Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛Վ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ, Ե՛Վ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ, ՍԱԿԱՅՆ 10 ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՄԻ ՔԻՉ ՇԱՏ Է»

Նոյեմբեր 04,1998 00:00
Vahe Gabrielyan

Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծն այսպես գնահատեց նախագահի մամուլի քարտուղարը

Իր երեկվա ճեպազրույցի նախաբանի համար բավական հետաքրքիր ոճ էր ընտրել նախագահի նոր խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ ավելի քիչ խոսեց նախագահի ապագա ծրագրերի եւ ավելի շատ՝ անցած հանդիպումների մասին, որոնք առանց այդ էլ լուսաբանվել էին մամուլում։ Անգամ համապատասխան մի գրություն էր բաժանվել՝ «Աշխատանքային հուշաթերթ» անվանմամբ, որտեղ խմբավորված էին նախորդ երկու շաբաթներին նախագահի հանդիպումները եւ այցերը։ Լրագրողներն անմիջապես այս հուշաթերթը «Նոստալժի» անվանեցին։

Նախագահի երկշաբաթյա գործունեության վերաշարադրանքից եւ ամփոփումից զատ՝ Վահե Գաբրիելյանը խոսեց՝ ենթադրաբար նոյեմբերի 9-11-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների՝ տարածաշրջան կատարելիք այցի մասին. «Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք, թե կիրականանա մեր այն զգացումը, որ միջնորդները կժամանեն նոր եւ թարմ առաջարկություններով։ Եվ մենք ակնկալում ենք, որ դրանք կառուցողական առաջարկություններ կլինեն»։ Այլ մանրամասներ խոսնակը չկարողացավ հայտնել։ «Մոսկովսկիե նովոստիի» թղթակիցը հիշեցրեց, որ ԱՄՆ-ից վերադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, թե մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր, հստակեցված հայեցակարգը։ Վահե Գաբրիելյանը պարզաբանեց, որ այս փաստաթուղթը վերջնական մշակման փուլում է «եւ, հավանաբար, շուտով կհրապարակվի կամ հայտնի կդառնա։ Որոշակի օր կամ ժամ ասել չեմ կարող, բայց մոտ է ավարտին»։

«Առավոտի» հարցերը վերաբերում էին ներքաղաքական խնդիրներին՝ ՀՅԴ հոկտեմբերի 30-ի հանրահավաքին, որտեղ հայտարարություններ հնչեցին, թե պետք է ստիպել, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագիրն իրականացնի, եւ իշխանություններին ներկայացվեց, մասնավորապես, հետեւյալ պահանջը. «Տալ նախկին իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի ամբողջական գնահատականը»։ Վահե Գաբրիելյանը ներկայացրեց նախագահի դիրքորոշումն այս պահանջի վերաբերյալ. «Նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու հարցը վերջերս շատ է արծարծվում տարբեր ուժերի կողմից։ Սակայն, կարծում եմ, չեք առարկի, որ որեւէ հարցի հստակ պատասխան տալու համար հարցը պիտի հստակ տրվի։ Եվ «նախորդ իշխանություններ» հասկացությունը կամ սահմանումն ինքնին այդքան հստակ չէ։ Եվ գնահատականի ոլորտը՝ նույնպես, ժամանակային առումով, հստակ չէ։ Այսինքն, պիտի ասվի՝ խոսքը ո՞ր իշխանությունների մասին է (իշխանության 3 ճյուղեր կան)։ Նաեւ պետք է նկատի ունենալ, որ իշխանությունը տարբեր փուլերում տարբեր մարդիկ են ներկայացրել։ Խոսքն ինչի՞ մասին է՝ անկախությունի՞ց ի վեր, 1992-ի՞ց, 1994-ի՞ց, 1996-ի՞ց ի վեր, եւ կոնկրետ ո՞ր փուլից։ Այսինքն, նախ հարցը պիտի ինքնին հստակ սահմանվի»։

«Երկիրը» հետո պնդեց, որ «նախկին իշխանություններ» հասկացությունը պարզ է, եւ նախագահի խոսնակն ավելի մանրամասնեց. «Կարծում եմ, որ իսկապես դա հստակեցման կարիք ունի՝ հիմնականում ժամանակագրական առումով։ Եվ եթե նորից պիտի այդ հարցին վերադառնանք՝ որոշ ուղղությունների մասին նախագահն իր կարծիքն արդեն հայտնել է նախընտրական շրջանում։ Եթե ամբողջական գործունեության գնահատման հարց դրվի՝ եղել են եւ լավ, եւ վատ բաներ։ Ե՛վ նվաճումներ են եղել, ե՛ւ բացթողումներ, սակայն 10 տարվա մասին խոսելը մի քիչ շատ է»։

«Առավոտի» մյուս հարցը դաշնակցության մեկ այլ պահանջին էր վերաբերում. «Ստեղծել օբյեկտների սեփականաշնորհման ողջ գործընթացի իրականացման օրինականությունը քննող հանձնաժողով»։ Խոսնակի պատասխանը կանխատեսելի էր. «Եթե ցանկացած գործընթացում բացահայտ օրինախախտումներ են եղել, բնականաբար, դրանք պիտի քննվեն։ Եվ եթե կան մարդիկ, որոնք դրա համար պիտի պատասխան տան, ապա նրանց պետք է պատասխանատվության կանչել։ Սակայն այն, ինչ օրենքի սահմաններում է իրականացվել՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, ապա հարցն այստեղ արդեն այլ բնույթ է ստանում»։

Այլեւայլ հետաքրքրական հարցեր հնչեցին՝ պատասխանները մեծ մասամբ ստանդարտ ու կանխատեսելի էին։ Ասենք, «Արմենպրեսի» թղթակիցը հիշեցրեց նախագահի խոստումը, թե գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության հարցն իր ուշադրության կենտրոնում է լինելու, եւ հնարավորինս արագացվելու է այս հանցագործության բացահայտման գործընթացը։ Նոր մանրամասների խնդրանքին ի պատասխան պրն Գաբրիելյանն ասաց. «Ցավում եմ, որ ոչինչ ասել չեմ կարող, քանզի մինչեւ որեւէ գործի քննություն չավարտվի՝ դրա մասին որեւէ տեղ, որեւէ բան չեն ասում»։

Թերեւս կարելի է առանձնացնել նաեւ «Հայլուրի» թղթակցի հարցը. «Վերջերս ՔԽ-ը հրապարակեց նախագահին ներկայացրած իր առաջին եզրակացությունը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին։ Հայտնի է, որ նախագահ Քոչարյանը չափազանց կտրուկ է արձագանքել՝ անթույլատրելի է համարել ՔԽ-ի նման գործունեությունը։ Արդյոք ենթադրելի՞ է, որ ՔԽ-ի հաջորդ եզրակացություններին նախագահն այլեւս նախկինի պես չի վերաբերվի»։ Հետեւեց այս մեկնաբանությունը. «Չէ, հարցն այստեղ այդ չէ, այլ այն, որ գոյություն ունի հատուկ հանձնաժողով, որն էլեկտրաէներգիայի սակագները որոշելու նպատակի համար է ստեղծված եւ էլեկտրաէներգիայի մասին օրենք կա։ Եվ այդ հանձնաժողովը օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում է աշխատում… Իսկ նախագահին կից Քաղաքական խորհուրդը դրա հետ ընդհանրապես օրենսդրական կամ գործադիր կապ չունի։ ՔԽ-ն էլ քննարկելիք հարցերի իր շրջանակն ու կանոնադրությունն ունի։ Եվ յուրաքանչյուր մարմին պիտի իր լիազորությունների շրջանակում գործի»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30