Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնավորյանը հրաժարական է տվել

Նոյեմբեր 22,2011 13:32

Հավանաբար նա ստեղծագործական կյանքը կկապի հայրենիքի հետ

Շուրջ մեկ տարի առաջ Գլենդելի քաղաքային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր դարձած Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել եւ վերադարձել ծննդավայր Իրան:

Ասում են, որ նա արտահայտվել է, թե 2012-ից ստեղծագործական կյանքը մտադիր է կապել դարձյալ հայրենիքի հետ, այս անգամ՝ ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, Ճգնավորյանի հրաժարակը հրահրված էր ամերիկաբնակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկի՝ 1991թ.-ից Մոսկվայի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանդին Օրբելյան կրտսերի «գործոնով»: Ըստ մեր տեղեկությունների՝ 1989թ., երբ ստանձնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, Ճգնավորյանը «արշավանք» կազմակերպեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարկի տակ հավաքված երաժշտական եւ պարային կոլեկտիվների դեմ: Վերջինների թվում նա համերգասրահից «արտաքսեց» Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ Կ. Օրբելյանի ղեկավարությամբ: Հավանաբար սա էր գլխավոր պատճառներից մեկը, որ արեւմուտքում ճանաչված էստրադային նվագախմբերից մեկը գրեթե կազմաքանդվեց, իսկ Օրբելյանը հայտնվեց օվկիանոսից այն կողմ: Կ. Օրբելյանը դրանից հետո հիմնականում սկսեց «երեւալ» հայկական շրջանակներում կազմակերպված երգի փառատոներում՝ համագործակցելով տեղի եւ Հայաստանից գնացած ռաբիս երգիչների հետ: Հավանաբար 20 տարի անց մաեստրո Օրբելյանը վրեժն է լուծել զարմիկի միջոցով, ում հանգուցյալ հայրը մուլտիմիլիոնատեր է եւ մեծ կապեր ունի ամերիկյան ազդեցիկ շրջանակներում:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներին Լ. Ճգնավորյանին առաջարկվել էր մշակույթի նախարարի պաշտոնը, որից նա հրաժարվել էր՝ հանուն ստեղծագործական ծրագրերի:

Այսօր հիշելով Ֆիլհարմոնիկի ճգնավորյանական տարիները, որոշ երաժիշտներ բարձրաձայնում են, թե նա դիրիժոր չէր եւ ոչ էլ կոմպոզիտոր, պարզապես գիտակ բիզնեսմեն էր: Հիշեցնենք Իրանի շահի խոսքերը. «Ճգնավորյանը մի մարդ, մի կուսակցություն է, որը ոչ տալիս է, ոչ էլ վերցնում»:

Ասում են, իբր, նրա ստեղծագործությունները «շողուլի» է բերում ճանաչված կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում պարոն Մավիսակալյանը հայտեց, որ ինքը ընդամենը գործիքավորում է Ճգնավորյանի ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի համար: Նշենք, որ Ճգնավորյանը, ի թիվս մի շարք կամերային-գործիքային կոնցերտների, երգչախմբային, նվագախմբային գործերի, հեղինակ է նաեւ 3 օպերայի՝ «Աղավնավանք», «Ռոստամ եւ Սոհրապ», «Փարդիս եւ Փարիսա» եւ 3 բալետների՝ «Ֆանտաստիկ պարեր», «Սիմորղ», «Օթելլո»: Ժամանակին մեզ տված հարցազրույցում Ճգնավորյանը ասել էր, որ ինքը 1954-61թթ. սովորել է Վիեննայի Երաժշտական ակադեմիայի ստեղծագործական, ջութակի եւ խմբավարության դասարաններում, 1965-70թթ. էլ՝ Միչիգանի համալսարանում: Որպես հրավիրյալ դիրիժոր էլ հանդես է եկել Նյու Յորքի, Հելսինկիի, Հալլեի եւ այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ղեկավարել Լոնդոնի Ազգային, Լիվերպուլի Թագավորական նվագախմբերը:

Իհարկե, չի կարելի ուրանալ այն աշխատանքը, որ մատուցեց Ճգնավորյանը մեր երաժշտարվեստին: Նախ նա 1990-ականներին ստեղծեց եւս մեկ՝ Երեւանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, պլյուս Ֆիլհարմոնիկի երգչախումբը: Նա մեր Ֆիլհարմոնիկը կարողացավ միջազգային ասպարեզ հանել: Այս ամենը, անկասկած, բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ: Հայաստանում աշխատելու տարիներին Լ. Ճգնավորյանը ներկայացրել է պատանի տաղանդների՝ Ալեքսանդր Չաուշյան, Լիլիթ Դանիելյան, Վարդան Մամիկոնյան եւ այլն ու նպաստել է նրանց հետագա ստեղծագործական աճին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930