«Ամենակարևոր մոտեցումը Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, որի հիմքում, եթե չեմ սխալվում՝ այս պահին ընդունված ռազմավարությունն է՝ Արցախի նախագահի հրամանագրով, որտեղ ներկայացվում են այն ուղղությունները, թե ինչպես պետք է շարժվենք։ Սրա առաջնորդությունը պետք է դրված լինի Արցախի իշխանությունների վրա։ Արցախի իշխանությունները պետք է թելադրեն այն օրակարգը, որի պայմաններում ՀՀ քաղաքական ուժերը պետք է աշխատեն և փնտրեն նոր լուծումներ։ Իշխանության մոտեցումները բոլորին պարզ են, բայց այս պահին ավելի կարևոր է, թե այդ իրողությունների պայմաններում ինչպես են շարժվելու քաղաքական ուժերը։ Կարևոր եմ համարում, որ Արցախի իշխանությունները նախաձեռնեն քաղաքական կոնսուլտացիաների փուլ՝ հասկանալու այն մոտեցումները, որոնք հայաստանյան դաշտում գործող հիմնական ուժերն ունեն»,-Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչպես բոլորս միասին պետք է կարողանանք Արցախի հարցը նորից թեժացնել թե′ միջազգային հարթակներում, թե′ ընդհանրապես մեր ժողովրդական ալիքը բարձրացնենք․ «Անգամ անհրաժեշտություն կարող է լինել, որ նորից Ղարաբաղ կոմիտե ստեղծենք, որ ամեն օր զբաղվի այդ հարցով, բերի նոր ձևաչափ, և հասկանալի լինի, թե քայլ առ քայլ ինչպես ենք դրան հասնելու։ Մենք պետք է հանդես գանք այս համակարգի դեմ պայքարով․․․․ Քանի այս ռեպրեսիվ համակարգը ՀՀ-ում գործում է, մենք հաջողության չենք հասնի։ Նիկոլը մեկին էլ, երկուսին էլ, երեքին էլ կազատի, բայց համակարգը գործելու է, թույլ չի տալու, որ նորից Արցախի հիմնահարցը բարձրացնենք այն աստիճանի, որը կար 1988-ից սկսած»։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































