Լրահոս
Օրվա լրահոսը

Արջի ծառայություն

Նոյեմբեր 11,1995 11:33

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը գրանցել, որ նույնն է՝ գործելու իրավունք է տվել տասնյակ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների:

Այդ շարքում է նաեւ իր «փառավոր անցյալի» ստվերներին կառչած կոմունիստական կուսակցությունը և այս գնահատականս ընդամենը մեկն է այն հազարավորներից, որոնց վերջերս տեղին թե անտեղի արժանանում է սույն կուսակցությունը։ Արդեն նկատեցիք՝ միակ գնահատականս էլ խիստ աչառու է։ Դա դեռ ջրբաժանը չէ. ես խորապես վստահ եմ, որ «արժանի» մակդիրները կարելի է անընդհատ շարունակել առանց տատամսելու, թե խոսքի սլաքը հանկարծ իր հետ պարսավանք կտեղափոխի: Խնդիրն այն է, որ ոմանք ջրբաժանն էլ են ոստնում մակդիրները սկսելով վայելուչ-ընդունելիից մինչեւ անարգանք սերմանողները: Երեւի պատճառն այն է, որ լեզուն ոսկոր չունի, իսկ թղթին շարվող տառերը՝ նույնիսկ լեզու:

Ահա եւ «Հայաստանի Հանրապետութիւն» անհայտ պատկանելության օրաթերթի թիվ 279-ի թուղթն անմռունչ իր վրա է կրել «Մեր խոսքը դարձավ «Հայաստանի կոմունիստ» վերտառությամբ նյութը՝ Գ.Մ. ստորագրությամբ։ Լրագրողները սովորաբար սկզբնատառերով ստորագրում են, երբ նույն համարում մի քանի հոդված են ունենում եւ չեն ցանկանում իրենց անուն-ազգանուններով ընթերցողին ձանձրացնել։ Այստեղ նրբավարության նման արտահայտություն չտեսա՝ թերթի հսկայաչափ էջերի տիրակալը «Արմենպրես»-ն էր, որը կրկնվում էր… 23 անգամ: Ընդամենը 5 հեղինակային անուններից ոչ մեկը Գ. Մ.-ով չէր սկսվում։

Հոդվածագրի իրավունքն է՝ կարող է եւ թաքնվել։ Շատերը չեն էլ թաքնվում՝ անթաքույց ուռճացնում են տպագիր խոսքի ապականիչների զորաբանակը: Նրանց ամբարտավանությունը հասել է թողտվության այն աստիճանին, ուր թագավորում են բառի իմաստը չհասկանալը, քերականություն չիմանալը, սեփական մտքի ծվեն չունենալը, անարգել ստելն ու խեղաթյուրելը: Այս մեկը գոնե խոհեմ է եղել՝ իսկական անունը զատել է զորաբանակից։ Բայց ինքն էլ ուղիղ ճանապարհ չի ընտրել՝ գնացել է արժեքները նենգափոխելու սայթաքուն կածանով։ Նրա կարծիքով «Մեր խոսքը» թերթի վերանվանումը «Հայաստանի կոմունիստ»-ի՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ… «գիշերանոթի փոփոխություն»։ Ծանոթ մի թերթից փոխառված այս արտահայտությունը մի հատիկ զորությամբ է օժտված՝ առաջացնում է ընթերցողի գարշանքը։ Կարծես գործ ունես ոչ թե տպագիր խոսքի ու այն կարդացող մտավորականի, այլ փողոցային թերթոնի հետ:

Աչքի այս վիրավորանքով ի՞նչ են ուզեցել ապացուցել, որ կոմունիզմի միակ ունեցածը ուրվականն է եւ նրա հանգրվանի ամենածիծաղելի վայրը Հայաստա՞նը։ Ո՞ւմ հայտնի չէ դա: Ո՞վ չգիտի, որ հիշյալ կուսակցության պարագլուխների հանցավոր խղճին են ծանրանում հայկական պատմական տարածքների զգալի մասի կորուստը֊, ժողովրդի ընտրախավի պարբերական ոչնչացումը, գիտամշակութային վերելքի կոպիտ կասեցումը եւ այլ ոճիրներ։ Սակայն, ժամանակակից հայ կոմունիստները, որոնց գերակշռող հատվածը բաղկացած է ազնվագույն անհատներից, ընդունում են այդ հակահայ հանցագործությունները։

Սա է ելակետը։ Սրանով է որոշվում թույլատրելիության սահմանը։ Մնացած դեպքերում մարդն ազատ է՝ ցանկացած գաղափարախոսության կամ հավատքի դավանելու։ Եվ եթե պետությունն էլ նրան այդ իրավունքն արտոնում է, ոչ ոք, մանավանդ ծպտյալ մեկը, իրավասու չէ պետական գործերին միջամուխ լինելու: Այստեղ, սակայն, միջկուսակցական հակամարտություն է։ Մի նրբություն՝ այս առիթով, դուք հայ կոմունիստին համարում եք «ամենակոմունիստը», այդ բառում ամփոփելով ծաղրական բազում իմաստներ։ Եթե կարծում եք, որ այդ ինքնանվանումը որդեգրած մեկը հարգանքի արժանի չէ, ինչո՞ւ եք ցանկանում տպագիր խոսքի ուժով նրան տարհամոզել։ Թող «ամենակոմունիստ» էլ մնա։ Աստված իր հետ: Ուրեմն դրան է արժանի։ Միայն պետք է հիշեիք, որ մամուլն ինքը արժանի էր «գիշերանոթային» տրամադրություններով չլցվելու: Եթե ձեր գաղափարական ախոյանին ու ընթերցողին չեք հարգում, գոնե հարգեիք այն ընտրյալ կուսակցականներին, ովքեր կցանկանային «ցերեկային» մրցակիցներ ունենալ։ Պատվերը կատարելու փոխարեն ձեր սիրելիներին արջի ծառայություն եք մատուցել:

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930