Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի որոշ տնտեսություններ այդ գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել. «Հրապարակ»

Հուլիս 08,2026 10:18 Share

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկություններից հետո, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարեւանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, «Փարավոն» ռեստորանային համալիրը: Երեկվա դրությամբ չէին գործում նաեւ Ծաղկաձորում գործարարին պատկանող հյուրանոցներն ու գործարանները, հյուրանոցում հանգստացողներին էին անգամ դուրս հրավիրել: Կաթվածահար է եղել շուրջ մեկ տասնյակից ավելի տնտեսությունների գործունեությունը, հարկադիր պարապուրդի է մատնված մոտ տասը հազար քաղաքացի, որոնք մտավախություն ունեն, որ գործազուրկ են դառնում։

Որոշ տնտեսություններ երեկվա գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, հատկապես՝ «Արարատցեմենտը», կոնյակի գործարանը, հյուրանոցները։ Գործարանում պահվող սպիրտի մեծ պաշարները անվտանգային շուրջօրյա աշխատանք են պահանջում, հյուրատներում էլ չեն հասցրել լողավազաններն ու ջրի բաքերը դատարկել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել։

«Արարատցեմենտ» գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը մեզ պատմեց, որ նախօրեին իրավապահները վաղ առավոտյան՝ 7-7.30-ի միջակայքում, բառի բուն իմաստով, գրոհել են գործարանի վրա․ «Անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով եւ սպառնալով, որ կձերբակալեն բոլորին»։ Դա եղել է գործարանի հերթափոխի ժամին, երբ գիշերային աշխատողներին փոխարինելու է եկել ցերեկային հերթափոխի աշխատակազմը: Քննչական կոմիտեի աշխատակիցները ոչ միայն թույլ չեն տվել աշխատանքի եկած մարդկանց մուտքը գործարան, այլեւ առանց ժամանակ տալու` գործարանից դուրս են հանել հոսքագծերի վրա աշխատողներին։

Պողոսյանի խոսքով, այդ պահին աշխատող հոսքագծերն անտեր են մնացել, մինչդեռ այդ աշխատանքը պահանջում է ամենվայրկյանի հսկողություն։ Արդյունքում հսկայական քանակությամբ հումք է այրվել, հոսքագծերն են խափանվել․ «Երբ խնդրեցինք, որ մասնագետները գոնե մտնեն ներս` անջատեն մեխանիզմը, ժամեր հետո թույլ տվեցին, երբ արդեն խափանումներ էին եղել, ու վնասներ հասցվել»: Թե որքան է վնասի չափը, այս պահին Պողոսյանը չի կարող ասել։ ՔԿ աշխատակիցները կապարակնքել են գործարանի մուտքն ու ադմինիստրատիվ մասնաշենքը։ «Անորոշ ժամկետով կաթվածահար է մեր աշխատանքը, խոսքը շուրջ 1000 աշխատակցի զբաղվածության մասին է, որոնք փաստացի այժմ գործազուրկ են»,- ասաց Պողոսյանը։

Տնօրենի խոսքով, ՔԿ աշխատակիցները գրոհից առաջ ներկայացրել են դատարանի որոշում, որում նշված է եղել, որ աշխատասենյակներում խուզարկությունն արգելվում է, չնայած դրան եւ իրենց մատնանշմանը, որ դատարանը նման բան է գրել, իրավապահ մարմնի աշխատակիցները չեն ենթարկվել դատարանի որոշմանը եւ խուզարկել ու զննել են ողջ տարածքը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031