Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում լինել եվրոպացի

Հոկտեմբեր 18,2017 10:07

Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ե՛ւ ցավալի է, ե՛ւ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց եւ սարքել հերթական «մայդանը»: Հետեւաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ այդ ընտրությունը եվրոպական է միայն արտաքին դրսեւորումներով: Ես հակված եմ երկրորդ պատասխանին:

Եվրոպացի լինելը հրաշալի է: Բայց եկեք մտածենք, թե ինչ է դա իրականում նշանակում: Դժվարանում եմ այս պահին ձեւակերպել, բայց կարող եմ մոտենալ խնդրի հակառակ ծայրից: Կարելի է լինել եվրոպացի եւ չունենալ առանց վիզաների ռեժիմ Եվրամիության հետ: Կարելի է լինել եվրոպացի եւ անհարկի կռիվների մեջ չմտնել Ռուսաստանի հետ: Լինել եվրոպացի եւ չողջունել միասեռականության քարոզչությունը: Լինել եվրոպացի եւ նվիրված լինել քո ընտանիքին: Լինել եվրոպացի եւ եղբայր համարել հարեւան իրանցիներին: Կարելի է լինել եվրոպացի եւ հպարտանալ, ու դու հայ ես, Հայաստանի քաղաքացի: Լինել եվրոպացի եւ գնահատել դարերի ընթացքում քո ժողովրդի ստեղծած հոգեւոր արժեքները:

Մի խոսքով՝ այն, ինչ որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության եւ նրա տեղացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաեւ այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են, երբեմն համընկնում են, բայց որեւէ կապ չունեն իրական եվրոպական արժեքների հետ: Եվ մեր «բախտակիցների», հետխորհրդային պետությունների փորձը հենց դա է ցույց տալիս:

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը թեեւ արժե ստորագրել, բայց այն որեւէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան, որ քո պետական եւ ոչ պետական հաստատություններում կներմուծվի արեւմտյան աշխատաոճը, որ դու կնվազեցնես կոռուպցիան եւ կհասնես տնտեսական բարգավաճման: Ինչպես մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում քրիստոնյա, այնպես էլ արտաքին դրսեւորումները՝ տների ու հիմնարկների ճակատին ԵՄ դրոշները կախելը կամ նույն առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռեւս չեն դարձնում եվրոպական: Վրաստանը նույնքան հեռու է Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որքան Հայաստանը՝ անկախ այն առասպելաբանությունից, որը մենք երբեմն լսում ենք: Էլ չեմ ասում Ուկրաինայի մասին, որն այսօր առավել ծանր վիճակում է:

Արժե՞ արդյոք նմանվել վերոհիշյալ եվրոպական երկրներին: Այո, ինձ թվում է՝ շատ բաներում պետք է ձգտել նրանց նմանվել: Ինչը չարժե անել՝ շտապել եւ արտաքին բաների հետեւից ընկնել: Պետք է հասկանալ այն առանցքը, որի շուրջ ստեղծվել է այդ հզոր քաղաքակրթությունը: Բնականաբար, դա առանձին խոսակցություն է, բայց վստահաբար կարելի է ասել՝ դա այն չէ, ինչին հասել են Վրաստանն ու Ուկրաինան: Չնայած այդ երկրների վերջին 10-15 տարիների փորձը մեզ համար չափազանց ուսանելի է թե՛ դրական եւ թե՛ բացասական իմաստով:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ գիտակցութեան հասած հային համար, եւրոպացի դառնալը իջեցում է, քաղաքակրթական downgrading:

    Եւրոպացին թող ջանայ հայ դառնալ:

    • Ara Kirakosyan says:

      Պատկերացումները Եվրոպայի մասին ըմդհանուր առմամբ աղավաղված են ներկայացված: Սակայն առավելապես համաձայն չեմ Հ.Շ.- ի “downgrading”- ի հետ:
      Ժամանակին երբ ռուս գիտնականներից մեկն այցելել էր Հայաստան ուղղակի շշմած էր հայկական զուգարաններից (համալսարան, ակադեմիա և այլ կրթական օջախների մասին է խոսքը): Բառացի մեջբերում եմ նրա խոսքերը “Հայերը խոսում են հազարամյակների կուլտուրայից բայց նույնիսկ զուգարանից օգտվել չգիտեն…”

  2. Ruben says:

    Կա պետության պետականության առանցք: Ունի Մեծ Բրիտանիան, , Ռուսաստանը, Չինաստանը, մի քանի եվրոպական երկրներ…):
    Ո՞րն Հայկական պետականության առանցքը:
    Ո՞վ գիտի:

  3. մարդամեկ says:

    Տեսնելով հայկական հեռուստատեսության սերիալները կարծում եմ ավելի շուտ կնմանվենք հնդիկներին ( չշփոթել հնդկացիների հետ) , ինչու չէ ՞ (:

  4. Ashot says:

    “որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության …, ինչպես նաեւ այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են”

    Եվ այս ամենի հիման վրա որևիցէ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ չեք ցանկանում անե՞լ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031