ ամերիկյան հյուպատոսները գաղտնի միջոցներով տիրապետում են ինֆորմացիային: Նրանք մնում են չհամոզվող, չնայած մեր հավաստիացումներին, որ տեղահանություններն ապահով կիրականացվեն:
Զգույշ եղեք, որ ուշադրություն գրավող իրադարձությունները քաղաքների կամ այլ կենտրոնների մոտ չիրականացվեն: Մեր ներկայիս քաղաքականության տեսանկյունից ամենակարևորն այն է, որ այդ մասերում բնակվող օտարերկրացիներին համոզենք, որ հայերի արտաքսումը իրականում միայն բռի տեղահանություն է:
Հետևաբար կարևոր է, որ միառժամանակ նուրբ մոտեցում ցուցաբերենք, իսկ սովորական միջոցառումները հարմար վայրերում իրականցվեն:
Բոլոր նրանք, ովքեր հակառակ ինֆորմացիան են տվել, կձերբակալվեն ու ռազմական իշխանություններին կհանձնվեն, որպեսզի ռազմական դատարանը նրանց դատի: Այս հրահանգը հույժ կարևոր է համարվում:
Թալեաթ

1915թ., դեկտեմբերի 11
Հալեպի կուսակալությանը

Մեզ տեղեկացրել են, որ հայ լրագիրների որոշ թղթակիցներ լուսանկարներ ու նամակներ են ձեռք բերել, որոնք պատկերում են ողբերգական իրադարձությունները և դրանք նրանք տվել են Հալեպում ամերիկյան հյուպատոսությանը:

Այս տեսակի վտանգավոր մարդկանց պետք է ձերբակալել ու ճնշել:

Ներքին գործերի նախարար Թալեաթ

1916թ., հունվարի 15
Հալեպի կառավարությանը

Մեզ տեղեկացրել են, որ որոշ նոր բացված որբանոցներ ընդունում են նաև հայ երեխաների:
Եթե դա արվեր մեր իրական նպատակների անիրազեկությամբ կամ արհամարհման հետևանքով, կառավարությունը կդիտարկեր այդ տեսակ երեխաների կերակրումը կամ նրանց կյանքը երկարացնելու ցանկացած գործոն որպես մեր նպատակներին լիովին հակադիր արարք: Քանի որ այդ երեխաների փրկության հարցը դիտարկում է որպես վնասակար երևույթ:
Որբանոցներին խորհուրդ եմ տալիս չընդունել այդպիսի երեխաների և փորձեր էլ չարվեն հատուկ նրանց համար որբանոցներ հիմնել:
Ներքին գործերի նախարար Թալեաթ

Ներքին գործերի նախարարությունից Հալեպի կուսակալությանը

Միայն այն որբերը, ովքեր չեն կարող հիշել այն սարսափները, որոնց նրանց ծնողները ենթարկվել են, պետք է հավաքել և խնամել:
Մնացածներին ուղարկեք քարավանների հետ:
Ներքին գործերի նախարար Թալեաթ

«Հայոց Ցեղասպանության թանգարանինստիտուտ» հիմնադրամ

Աղբյուրը` Արձանագրություններ Մեծ պատերազմի վերաբերյալ, հատոր 3, խմբագիր` Չարլզ Ֆ. Հորն, «Ազգի զավակներ», 1923

«Առավոտ» օրաթերթ
26.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել