Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դառնալ աղավնի

Հոկտեմբեր 17,1998 00:00
axavni

Ազգայնական գաղափարները Հայաստանում երբեք լայն տարածում չեն ունեցել, իսկ ուղղափառ ազգայնական ուժերը մինչ այսօր էլ շարունակում են դուրս մնալ մեր քաղաքական դաշտից։ Այդ ուժերի համախմբման առումով դրական էր այն հանգամանքը, որ 1998 թ. ապրիլի 10-ին 3 ազգայնական կազմակերպություններ միավորվելով ստեղծեցին «Հայ ազգայնական դաշինքը», որը այնուհետեւ համալրվեց եւս մեկ կազմակերպությամբ։

Դաշինքը ծնվեց մի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը նոր էր հռչակվել նախագահ, իսկ նա եւ նրա հետ իշխանության եկած ուժերը որակվել էին «ազգային»։ Թվում էր, թե «ազգայինները» ՀՀՇ-ից ավելի շատ շահագրգռված պետք է լինեին ազգայնական թեւի ուժեղացմամբ, սակայն պարզվեց՝ այդպես չէ։ Ինչպես ասում է վերոհիշյալ դաշինքի ղեկավարներից Մուշեղ Լալայանը. «Ցավոք, ներկա իշխանությունները քաղաքական ներկապնակը ազգայնական առողջ, ազդեցիկ ուժով լրացնելու գործում չեն տարբերվում իրենց նախորդներից։ Երկրի քաղաքականության պլանավորմամբ զբաղվողները այնքան էլ կարեւորություն չեն տալիս Հայաստանում նման ուժի գոյությանը, ինչը կոպիտ սխալ է»։

Ակնհայտ է, որ ազգայնական թեւի եթե ոչ ուժեղացմամբ, ապա գոնե քաղաքական դաշտում մի փոքրիկ տեղ հատկացնելով, ներկա իշխանությունները կկարողանային լուծել բազմաթիվ խնդիրներ, օրինակ, միանգամայն նոր իմաստ հաղորդել «պատերազմի» եւ «խաղաղության» կուսակցություններ հասկացություններին։ Հանրահայտ է, որ մեր իշխանությանը ճնշում է Արցախի հարցում կարծր դիրքորոշում ունեցող իր իմիջը, եւ նրանք միայն ուրախ կլինեին ազատվել «բազեի» լուսապսակից, վերածվելով ճերմակ «աղավնու»։ Դրան առավել հեշտ կլիներ հասնել, եթե քաղաքական սպեկտրում լինեին այնպիսի ազգայնական կուսակցություններ, որոնք ոչ միայն Արցախը եւ Արեւմտյան Հայաստանը կցանկանային միացնել Հայաստանին, այլեւ ազատագրել ողջ Հայկական Լեռնաշխարհը (300 հազար քկմ տարածք)։ Կասկած չկա, որ այդ դեպքում մեր իշխանությունների «աղավնիությունը» շահեկանորեն կընդգծվեր։

Մեկնաբանելով այդ խնդիրը, պարոն Լալայանը ասում է. «Չի բացառվում, որ այդ գործառույթները ստանձնեն կամ «Երկրապահը» կամ Դաշնակցությունը։ Վերջինս կարող է լինել այդպիսին, բայց այդ դեպքում նրա հայաստանյան գործունեության մեջ պետք է բացառվի պետական պաշտոններ ունենալը, ինչպես նաեւ, Դաշնակցությունը պետք է հրաժարվի իր մի շարք միջազգային պարտավորություններից։ Իսկ «Երկրապահը» չի կարող դառնալ այդ ուժը, հիմնականում ենթակայական պատճառներով»։ Ըստ Մուշեղ Լալայանի՝ «Հանրապետական» կուսակցության հետ «Երկրապահի» միավորման փաստն էլ դժվար թե փոխի դրությունը, քանի որ «Հանրապետականի» նորացված ծրագիրը այլեւս չի արձանագրում, որ իր պաշտոնական գաղափարախոսությունը Ցեղակրոնությունն ու Տարոնականությունն է, հետեւաբար ձեւավորվող այդ ուժը կդառնա չափավոր ազգայնական՝ կողմնորոշված դեպի աջ կենտրոն։

Ստացվում է, որ վերոհիշյալ գործառույթը ոչ ոք չի իրականացնում։ Մուշեղ Լալայանը գտնում է, որ իրենց դաշինքը պետության հովանավորության դեպքում կարող է ձեւավորել այդ ուժը, որը, սակայն, պետք է հիմնականում համալրվի նոր սերնդի ներկայացուցիչներով։ Իրոք, այսօր ավելի շատ կոնյակի գործով մտահոգված մեր իշխանությունները իրական ուշադրություն չեն դարձնում մեր քաղաքական դաշտին։ Եվ այդ առումով պետությունը նման է մի դաշնակահարի, որը փորձում է նվագել ուշադրություն չդարձնելով, որ գործիքի ստեղները պակաս են։

ՎԱՀԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031