Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան համաձայն չէ ուկրաինական թեմայով Բաքվի գնահատականներին, դրանք համարում է սխալ, սակայն չի տեսնում երկկողմ հարաբերության սպառնալիք եւ ելնում է իրավիճակի ռացիոնալ գնահատումից՝ կարեւոր համարելով երկկողմ բազմաշերտ հարաբերությունը։ Պեսկովն այդպես է արձագանքել օկուպացված Շուշիում անցկացված մեդիաֆորումի ընթացքում Իլհամ Ալիեւի հայտարարություններին, որ հնչել են ուկրաինական կոնֆլիկտի թեմայով՝ ի պատասխան Կիեւի ներկայացուցիչների։ Ալիեւը արտահայտել է պրոուկրաինական դիրքորոշում։ Ընդ որում, ըստ էության դա նոր բան էլ չէ։
Միեւնույն ժամանակ, նոր չէ եւ այն, որ Մոսկվան համառորեն «պրագմատիկ» է գնահատում Ադրբեջանի, այսպես ասած, հակառուսական ցանկացած գործողություն, լինի դա հարաբերություն Ուկրաինայի հե՞տ, թե՞ օրինակ՝ Բաքվում ՌԴ քաղաքացիների ձերբակալություն ու դատապարտում։ Տպավորություն է, որ Հայաստանի հարցում ցանկացած մանրուքից մեծ աղմուկ ստեղծող Մոսկվան Բաքվի հարցում փորձում է մանրացնել ցանկացած խնդիր եւ այդպիսով բացատրել դրա հանդեպ մեծ ուշադրության բացակայությունը։
Մոսկվան Երեւանից չի վախենում, իսկ Բաքվից վախենո՞ւմ է։ Հարցադրումը գուցե հնչում է շատ պարզունակ, բայց խոշոր հաշվով, ըստ երեւույթին, համարժեք է իրականությանը։ Ռուսաստանի կախվածությունն Ադրբեջանից այսօր անհամեմատ ավելին է, քան կախվածությունը Հայաստանից։ Եվ ավելին՝ Հայաստանից «կախվածությունը» Մոսկվայի համար ունի հակառակ տրամաբանություն։ Գուցե շատերի համար հնչի տարօրինակ, բայց Մոսկվան այսօր կախված է Հայաստանի հետ «լարված» հարաբերությունից, խնդրահարույց հարաբերությունից։
Հայաստանի հետ լավ հարաբերությունը նշանակում է պատասխանատվություն։ Իսկ պատասխանատվությունը պարզապես բարոյական երեւույթ չէ, այլ քաղաքական կատեգորիա, որը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում պահանջում է ռեսուրսային մեծ համախումբ։ Իսկ այդ տեսանկյունից Մոսկվան այսօր ունի պատասխանատվության առաջնահերթ ուղղությունների եւ ռեսուրսների հարաբերակցության խնդիր։ Հարաբերակցությունը հօգուտ ռեսուրսների չէ, հետեւաբար պետք է նվազեցնել պատասխանատվության անմիջական ուղղությունները, առնվազն մինչ հնարավոր կլինի էապես փոխել ուժերի հարաբերակցությունն ու իրերի դրությունն առավել առաջնահերթ ուղղություններում։ Իսկ պատասխանատվությունը նվազեցնելու միջոցը լարվածությունն ավելացնելն է։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































