Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»

Մայիս 14,2013 12:04

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչի շուրջ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խոսելու, քննարկելու համար։ Ե՞րբ է լինելու քաղաքական օրակարգ, ե՞րբ է լինելու առաջարկ, կոնկրետ գործողությունների պլան՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսքով։ Հրավիրվեն, որ ի՞նչ անեն։ Ե՞րբ է լինելու այս հարցի պատասխանը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հավաքի հրավերին, որը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին «Անի» հյուրանոցում։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, թե հասել են այն խաչմերուկին, որտեղ, իր կարծիքով, բոլորը պետք է մտածեն սերնդափոխության մասին. «Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար։ Ես պատրաստ եմ դրան»,- հայտարարել էր նա։

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք սերնդափոխության խնդրի քննարկումը առիթ կամ օրակարգ չէ՞ հանդիպման համար, ինչին ի պատասխան՝ Ուրիխանյանը նշեց. «Այս ի՞նչ սերնդափոխության մասին է խոսքը։ Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետաքրքրում են քաղաքական ուժերի գործողությունները, որոնք կհանգեցնեն իրենց իսկ կյանքի որակական փոփոխությանը։ Ի՞նչ գործողությունների մասին է այս դեպքում խոսք գնում, քաղաքական ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Ոչ միայն մեզ, քաղաքական մյուս ուժերին, այլև՝ ժողովրդին, պետք են այս հարցերի պատասխանները»։

Քաղաքական գործիչներն, ըստ Տիգրան Ուրիխանյանի, պետք է փոխվեն ոչ թե՝ ըստ տարիքի, այլ՝ ըստ աշխատանքի որակի։ Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ, պետական կառավարման համակարգում պետք է լինեն բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր ունակ են իրականացնելու արդյունավետ վարչարարություն. «Ուրիշ ի՞նչ այլ հատկանիշների մասին է խոսքը։ Եթե «սերնդափոխություն» բառը ժողովրդի համար պարզապես ականջահաճո բառ է, ապա այլ բան, իսկ եթե դրա տակ ինչ-որ բան է ենթադրվում, թող բացատրեն, հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը։ Ես կենսաբանական, տարիքային, ռասայական, կրոնական, սեռական և այլ պատկանելությունից կախված չեմ դիտարկում պետական ու քաղաքական գործիչներին, այլ՝ որակյալ աշխատանք ունենալու տեսանկյունից»։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ առաջնորդն, այնուամենայնիվ, մասնակցի մայիսի 19-ի հավաքին, Տ. Ուրիխանյանը պատասխանեց, թե մինչև ԲՀԿ-ն չունենա առաջարկ՝ հստակ քաղաքական օրակարգի, գործողությունների պլանի տեսքով, չի կարող քննարկել այդ հարցը։ «Մենք ի՞նչը քննարկենք, ո՞ւր գնանք։ Գնանք, որ ի՞նչ անենք»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական օրակարգային առաջարկը, որպեսզի ընդունելի դառնա ԲՀԿ-ի համար, կուսակցության խոսնակը պատասխանեց. «Իմ կարծիքով, պետք է լինեն կետեր, որոնք կտանեն փոփոխությունների։ Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում։ Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն»։

Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հավաքի հրավերն ընդունել- չընդունելու հարցը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «Սա ուշացած քայլ է։ Փնտրում էր փողոցում հանդիպում, սրճարանում հանդիպում, հիմա արդեն հմտացել է։ Սա պարզապես, ըստ էության, PR քայլ է, թե իբրև գործողություն են կատարում, բայց ուշացած է»,- նշեց նա։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031