Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ, հյուրընկալ, շատերի համար՝ փոքր-ինչ էկզոտիկ երկրում»

Հոկտեմբեր 01,1998 00:00
FAO

Այսօր, սեպտեմբերի 30-ին, Երեւանում բացվեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության (FAO) Կանանց հիմնախնդիրներով հանձնախմբի աշխատանքային 9-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին մասնակցում էր 17 երկրներից երկուական ներկայացուցիչ։

Իններորդը՝ Հայաստանում

FAO-ի Կանանց հիմնախնդիրներով հանձնախմբի նախորդ 8-րդ նստաշրջանը անցկացվել է 1996 թ. Իսլանդիայում, որին իր մասնակցությունն է ունեցել նաեւ Հայաստանը։ Այնտեղ էլ որոշվել է հաջորդ նստաշրջանն անցկացնել Երեւանում, այն փաստարկումով, որ դա «նոր չափումներ կտա հանձնախմբի գործունեությանը»։ Ըստ Կանանց հիմնախնդիրներով հանձնախմբի խորհրդի նախագահ Ելա Տվերդենովայի (Սլովակիա), մասնակիցները շատ էին ուրախացել, որ նստաշրջանը տեղի էր ունենալու «փոքրիկ, հյուրընկալ եւ իրենցից շատերի համար՝ փոքր-ինչ էկզոտիկ երկրում»։

Դե ինչ, թող իրենց ուրախությունը նաեւ արդյունավետ լինի գալիք երեք օրերի ընթացքում։ Այսօր նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցում էին եվրոպական երկրներից պատվիրակներ, նաեւ՝ հյուրեր Հայաստանից ու միջազգային արտասահմանյան կազմակերպություններից։

Մենք եւս առավելություններ ունենք

Այս նախաձեռնության համակազմակերպիչներից Ինեսա Գաբայանն ասաց, որ «հյուրընկալող երկիրը՝ այսինքն մենք, ունենք այն առավելությունը, որ անդամ երկրներից ընդամենը հինգ զեկուցող են ներկայացնելու իրենց երկրները, այդ թվում՝ Հայաստանը»։ Թեման նույնն է, ինչ այս նստաշրջանի թեման. «Հաջորդ տասը տարիների ընթացքում կանանց առաջ ծառացած հիմնախնդիրները եւ կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին»: Խոսքն, իհարկե, գյուղի կնոջն է վերաբերում։

Նստաշրջանը բացվեց FAO-ի քարտուղար Ջինյա Թրուիթի խոսքով։ Քարտուղարն ամերիկուհի է եւ աշխատում է FAO-ի կազմակերպության գրասենյակում՝ Հռոմում։ Ողջույնից հետո նա ասաց, որ նստաշրջանի՝ Հայաստանում անցկացնելը, կօգնի մասնակից երկրներին հեշտացնելու գյուղական շրջանների իրենց գործունեության փորձի փոխանակումը։ Խոսեց այն մասին, որ իրենք կարեւոր են համարում գյուղի զարգացման հարցերում (սոցիալ- տնտեսական ու գենդերային) երիտասարդների ներգրավումը։

Գյուղնախարարը արտասահմանում է՝ շատ կարեւոր խնդրով

Ապա ողջույնի խոսք ասաց գյուղնախարարության արտաքին կապերի գծով փոխնախարար Իշխան Մարտիրոսյանը։ Նրա խոսքը եւս մենք լսեցինք թարգմանաբար, պարզ պատճառով՝ օտար լեզվի իր իմացությամբ։ Փոխնախարարի ողջյույնը փոքր-ինչ երկար էր, բայց՝ շատ հետաքրքիր։ Նախ, նա հայտարարեց, որ նախարար պրն Վլ. Մովսիսյանը Սլովենիայում է, բայց շատ կարեւոր գործով. իր զեկույցով մասնակցում է եվրոպական երկրների գյուղնախարարների հավաքին։ Պրն Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը միանգամայն համաձայն է այն օրակարգին, որն ընդունվել է 1992 թ. Հռոմում, որ սննդի ապահովության հարցը միշտ էլ Հայաստանի կառավարության համար կարեւորագույն խնդիր է (իմիջիայլոց, Հայաստանի բնակչության համար՝ նույնպես), եւ որ գյուղական սեկտորը բացառիկ դեր ունի այս հարցում։

Պրն Մարտիրոսյանը հրապարակեց մի տվյալ, որը անհայտ էր հայաստանցուն. գյուղական վայրերում 1 շնչին ընկած 1 օրվա եկամուտը… 14 դրամ է։ Մեկնաբանությունները թողնենք արտասահմանցիներին, իսկ մենք մոռանանք, որպեսզի ավելի հանգիստ նյարդերով ապրենք։ Ապա խոսեց Մարի Ռանդի Մամոնջին, որը ղեկավարում է «Կանայք զարգացման մեջ» գրասենյակի աշխատանքները։ Նա խոսեց այն մասին, որ կանայք են ստանձնում ընտանիքում սննդի ամբողջ շղթայի մեջ վճռական դերը, ուստի նրանց հիմնական նպատակը զորակցումն է. զորակցել, որպեսզի աշխարհի 800 միլիոն սոված ու թերսնված մարդկանց թիվը կիսով չափ կրճատվի։ Թող լինի։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031