«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով գրեթե ամեն օր ընդդիմադիր որեւէ գործչի բնակարանը խուզարկելուն կամ ձերբակալելուն՝ ասաց. «Մանրամասներին տեղյակ չեմ, թե վաղ առավոտյան ինչ գործի շրջանակներում են եկել Երվանդ Բոզոյանի բնակարան։ Բայց մի բան ակնհայտ է, որ քաղաքական բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները Հայաստանում շարունակվում են։ Թիրախը հիմնականում «Մայր Հայաստանն» է։ Ոչ միայն լիդերին՝ Անդրանիկ Թեւանյանին մեկուսացնելով, այլեւ ամբողջ կառույցը որպես քաղաքական միավոր կազմաքանդելով։ Այդպես փորձ են անում ամբողջ կառույցը հեղինակազրկել, ոչնչացնել։ Չի ստացվի։ Բայց ամեն դեպքում այդ փորձն անում են; Թող փորձեն։ Տեսնենք՝ վերջում ով շահող դուրս կգա։
Մենք պատրաստ ենք, ամեն օր սպասում ենք։ Ու մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ զարմանում է, որ մինչեւ հիմա դեռ չեն եկել խուզարկելու, վկայի կամ մեղադրյալի կարգավիճակ տալու։ Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական բռնաճնշում է։ Երվանդ Բոզոյանը հայտնի է իր քաղաքագիտական վերլուծություններով, տրամաբանական ներկայացնում է Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ես ավելի շատ սա կապում եմ ոչ միայն «Մայր Հայաստանը» կազմաքանդելու փորձերի հետ, այլ նաեւ Երվանդ Բոզոյանին ինչ-որ կերպ լռեցնելու։ Եվ չեմ զարմանա, որ Երվանդ Բոզոյանին արգելեն հրապարակային ելույթներ ունենալ։ Այդպիսի փորձ արդեն կա քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ կապված։
Անդրանիկ Թեւանյանին մեկուսացրել են, բայց կառույցը մնում է, ֆունկցիոնալ է ու նաեւ արժանի քաղաքական հակահարված է տալիս նիկոլական ռեժիմին՝ քաղբանտարկյալների, սահմանադրական իրավունքների պաշտպանության շրջանակներում։ Հետեւաբար, այս մարդիկ խնդիր են դրել բոլորի հետեւից գնալ, փորձել լռեցնել, կազմաքանդել։
Կարդացեք նաև
Բայց մենք հասկանում ենք, թե ինչ ռեժիմի պայմաններում ենք ապրում, ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչպիսի կոնցլագերային բարքեր են տիրում Հայաստանում։ Ըստ էության, Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, քաղկալանավորներով։ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում կանգ առնել։ Նա պատրաստ է հանուն իր իշխանության պահպանման, հանուն համապատասխան կենտրոններից ստացված հրահանգների՝ մեկուսացնել, բանտարկել, պախարակել, վիրավորել իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Նա չի կարողանում համակերպվել, որ կարող է լինել պոտենցիալ ունեցող քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, որն անհրաժեշտ իրավիճակում կարող է քաղաքական մեծ հարված հասցնել իր ռեժիմին։ Մենք հասել ենք մի իրավիճակի, որ քաղաքականությամբ զբաղվելն այլեւս վտանգավոր է։ Այս բռնաճնշումները շարունակվում են։ Նույն Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը, Արմեն Աշոտյանի կալանքը, որ մեկ ամսով եւս երկարացրին։ Երեկ զինվորական էին ձերբակալել, երբ այդ նույն Ուրսուլան գտնվում էր Հայաստանում եւ ջերմ գնահատականներով էին փոխանակվում Նիկոլ Փաշինյանի հետ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































