Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն՝ տնտեսական ճնշման ստվերում

Հուլիս 09,2026 11:00 Share

Փաշինյանի այցը՝ հայռուսական հարաբերությունների վերագործարկման փո՞րձ, հաշտեցման սկի՞զբ, թե՞ լարվածության ժամանակավոր մեղմացում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստան եւ Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումը կայացավ հայ-ռուսական հարաբերությունների վերջին ամիսների ամենաբարդ փուլերից մեկում։ Երկկողմ հարաբերություններում կուտակվել էին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի խնդիրներ։ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները, ապրանքների տարանցման արգելափակումները, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ապագայի շուրջ հնչող հայտարարությունները ստեղծել էին փոխադարձ անվստահության մթնոլորտ։ Այդ պայմաններում Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան աշխատանքային այցը հենց Ռուսաստան, ինքնին, կարեւոր քաղաքական ուղերձ էր, որը վկայում էր, որ Երեւանը, չնայած առկա տարաձայնություններին, չի հրաժարվում Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությունից ու չի էլ կարող հրաժարվել։

Հատկանշական է, որ այցին նախորդել էր հուլիսի 1-ին կայացած Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույցը, որի ընթացքում, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկվել էին «Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր», որոնք վերաբերում էին «առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային-հումանիտար ոլորտներին»։ Երկու կառավարությունների տարածած հաղորդագրությունների գրեթե նույնական բովանդակությունը վկայում էր, որ կողմերը նախընտրում էին հրապարակային հարթությունում չանդրադառնալ ամենացավոտ հարցերին՝ փորձելով նախ պահպանել երկխոսության քաղաքական մթնոլորտը։

Այդ հեռախոսազրույցը կայացել էր մի իրավիճակում, երբ ռուսական կողմն արդեն իսկ սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների ներմուծումը՝ պատճառաբանելով դրանք «որակի եւ ստուգումների ընթացքում արձանագրված խախտումներով»։ Սակայն, բոլորի համար էլ պարզ է, որ այդ քայլերն ընկալվում էին ոչ միայն որպես տեխնիկական կամ սանիտարական միջոցառումներ, այլեւ որպես քաղաքական ճնշման հստակ գործիք։ Այդ պատճառով էլ հեռախոսազրույցը կարելի է գնահատել որպես երկխոսության վերականգնման առաջին քայլը, որի շարունակությունը դարձավ Եկատերինբուրգի հանդիպումը։

Փաշինյանի այցը, իհարկե, խորհրդանշական նշանակություն ուներ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո սա նրա առաջին աշխատանքային այցն էր արտերկիր, եւ այն իրականացվեց ոչ թե եվրոպական որեւէ մայրաքաղաք, այլ՝ Ռուսաստան։ Այս հանգամանքը կարելի է դիտարկել որպես քաղաքական ազդակ, որ նոր ձեւավորված իշխանությունը, անկախ ներքին եւ արտաքին քաղաքական քննարկումներից, շարունակում է Ռուսաստանին դիտարկել որպես Հայաստանի կարեւորագույն տնտեսական եւ տարածաշրջանային գործընկերներից մեկը։ Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ թեեւ նախընտրական շրջանում Փաշինյանը հայտարարել էր նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին, այցի ընթացքում նման հանդիպում տեղի չունեցավ, իսկ պաշտոնական Մոսկվան ընտրություններից հետո հրապարակային շնորհավորանք չէր հղել Փաշինյանին։ Սա ցույց է տալիս, որ հարաբերությունների ամբողջական քաղաքական վերականգնման մասին խոսելը դեռեւս վաղ է։

Եկատերինբուրգում կայացած հանդիպման հրապարակային հատվածում Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց. «Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո՝ լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու համար», այնուհետեւ հավելեց, որ Հայաստանը «հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցում»։ Այս ձեւակերպումը կարեւոր քաղաքական ուղերձ էր ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ մյուս անդամների համար։ Վերջին ամիսներին բազմիցս հնչել էին հայտարարություններ, թե Հայաստանը պետք է հստակ ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Փաշինյանի հայտարարությունը փաստացի վերահաստատեց, որ այս փուլում պաշտոնական Երեւանը նման ընտրության անհրաժեշտություն չի տեսնում եւ շարունակում է իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ չհրաժարվելով ԵԱՏՄ անդամակցությունից։

Ի պատասխան՝ Միխայիլ Միշուստինը հայտարարեց, որ Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձեւավորված Հայաստանի կառավարությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ «բարեկամության եւ բարիդրացիության ոգով»։ Սակայն նրա ելույթի ամենակարեւոր հատվածը վերաբերում էր տնտեսական համագործակցությանը. «Կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար եւ ապահովի, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն»։ Այս հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանի առաջնահերթությունը ներկայում ոչ միայն քաղաքական հարաբերությունների կայունացումն է, այլեւ սեփական տնտեսական ներկայության եւ ներդրումների պաշտպանությունը Հայաստանում։ Հանդիպմանը ռուսական պատվիրակության կազմում «Ռոսսելխոզնադզոր»-ի, «Ռոսատոմ»-ի, «Ռուսական երկաթուղիներ»-ի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարների, ինչպես նաեւ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի մասնակցությունը եւս վկայում էր, որ օրակարգում գերակշռել են տնտեսական, ենթակառուցվածքային եւ էներգետիկ հարցերը։

Այցի կարեւորագույն ենթատեքստը, սակայն, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներն էին։ Ռուսական կողմը ամբողջությամբ արգելափակել էր հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը, ինչպես նաեւ բարդացրել էր հայկական ապրանքների տարանցումը դեպի ԵԱՏՄ մյուս երկրներ։ Այս քայլերը լուրջ հարված են հասցրել Հայաստանի արտահանող ընկերություններին եւ փաստացի կասկածի տակ են դրել ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը՝ ապրանքների ազատ տեղաշարժը։ Պատահական չէ, որ դեռեւս հունիսի վերջին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»։ Այս հայտարարությունը ոչ միայն արձագանք էր տնտեսական սահմանափակումներին, այլեւ քաղաքական ուղերձ ԵԱՏՄ բոլոր անդամներին, որ միության գործունեությունը չի կարող հիմնվել ընտրովի մոտեցումների վրա։

Արդյո՞ք այս հանդիպումը կարող էր հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի լարվածության մեղմացման։ Ներկայացված փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ կողմերը առնվազն քաղաքական կամք են ցուցաբերել երկխոսությունը շարունակելու ուղղությամբ։

Փաշինյանի այցը, նրա հայտարարությունը ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման հանձնառության մասին եւ Միշուստինի՝ նոր կառավարության հետ աշխատելու պատրաստակամության ազդակը վկայում են, որ ոչ Երեւանը, ոչ էլ Մոսկվան շահագրգռված չեն հարաբերությունների հետագա սրմամբ։ Միաժամանակ ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները չեն սահմանափակվում առանձին տնտեսական հարցերով։ Դրանք վերաբերում են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությանը, ԵԱՏՄ-ի ապագային, ռուսական ներդրումների պաշտպանությանը եւ տարածաշրջանային քաղաքական հավասարակշռությանը։

Արդյո՞ք Մոսկվան կմեղմացնի Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները։ Առկա տեղեկատվությունը դեռեւս  թույլ չի տալիս միանշանակ պատասխանելու։ Այս հանդիպումից հետո որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել սահմանափակումների անհապաղ վերացման մասին։ Սակայն հենց այն հանգամանքը, որ տնտեսական հարցերը դարձան Փաշինյան-Միշուստին հանդիպման առանցքային թեմաներից մեկը, իսկ բանակցություններին մասնակցում էին «Ռոսսելխոզնադզոր»-ի եւ տնտեսական բլոկի գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաները, հիմք է տալիս ենթադրելու, որ Մոսկվան պատրաստ է քննարկել խնդրի լուծման տարբերակներ։ Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի տնտեսական գործիքները դիտարկել նաեւ որպես քաղաքական ազդեցության միջոց՝ փորձելով ապահովել, որպեսզի Հայաստանը պահպանի կանխատեսելի քաղաքականություն ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ շարունակի ստեղծել բարենպաստ պայմաններ ռուսական կապիտալի համար։

Ի դեպ, ուշագրավ էին Փաշինյան-Միշուստին հանդիպման օրը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչեւի հայտարարությունները։ Նա հստակ ուղերձ հղեց Հայաստանին՝ «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կբավարարեն Հայաստանի էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների ընթացքում։ Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ատոմային էներգիան է, սակայն պահանջարկն աճում է, եւ դա կարող է հանգեցնել էներգետիկ հզորությունների պակասի առաջիկա տասնամյակներում, «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել էր Լիխաչեւը։ «Դրան պետք է պատրաստ լինել։ Մեծ կամ միջին հզորության կայան, 1 կամ 2 բլոկ, որոնք տասնամյակների ընթացքում կծածկեն առաջիկա էներգետիկ դեֆիցիտները: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին ատոմային իրավասությունների, նման արդյունաբերության առկայությունը որակյալ տնտեսության եւ արդյունաբերության նշան է», նշել էր նա։

Նա հիշեցրել էր, որ գործող Հայկական ԱԷԿ-ում ավարտվել է ծառայության ժամկետը մինչեւ 2031-ը երկարաձգելու հերթական փուլը՝ մինչեւ 2036-ը աշխատելու հեռանկարը, եւ որ իրականացված աշխատանքները թույլ են տվել նաեւ բարձրացնել կայանի հզորությունը 10%-ով (այդ աշխատանքներին մասնակցել են նաեւ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկությունները-խմբ): Ապա, Լիխաչովը հավելել էր, որ որպես համագործակցության հաջորդ քայլ, «Ռոսատոմը» ատոմակայանների նոր մոդելներ է առաջարկում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները կատարել են ընտրություն հօգուտ մոդուլային կայանի, սակայն դեռեւս չեն կողմնորոշվել ինչպես մոդելի, այնպես էլ մատակարար երկրի հարցում:

Նրա խոսքով, Հայաստանին իրենց առաջարկներն են ներկայացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Չինաստանը, եւ բոլոր տարբերակները ուսումնասիրվում են:

Իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երեւան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին: Սրան զուգահեռ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ 2023-ին կայանը եւ «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը համաձայնագիր էին ստորագրել համապատասխան աշխատանքներ իրականացնելու մասին, որոնք պետք է ապահովեն դրա աշխատանքն առնվազն մինչեւ 2036-ը։

Այսպիսով, Եկատերինբուրգում կայացած Փաշինյան-Միշուստին հանդիպումը դժվար թե դիտարկվի որպես հայ-ռուսական հարաբերությունների բոլոր խնդիրների վերջնական լուծմանն ուղղված բանակցային մեկնարկ։ Այն կարելի է գնահատել որպես երկխոսության վերագործարկման փորձ եւ փոխադարձ քաղաքական ազդակ, որ կողմերը պատրաստ են տարաձայնությունները տեղափոխել բանակցային հարթություն։

Հայաստանի համար առաջնահերթությունը մնում է տնտեսական վնասների նվազեցումը, արտահանման բնականոն վերականգնումը։ Մինչդեռ Ռուսաստանի համար կարեւոր է պահպանել տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը Հայաստանում՝ առանց հարաբերությունները հասցնելու ճգնաժամի։

Հետեւաբար, առաջիկա ամիսներին երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք քաղաքական երկխոսությունը կվերածվի գործնական քայլերի՝ առաջին հերթին առեւտրատնտեսական սահմանափակումների մեղմացման եւ փոխադարձ վստահության աստիճանական վերականգնման ուղղությամբ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել