Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Ադբաշյանը նորից կվերադառնա իր պաշտոնին

Մայիս 14,1998 00:00
adbashyan

Եթե հրավիրեն

Խոսրով Հարությունյանի վարչապետության ամիսները նշանավորվեցին նաեւ հենց իր աշխատասենյակում՝ Հայաստանի ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի ձերբակալությամբ։ Այս թեման տարիների փոշուց չէինք հանի, եթե այսօր նորից քննարկման առարկա չդառնար պրն Ադբաշյանի՝ դարձյալ նույն պաշտոնի հավանական թեկնածությունը, թեեւ դատական գործը դեռ փակված չէ, եւ պրն Ադբաշյանին այդպես էլ չեն ասել՝ ի վերջո անմե՞ղ էր, թե՞ մեղավոր։

«Ինձ ներկայացված էին անհեթեթ մեղադրանքներ»

– Պարոն Ադբաշյան, նախ՝ ինչո՞վ ավարտվեցին «Թաշճյան թրեւլ» ավիաընկերության հետ անախորժությունները, որի պատճառով ձեզ կալանավորեցին։

– Իմ ձերբակալության պատճառներն այլ էին եւ կապված չէին ձեր նշած հարցի հետ։ Ինձ հինգ մեղադրանք էին ներկայացրել։ Անուններ չեմ տա, բայց այն ժամանակ ինձ քննող քննիչին ասացի, որ պատերազմի ժամանակ իր նմաններին գերմանացիները ոստիկան էին դարձնում։

– Ինչո՞ւ չեք ուզում անուններ տալ։

– Աստված իր հետ։ Գործի մեջ էր, ինքն էլ ինչ-որ մեկի կարգադրությունն էր անում։ Ես Աստծուն չեմ հավատում, բայց համոզված եմ, որ նա իր Աստծո հետ հաշիվներ ունի մաքրելու։ Մեղադրանքներից մեկն այն էր, որ ես իմ պաշտոնը չարաշահելով՝ ինքնագլուխ փոխել եմ հայկական ավիացիայի գլխավոր վարչության կառուցվածքը։ Ես կառավարության որոշմամբ 420 էջանոց փոփոխությունների, առաջարկությունների մի փաթեթ էի պատրաստել, ուր նշված էին հայկական ավիացիան նորմալ աշխատեցնելու ճանապարհները։ Քննիչը հասկացավ, որ այսպիսի մեղադրանք ինձ ներկայացնելը անհեթեթ է։

– Ձեզ մեղադրել էին նաեւ կաշառք վերցնելու համար։

– Գիտեմ, մի քանի տասնյակ հոգու կանչել էին ու համոզել, որ ցուցմունք տան՝ իբր ինձ կաշառք են տվել։

– Մինչ հաջորդ մեղադրանքները ներկայացնելը գուցե ասե՞ք, թե ո՞ւմ էր պետք ձեզ մեկուսացնել, եւ ի՞նչ էր շահում այդ մեկը։

– Իմ ձերբակալումը ես ոչ մի անձի հետ չեմ կապում եւ չեմ էլ ուզում, ինչպես ասացի, անուններ տալ։ Ես գիտեմ, որ դա ձեռնտու էր ոչ թե մեկին, այլ շատերին, կային քաղաքական ուժեր, որոնք դեմ էին, որ ես իրականացնեմ իմ ռեֆորմը։ Եթե ես այն իրականացնեի, այսօր մեր ավիացիայի վիճակը այսպիսին չէր լինի։ Ինձնից հետո եկան ուրիշները՝ ճանաչված ազգանուններով, ինչպիսին, ասենք, Շահեն Պետրոսյանն է, որը ինձ համար ՀՀՇ-ի մարմնացումն է։ Մարդ, որը գործից ոչինչ չի հասկանում։ Թերթերից մեկում գրվեց, որ Շահենը մանուկ ժամանակ թղթից ինքնաթիռներ է պատրաստել ու ավիացիայի հետ կապ ունի միայն այդքանով։ Նա զբաղեցրեց այդ տեղը եւ ահա թե ուր հասցրեց մեր ավիացիան։ Ինձ ներկայացված 4-րդ մեղադրանքն այն էր, որ իմ իրավաբանին, ռեֆորմի փաթեթը իրավաբանորեն վերանայելու համար, վճարել եմ։ Իսկ վճարել էին այն գումարը, որը վճարում են մեքենագրուհուն (մեկ էջի համար՝ 25 կոպեկ)։ Իրավաբանն աշխատել էր 430 էջի վրա, նրան վճարեցի 430 x 25 կոպեկ։ Ինձ մեղադրեցին, որ ես նրան չափազանց բարձր աշխատավարձ եմ տվել, որի իրավունքը, իբր, չունեի։ Այս հարցն էլ մինչեւ հիմա փակված չէ։ Մնացած մեղադրանքներն էլ են նույնքան անհեթեթ։ Ի՞նչ ասեմ։

«Մենք ձեզնից այլ բան էինք սպասում»

– Պարոն Ադբաշյան, ձեր ռեֆորմների ծրագիրը կառավարության հավանությանն էր արժանացել։ Ինչպե՞ս եղավ, որ այն հետո ձեր դեմ շուռ եկավ։

– Այո՛, փաթեթը մեծ գովասանքների արժանացավ, ու սեպտեմբերի 10-ի կառավարության նիստին ես այն պետք է ներկայացնեի (ինձ ասել էին, որ դա կտեւի 15-20 րոպե, քանի որ առարկություններ, ըստ էության, չկան), ու այն պիտի հաստատվեր։ Սակայն սեպտեմբերի 9-ին ինձ հրավիրեց Խոսրով Հարությունյանը ու սկսեց հարցուփորձ անել, թե ինչով եմ ես զբաղվել։ Պատասխանեցի, որ մինչեւ Հայաստան գալս, մեր ավիացիայի եկամուտների գզալի մասը կորչում էր, այսինքն՝ մտնում էր Ռուսաստանի ու այլ երկրների բյուջե, քանի որ Հայաստան վերադարձողների տոմսերի գումարը մնում էր այդ պետություններին։ Մենք պարտք էինք Վնուկովոյին, որը պայման էր դրել. մինչեւ պարտքերը չփակենք՝ չեն համագործակցի մեզ հետ։ Ես մեկնել եմ Մոսկվա, խոսել եմ ավիացիայի դեպարտամենտի տնօրենի հետ, որն իմ լավ բարեկամն էր, բանակցեցինք, ու ամեն ինչ հարթվեց։ Սա եւ նմանատիպ շատ այլ շահավետ բանակցությունների մասին ասացի Խոսրով Հարությունյանին, որը ամեն պատմությունից հետո ասում էր. «Մենք ձեզնից այլ բան էինք սպասում»։ Թե ի՞նչ էին սպասում, այդպես էլ չիմացա։

Առիթից օգտվելով

– Ես չէի ուզենա, որ տայիք Խոսրով Հարությունյանի անունը, բայց եթե տալու եք, գրեք, որ ես իրենից շնորհակալ եմ, ինձ կալանքից ազատելու նպատակով խորհրդարանում ստորագրություն տվողներից առաջինը այն ժամանակ, համոզված եմ, Խոսրով Հարությունյանն է եղել։

Նախկին պաշտոնի վերականգնումը հնարավոր տարբերակ է

– Պրն Ադբաշյան, արդեն զրույցներ են պտտվում, որ ձեզ առաջարկել են վերադառնալ ավիացիայի բնագավառ եւ աշխատել որպես վարչության պետ։

– Ինձ պաշտոնապես որեւէ առաջարկություն չի եղել։

– Եթե լինի՝ կընդունե՞ք։

– Եթե, նորից եմ ասում՝ եթե լինի, կմտածեմ, բայց գտնում եմ, որ ես կարող եմ շտկել այսօրվա ահավոր վիճակը։

– Վիճակը, իրոք ահավոր է, քանի որ սեփական ինքնաթիռներ համարյա չունենք, բայց որքան էլ զավեշտական է, դրանցից մի քանիսը վարձակալության ենք տվել Իրանին։

– Իրո՛ք ծիծաղելի է։ Ես կարծում էի, որ ճգնաժամից հետո մենք՝ ավիացիայի աշխատողներս, անփոխարինելի կլինենք։ ՀՀՇ-ի պաշտոնյաներից մեկն ինձ ասաց. «եկեք ընդունվեք մեր շարքերը, ձեզ կգնահատենք»։ Ես հրաժարվեցի, քանի որ նրանց ծրագրում կարդացի, որ մենք պետք է լինենք անկախ պետություն։ Մենք անկախ պետություն, ըստ էության, լինել չէինք կարող, որովհետեւ անգամ Ամերիկայի պես պետությունը ղեկավարվում է Իսրայելի կողմից։ Ինքնաթիռները աշխատում են, շահույթ բերում, բայց այդ շահույթը չի օգտագործվում ինքնաթիռները վերանորոգելու նպատակով։ Չունենք նաեւ մարդկային ռեսուրսներ։ Իսկ այն ինքնաթիռները, որ վարձով տվել ենք պարսիկներին, պետք է վերադարձնենք ու ծառայեցնենք մեր ժողովրդին։

Պարադոքս

– Գիտե՞ք որն է մարդկային պարադոքսը, որ իմ դեմ անստորագիր նամակներ ու զրպարտագրեր գրողները այսօր ղեկավարում են ավիացիան ու այն նույն ոլորտը, որի ստեղծման համար ես պայքարում էի, իսկ իրենք՝ խանգարում։ Ինձ փորձել են ամեն ձեւով վարկաբեկել, համարել են մաֆիայի պարագլուխ, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ այդպես չէ, որ ես ազնիվ մարդ եմ։

– Դուք մտադրություն ունեի՞ք թողնել Հայաստանը։

– Ես կմնամ Հայաստանում, քանի որ դեռ պետք եմ։ Հավատում եմ, որ կարող եմ Հայկական ավիացիան դուրս բերել այս վիճակից, քանի որ հարցերը լուծվում են ոչ միայն ի պաշտոնե, այլեւ մարդկային հարաբերություններով։ Հասկացա՞ք ինձ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031