Երեւան–Բրյուսել նոր առանցք՝ ռուսական ճնշման պայմաններում
Մոտ 200 միլիոն եվրո՝ Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապերի խթանման համար
Մայիսի սկզբին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն եւ Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը եւ ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը, նշվել էր ԵՄ հաղորդագրությունում:
Եվրամիությունից հունիսի 26-ին հաստատեցին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանելու է Հայաստան՝ Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման ֆոնին՝ ընդգծելու Բրյուսելի աջակցությունը Հայաստանին: «Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին», հաղորդել էին Եվրամիությունից, հատուկ ռուսական առեւտրային սահմանափակումների պատճառով տուժած Հայաստանի տնտեսությանը օգնելու հրամայականը։
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից անցյալ ամիս հաղորդել էին, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առեւտրի սահմանափակումների հետեւանքները մեղմելու նպատակով: «Նախագահ ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առեւտրի դյուրացման եւ համերաշխության միջոցառումներ», նշվել էր հաղորդագրությունում:
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ եւ պայծառ ապագային, եւ ուզում է օգնել ձեւավորել այս ապագան, հուլիսի 1-ին X-ում գրել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ Բաքու կատարելիք այցի շեմին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել էր, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի եւ Բաքվի միջեւ գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ «առեւտրից մինչեւ տրանսպորտ, էներգետիկայից մինչեւ տնտեսություն»։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում կենտրոնացել էր տնտեսական կապերի ամրապնդման վրա: Եվրահանձնաժողովի ղեկավարը հատուկ շնորհակալություն էր հայտնել նախագահ Ալիեւին գազի մատակարարման համար՝ Ադրբեջանին անվանելով «վստահելի էներգետիկ գործընկեր»: «Մենք չենք մոռացել, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը էներգետիկան վերածեց զենքի եւ անջատեց գազը Եվրոպայի համար, Ադրբեջանն ընդառաջ եկավ։ «Հարավային գազային միջանցքը» իսկապես ամրապնդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, եւ դա ուշագրավ հաջողության պատմություն է», – ասել էր ֆոն դեր Լայենը:
Լայենը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո նշել էր, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին, եւ որ Եվրոպական միությունը մոտ 200 միլիոն եվրո ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապերի խթանման համար: Լայենը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանը աջակցելու համար՝ ամրապնդելով տարածաշրջանային կապը եւ տեղական համայնքներին նպատակային օգնություն տրամադրելով։
«Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է». Փաշինյան
Բաքվում հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հուլիս 2-ին ժամանեց Երեւան։ Հայաստան ժամանելու կապակցությամբ Լայենը գրառում էր արել X-ի իր էջում՝ նշելով. «Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների ուղուն եւ ավելի է մոտենում Եվրոպային: Այսպիսով՝ ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։ Գրառումը նա հայերեն էր ամփոփել. «Մենք ձեզ հետ ենք»։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն մտադիր է ազատականացնել հայաստանյան արտահանումների 80 տոկոսը: «Մենք, այսպես կոչված, Առեւտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) առաջարկ ենք ներկայացնում: Սա նշանակում է, որ կազատականացվեն արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի Եվրամիություն։ Սա նշանակում է՝ ձեր առեւտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի», նշել էր եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Թե Եվրամիությունը երբ կսահմանի Հայաստանի համար առեւտրի արտոնյալ պայմանները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը չէր հստակեցրել: Առեւտրի ինքնավար միջոցառումների շրջանակում հայկական ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այս նախագծի համար: Ասաց՝ երբ այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Բրյուսելը կկիրառի այս գործիքը: «Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաեւ, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն մեկնարկել է»,- հայտարարեց Փաշինյանը:
Ավելի ուշ՝ կառավարության նիստի ընթացքում նա նկատեց, որ «քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է պրակտիկ մակարդակում մենք կարողանանք լուծել: Դա արդեն մեր աշխատանքն է»:
«Երբ Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում». Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ճեպազրույցի սկզբում հայտարարեց, թե այստեղ է՝ «ասելու, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա». – «Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում»: Անդրադառնալով Հայաստանում տնտեսական իրավիճակին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես գիտեմ, որ Հայաստանը դեռեւս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը մոտ ճնշման: Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց՝ շուտով լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել առեւտուրը»։ «Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին», – ասաց նա:
Հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրել էր, որ ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանին աջակցության փաթեթ են մշակում՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով:
Այսպես, Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները Մոսկվայի կողմից ճնշում որակելով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երեւանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:
«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», – նշեց նա: Խոսքը առեւտրի ինքնավար միջոցառումների մասին է, այս պահին նման ռեժիմով եվրոպական երկրների հետ առեւտուր է իրականացնում Մոլդովան, իսկ Ուկրաինայի հետ ավելի բարձր մակարդակի համաձայնություն ունեն:
Նկատենք, որ մայիսից ի վեր սա Եվրահանձնաժողովի նախագահի արդեն երկրորդ այցն է Հայաստան, եւ հենց մայիսին անցկացված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո հատկապես սաստկացավ Կրեմլի հռետորաբանությունը, ՌԴ-ն անցավ քայլերի՝ սահմանափակելով, ըստ էության, հայկական ամբողջ գյուղմթերքի ներկրումը: Բացի այդ, գրեթե ամենօրյա ռեժիմով, Մոսկվայից Երեւանին հորդորում են արագ կողմնորոշվել՝ մնալ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ Եվրաինտեգրացիայի ուղին բռնել:
Ահա, ռուսական սահմանափակումներին ի պատասխան՝ Բրյուսելը նախ 52 միլիոն եվրոյի աջակցության մասին հայտարարեց, ապա, արդեն անցյալ շաբաթ պաշտոնապես ազդարարեց մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու մտադրության մասին: 34 միլիոնն արդեն հատկացվել է, ֆոն դեր Լայենն անցյալ շաբաթ հայտնեց՝ մյուս 18 միլիոնը կփոխանցեն առաջիկայում:
«Այս ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին», -ասաց Եվրահանձնաժողովի նախագահը: Բացի այդ, այս ամիս Հայաստան եվրոպացի փորձագետներ կժամանեն՝ տեղական բիզնեսի հետ աշխատելու համար. «Օգնելու նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությունը կարող է առաջարկել»:
Փաշինյանը բացառեց, որ կրկնվի 2013-ը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց
Հայաստանն ու Եվրամիությունը մոտ են իրար առավել, քան երբեւէ, համատեղ ասուլիսում դարձյալ վստահեցրեց Փաշինյանը. «Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական, տնտեսական կիրառում»: Փաշինյանը բացառեց, որ կրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից ու որոշում կայացրեց ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ: «Դա հնարավոր չէ, առավել եւս հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը», – ասաց նա:
Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կառավարությունը «երբեք խնդիր չի դրել եւ չի դնելու՝ ճգնաժամ ստեղծելու Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում»: «Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, բնականաբար, մեր ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում, մյուս կողմից որեւէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետությունը», – ասաց նա:
Ժամկետներ չնշվեցին, թե երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել
Երկկողմ օրակարգի մեկ այլ առանցքային թեմա էր վիզաների ազատականացման գործընթացը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ֆոն դեր Լայենը ժամկետներ չնշեց, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել, հիշեցրեց, որ ապրիլին այս գործընթացում առաջընթաց են արձանագրել, այս աշնանը դարձյալ պետք է գնահատեն Հայաստանի իրականացրած քայլերը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ իշխանությունները խնդիր են դրել բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկու տարվա ընթացքում եւ 2029-ից անցնել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի: «Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում: Եվ իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար», – ասաց Փաշինյանը:
ԵՄ–Հարավային Կովկաս փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում գրառմամբ անդրադարձել էր Եվրոպական միության կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով Երեւանում, Բաքվում եւ Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։ Հայտնելով, որ նոր է վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից եւ Հայաստանից, Կոսը նկատել էր, որ ԵՄ-ն իր աշխատանքը՝ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ, տեղափոխել է հաջորդ փուլ։ «Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային ու էներգետիկ երթուղիները։ Փոխկապակցվածության ընդլայնումն ու զարգացումը փոխլրացնում են միմյանց։ Երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունության, բարգավաճման եւ անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել էր Կոսը։
Օգտվել եվրոպական հնարավորություններից՝ կառավարելով Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածությունը
Այսպիսով, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թեւակոխել են որակապես նոր փուլ։ Եթե մինչ այժմ Բրյուսելի քաղաքականությունը հիմնականում հիմնված էր ժողովրդավարական բարեփոխումների խրախուսման, տեխնիկական աջակցության եւ սահմանափակ ֆինանսական ծրագրերի վրա, ապա այժմ այն վերածվում է ռազմավարական գործընկերության, որի առանցքում տնտեսական անվտանգությունն ու աշխարհաքաղաքական հաշվարկներն են։
Սա նշանակում է, որ Եվրամիությունը Հայաստանին այլեւս դիտարկում է ոչ միայն որպես Արեւելյան գործընկերության մասնակից, այլ որպես Հարավային Կովկասում սեփական ազդեցության կարեւոր հենակետ։
Միաժամանակ ակնհայտ է, որ ԵՄ-ի ներկայիս ակտիվությունը պայմանավորված չէ միայն Հայաստանի նկատմամբ բարեհաճությամբ։ Այն Եվրոպայի ավելի լայն ռազմավարության բաղադրիչն է, որի նպատակն է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ապահովել Եվրոպայի էներգետիկ եւ տրանսպորտային անվտանգությունը եւ զարգացնել Եվրոպա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապող նոր միջանցքները։ Այդ պատճառով էլ Բրյուսելը զուգահեռաբար խորացնում է հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ փորձելով տարածաշրջանում հանդես գալ ոչ թե որպես մեկ կողմի դաշնակից, այլ որպես գլխավոր տնտեսական եւ քաղաքական դերակատար։ Սա վկայում է, որ ԵՄ-ի առաջնահերթությունը ոչ թե երկկողմ հարաբերություններն են, այլ ամբողջ Հարավային Կովկասի ինտեգրումը եվրոպական տնտեսական եւ հաղորդակցային համակարգերին։
Հայաստանի արտահանման համար մաքսային արտոնությունների տրամադրումը, ֆինանսական աջակցության փաթեթները եւ արտահանման խթանման ծրագրերը քաղաքական համերաշխության դրսեւորում լինելուց բացի, նպատակ ունեն փոխել Հայաստանի արտաքին տնտեսական կախվածության կառուցվածքը։ Եթե այս ծրագրերը լիարժեք իրականացվեն, Հայաստանը աստիճանաբար կսկսի դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները՝ նվազեցնելով ռուսական շուկայի նկատմամբ կախվածությունը։ Սակայն այդ գործընթացը երկարաժամկետ է եւ պահանջում է հայկական արտադրանքի մրցունակության, որակի եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության զգալի բարձրացում։ Հետեւաբար, նույնիսկ ամենաբարենպաստ քաղաքական պայմաններում ԵՄ-ն մոտ ապագայում չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային։
Սակայն հենց այստեղ է ձեւավորվում հայ-ռուսական հարաբերությունների հիմնական մարտահրավերը։ Ռուսաստանը Հայաստանի եվրոպական ինտեգրումը վաղուց դիտարկում է ոչ թե որպես տնտեսական համագործակցության ընդլայնում, այլ որպես սեփական ազդեցության գոտու աստիճանական կրճատում։ Այդ պատճառով Մոսկվայի տնտեսական սահմանափակումներն արդեն կարելի է գնահատել ոչ թե առանձին տնտեսական որոշումներ, այլ քաղաքական ազդակներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու եվրոպական ուղղության հնարավոր գինը։ Մեծ է հավանականությունը, որ Մոսկվայի ճնշումները կշարունակվեն՝ արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի կամ այլ տնտեսական լծակների միջոցով, եթե ՀՀ իշխանություններին չհաջողվի պայմանավորվել ռուսական կողմի հետ։ Եթե դա տեղի չունենա՝ ԵՄ-ի աջակցության ընդլայնումը կխորացնի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը։
Միաժամանակ, ակնհայտ է, որ իշխանությունն առայժմ փորձում է խուսափել կտրուկ աշխարհաքաղաքական ընտրությունից։ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները վկայում են, որ եվրոպական ուղղության ակտիվացումը ներկայացվում է որպես տնտեսական եւ պետական շահերից բխող գործընթաց, այլ ոչ որպես հակառուսական քաղաքականություն։ Սակայն տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման հավասարակշռության պահպանումը գնալով բարդանալու է, այսինքն, գործընթացը մեծացնում է նաեւ արտաքին քաղաքական վտանգները։ Հայաստանի համար առաջիկա տարիների գլխավոր մարտահրավերը կլինի եվրոպական հնարավորություններից առավելագույնս օգտվելը՝ միաժամանակ կառավարելով Ռուսաստանի հետ հարաբերությունների անխուսափելի լարվածությունը։ Հենց այս հավասարակշռությունը կդառնա Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության գլխավոր փորձությունը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2026


















































