«2026թ. հունվարի 1-ից ապահովագրված քաղաքացիների թիվն ավելացել է 14%-ով, և եթե տարեսկզբին խոսում էինք 1,6 մլն շահառուների սպասարկման մասին, ապա հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվն արդեն 1,8 մլն է, որոնցից ապահովագրական փաթեթի ծառայություններից օգտվել է 762 404-ը: Այդ աճի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։
Նա նշեց, որ 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող շահառուների աճը կազմել է ավելի քան 30%, ինչն իր կարծիքով պայմանավորված է առողջության ապահովագրության համակարգի կարևորությամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ։
«Սա հստակ ցույց է տալիս, որ համակարգը սպասված է եղել, ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների հասանելիությունն ուղղորդել է մեր քաղաքացիներին, որ դիմեն իրենց գործատուներին, որոնց բարի կամքի արտահայտությամբ իրենց աշխատավարձերի չափերի փոփոխությամբ ներառվեն ապահովագրության համակարգում»,- հավելեց նա:
Սամվել Խարազյանի ձևակերպմամբ՝ յուրաքանչյուր 2-րդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրական փաթեթի ծառայություններից կամ ստացել է որևէ դեղ: Իսկ միայն դեղ ստացող շահառուների թիվը 35 961 է։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ եթե հաշվի չառնվի դեղորայքի ծախսը, ապա մեկ շահառուի ծախսը միջինում կազմել է վերջին ամիսներին 60000 դրամին մոտ գումար, նաև ընդհանուր 6 ամիսների ընթացքում փոխհատուցվել են 102.4 մլրդ դրամի ծառայություններ և դեղեր, ծախսերի մեծ մասն ուղղված է եղել թանկարժեք և վիրահատությունների իրականացման ծախսերի ծածկմանը, վիրահատություններից շատերն ուղղված են եղել մարդկանց կյանքի փրկմանը և կյանքի որակի բարելավմանը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նշեց, որ մինչև 18 տարեկանների դեպքում անվճար եղել են իրենց պոլիկլինիկաներում միայն որոշակի նեղ մասնագետների խորհրդատվությունները, որը ներկայումս նույնպես ապահովում է պոլիկլինիկաների կողմից: «Մենք հիմա դիտարկում ենք բոլոր այն բժշկական կազմակերպությունների տվյալները, որպեսզի հասկանանք, թե ինչ պատճառներով է համավճար կիրառվել, արդյոք դա ամրագրված է եղել տնօրենի հրամանով, ում համար են այդ համավճարները կիրառվել և այլն: Դրանից հետո բոլոր հանրային աղբյուրներով և մեր կայքէջով այդ տվյալները կհրապարակենք և հասանելի կդարձնենք մեր քաղաքացիներին: Մեր քաղաքացիների ընտրությունն է, թե իրենք որ մասնագետին կընտրեն. այն մասնագետին, որի համար կիրառվում է համավճա՞ր խորհրդատվության դեպքում, թե՞ այն մասնագետին, որի համար չի կիրառվում:
Սահմանված են կանոնները, բժշկական կազմակերպություններին հնարավորություն է տրված, որպեսզի մասնագիտացված ծառայությունների, խորհրդատվությունների դեպքում կիրառեն համավճար, բայց դրա վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի հասանելի քաղաքացիներին»,- ասաց Սամվել Խարազյանը։
Ինչ վերաբերում է մեծահասակների հետ կապված ահազանգերին, որ իրենցից պահանջում են համավճար՝ այն ծառայությունների դիմաց, որոնք 2 ամիս առաջ ստացել են անվճար, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այսպես արձագանքեց. «Համավճարը կիրառվել է առաջին 5 ամիսներին, սակայն այդ մասին քաղաքացիները սկսել են բարձրաձայնել սկսած հունիս ամսից: Այժմ մենք տեղեկատվությունը հավաքում ենք, դիտարկում ենք, թե համավճարի կիրառումը տնօրենների հրամանո՞վ է, երբ է հաստատվել, երբ են փոփոխությունները կատարվել: Նաև հետևում ենք սոցցանցերի հրապարակումներին, առանձին անձանց հետ ենք կապվում, փորձում պարզել հանգամանքները»։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































