«Ո՞ւր է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հանցագործներ չեն։ Ո՞ւր է այն հայտարարությունը, որ միջազգային հանրությունը պիտի լսի եւ իմանա ճշմարտությունը։ Չկա այդպիսի դիրքորոշում, որովհետեւ այս իշխանության համար հարմար է լռել, հարմար է զոհաբերել իր իսկ քաղաքացիների արժանապատվությունը «կայուն երկխոսության» անվան տալ»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։
«Բոլոր այս դատավարություններն իրականում Հայաստանի մասին են, որպես իբր «հանցագործության աջակցող եւ կրող»։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատվում են ոչ թե հանցագործության համար, այլ որովհետեւ հայ են եւ ղեկավարել են իրենց ժողովրդին։ Մինչդեռ մեր երկրի իշխանությունը գերադասում է չտեսնել այդ ակնհայտ իրողությունը»,- ասաց նա։
Սյուզաննա Ավետիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստելու է ԱԺ հայտարարության տեքստ՝ ուղղված միջազգային հանրությանը, քանի որ ՀՀ պետական մարմինները դա չեն անում։
Նա ասաց, որ «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումից հետո Հայաստան է վերադարձել ընդամենը 4 հայ գերի։ «Մինչեւ ձեր հռչակած խաղաղության հաստատումը՝ գերիների վերադարձը տեղի է ունեցել ավելի հաճախ, որովհետեւ միջնորդներ են զբաղվել։ Սա ձեր ձախողման ապացույցն է։ Հիմա խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչո՞ւ են մեր հայրենակիցները Բաքվի բանտում։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ եք ամեն օր այս ամբիոնից, հեռուստատեսությամբ գոռում, մարդկանց կոչ անում՝ տեր կանգնեք խաղաղությանը, մի վտանգեք»,- նշեց պատգամավորը։
Կարդացեք նաև
«Խոսքս ամփոփեմ մեր մեծանուն բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքերով, որը նույնիսկ գերության մեջ գտնվելով՝ չի դադարել սովորեցնել մեզ՝ «ամենամեծ վտանգն անտարբերությունն է, սիրո հակառակ կողմը ոչ թե ատելությունն է, այլ՝ անտարբերությունը, բարու հակառակը ոչ թե չարությունն է, այլ՝ անտարբերությունը»։ Հարգելի գործընկերներ, եկեք չլինենք անտարբեր մեր տասնյակ գերիների, մեր Արցախի ղեկավարների հանդեպ, ովքեր դատվում են միայն այն բանի համար, որ հայ են»,- ասաց Սյուզաննա Ավետիսյանը։
Սյուզաննա Ավետիսյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, քանի որ մեկնում են Էջմիածին՝ մասնակցելու Վեհափառի գործով դատավարությանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































