Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանից վառ ապացույց առ այն, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր, լինել չի կարող։ Այդ մասին հայտարարում է մեր իրավասու մարմինը»․ Դրմեյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալի ասածների առիթով

Հուլիս 01,2026 20:02 Share

«Մենք դիմում չենք ներկայացրել նրա համար՝ պնդելով, որ եթե ընտրության արդյունքները չլինեին այնպիսին, ինչպիսին կային, մենք անցնում կամ չէինք անցնում խորհրդարան։ Մենք արձանագրել ենք խախտումներ, դրանք, մեր համոզմամբ, եղել են համակարգային»,- հիշեցմանը, թե ԿԸՀ ներկայացուցիչները նշում էին, որ եթե այդ ընտրատեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր չճանաչվեին, միևնույն է, «Միասնության թևերը» 3 տոկոս չէր հավաքի, ՍԴ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը։ 

Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։

Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ իրենց դիմումն էականորեն տարբերվում է այն առումով, որ հիմնական շեշտադրումը նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղ գտած խախտումներն են՝ հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված․ «Այդ խախտումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը կլիներ հավասար պայմանների ապահովման դեպքում։ Ընտրողի վրա նախապես արդեն տեղի է ունեցել օրենքով արգելված ազդեցություն։ Ցավոք, այդ կասկածները չփարատվեցին»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ասատրյանի պնդումներին, թե համատարած խախտումներ են եղել,  «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչն ասաց․ «Սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պետք է ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր։ Դրանից վառ ապացույց առ այն, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր, լինել չի կարող։ Դրա մասին հայտարարում է մեր իրավասու մարմինը»։

ԿԸՀ ներկայացուցիչների եզրափակիչ ելույթների առիթով էլ նշեց․ «ԿԸՀ անդամները ևս ընդունեցին, որ գերծանրաբեռնված ու լարված վիճակում են աշխատել։ Մեր համոզմունքն էլ է դա։ Մենք շեշտադրել ենք, որ միգուցե հանձնաժողովը չի ունեցել բավարար կարողություններ այդ ամբողջ խախտումները բացահայտելու, դրանց հրատապության կարգով անդրադարձ կատարելու։ Եթե պետությունը չի կարողանում կազմակերպել ընտրությունները հավասարության ու ազատության սկզբունքների պահպանմամբ, արդյունքը լինում է այն, որ մենք հայտնվում ենք ՍԴ-ում։ Այդ հիմնավորմամբ է, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ-ից, Լիպարիտ Դրմեյանը պատասխանեց․ «Դեռ հույսը պահպանվում է, որ ՍԴ-ն կմնա իր բարձրության վրա և կարձանագրի, որ խախտումները, որոնք ներկայացվեցին բոլոր դիմումատուների կողմից, որոնք ցույց էին տալիս դրանց համակարգված և համատարած բնույթը, կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա, և անվավեր կճանաչի ընտրության արդյունքները»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031