Լրահոս
Օրվա լրահոսը

Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին»

Նոյեմբեր 07,1998 00:00
Aqori

Եթե անցնելու լինես Ալավերդի քաղաքով եւ եթե կանգ առնես քաղաքային հիվանդանոցի կողքին, կթվա, թե բարձունքին թառած մի քանի շենքերից այն կողմ աշխարհ չի՛ք: Տասը կլոր տարում մի կերպ պոլիտեխնիկն ավարտած Արարատ Պետրոսյանն ու իր միջնակարգ կրթությամբ ամենազոր քարտուղար Սիլվա Ասլանյանը (տեղերը պաշտոնի առումով կարող եք փոխել։ Դրանից միայն ճշմարտությունը կշահի) իսկական քաղցկեղ են աքորեցու համար։ Զբաղված են միայն ալան-թալանով եւ ճիշտ թումանյանական ձեւով հոխորտալով։ Փաստե՞ր։ Ինչքան ուզեք։

Գյուղացիք վախեցած են, բայց հիշողությունը դեռեւս չէր դավաճանում նրանց։ Հենց միայն փոքրիկ մի հողակտորը գառ ու գոճու դիմաց մեկին տալը, ապա, ավելի մեծ ընծայի պարագայում, մյուսին տրամադրելը գյուղացիների վկայությամբ քանիցս համարյա արյունահեղության պատճառ է դարձել։ Յոթ տարի տեւած «տանուտերության» արդյունքում որեւէ ծրագիր չի իրականացվել։ Ողբալի են գյուղամիջյան ճանապարհները, վնասված ջրատարի գարշահոտ ջրերը տարատեսակ համաճարակների աղբյուր են։ Քանդելուց բացի, այստեղ որեւէ բան չի կառուցվում։ Բայց սա դեռ վերջը չէ։ Տիկին Սիլվան, որը գյուղապետարանի կնիքը չի վստահում գյուղապետին, եւ բոլոր պաշտոնական գրությունները կասկածելի գրագիտությամբ ինքն է կազմում, նաեւ իրեն մեծ «կադրավիկ» է համարում։

Դեպքերը բազմաթիվ են. իրենց իսկ աշխատակից Արուս Իզոպուզյան, ոչ մասնագիտական ստուգման արդյունքում՝ գյուղի միակ աշխատող գրադարանից հեռացված (ընդ որում, մասնագետ) Անգին Վարդեւանյան, որը դատական գործ է հարուցել գյուղապետարանի դեմ։ Երաժշտական դպրոցից ազատված տնօրեն, յոթ ամիս փակ մնացած մանկապարտեզ, տարատեսակ հարկերի գանձում, անհարկի եւ զազրելի կռիվներ բուժարանի բժիշկ Վ. Նազարեթյանի հետ։ Մի խոսքով, բոլորը, որպես կանոն, տիկին Սիլվայի «ստանդարտներին չեն համապատասխանում»։

Գյուղացիները ցավով են նշում նաեւ փոքրիկ այդ գյուղից յոթ զոհվածներ տված ընտանիքների մասին։ Նրանցից մեկի մոր՝ Սոխակ Սիմոնյանի դիմում-բողոքները հասել են նաեւ պաշտպանության նախարարություն։ Իսկ երբ մարզպետարանում խոսք է բացվել այն մասին, թե գյուղապետարանը ինչով է աջակցում սույն ընտանիքներին, տգետ գյուղապետի պատասխանը սա՛ է եղել. «Մթամ մենք կարում ենք ապրենք, հմի էլ դրա՞նք»… Արդյունքում նա երկրապահին էր «զոհել» երկու ատամները, իսկ նրա խնամակալ տ. Սիլվան սկսել էր զակոնը քրքրել՝ մե՞կ, թե՞ երկու ատամի պատասխանատվությունը «կրել» տա երկրապահին։ Գյուղացիների պնդմամբ, գյուղը ոստիկանատուն էլ է դարձել, քանի որ տ. Սիլվան մեծ կիրք ունի ջահելների հետ «կոխի» բռնվելուց ու տղամարդավարի հայհոյելուց հետո մի՛-լի՛-ցա՛ վանկարկել։

Բայց սատանան նրանց համար վատ օրեր էր պահել

«Տեր եւ տիկին գյուղափետերը» ճի՛շտ է՝ ոչ ուղղակիորեն, բայց դարձյալ ջարդեցին իրենց ատամները։ Այս անգամ գյուղի դպրոցի վրա։ Ի դեպ, «զակոնով» դպրոցը մարզպետարանին է ենթարկվում, բայց… Բոլորը միտք են անում, միտք ու չեն հասկանում՝ ինչի՞ց ծնվեց հատկապես քարտուղարի թշնամանքը դպրոցի տնօրեն Ասյա Թոմոյանի նկատմամբ։ Տ. Թոմոյանի վկայությամբ՝ նա հանդուրժել է ցանկացած վիրավորանք ու զրպարտություն, բայց մարզպետարան ուղարկված անստորագիր նամակից ու մի շարք անձնական վիրավորանքներից հետո, այլեւս անկարելի էր սույն տգետներին «ըմբռնումով» մոտենալ։ Ավելի ցինիկ զրպարտություն անկարելի էր տարածել մի կնոջ նկատմամբ, որն իր կյանքի 30 տարիները նվիրել է դպրոցին։

17 տարի ղեկավարել է մանկավարժության առաջավոր փորձի դպրոցը, պարգեւատրվել ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ լուսնախարարությունների պատվոգրերով։ Նրա աշխատանքը լուսաբանվել է «Հայոց լեզու եւ գրականություն» ամսագրում, առանձին՝ «Սիրված ուսուցչուհի» գրքույկում։ 1985-ին պարգեւատրվել է մանկավարժական «Ստեղծագործական աշխատանքի համար» կրծքանշանով։ 1990 թ. տրվել է մեթոդիստ-ուսուցիչ կոչում, 93-ին հաղթող ճանաչվել «Տարվա ուսուցիչ» մրցույթում, 94-ին ստացել «Հետազոտող ուսուցչի» տարակարգ։ Ա. Թոմոյանն էլի շատ բաներ թվարկեց, բայց բավարարվենք սրանով ու նշենք, որ նրա աշակերտներն ընդունելության քննություններին 17 բալից պակաս չեն ստանում։

Այժմ թվարկեմ մեղադրանքները՝ «Այբբենարան»-ների վարձակալման համար աշակերտներից հավաքել է 200 դրամ վարձ, ապակու համար՝ 150 դրամ, ավարտական վկայականների համար՝ 250 դրամ եւ ոսկյա զարդերի ընդունում, որը դպրոցում պարտադիր է։ Տ. Թոմոյանը բացատրագիր է ուղարկել մարզպետարան՝ նշելով, որ սեփական ջանքերով եւ ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ է դպրոցի ապակիները փոխել եւ միայն պակասող գումարն է հավաքել աշակերտներից, այն էլ կամավորության սկզբունքով։ Բազմաթիվ երեխաների գրքեր տրամադրել է անվճար, այն գրքերը, որոնք երեխաները չեն կարողանում գնել, մեկական օրինակ գնել է ինքը, եւ դասերը տարվում են դասախոսության ձեւով։ Այժմ ՍՆՀ ընկերության շնորհիվ որոշել է դպրոցը կապիտալ վերանորոգել։ Նախաձեռնողներից համագյուղացի Վ. Սիմոնյանն է, իսկ Մ. Գրիգորյանը պիտի տրամադրի գումարի 10 տոկոսը՝ շինանյութի տեսքով։ Ա. Թոմոյանը կարողացել է նաեւ անապահով երեխաներին շորուկոշիկ տրամադրել։

Ի դեպ, կոշիկների գումարը տրամադրել է մարզպետ Հ. Քոչինյանը, որի համար դպրոցը նրան չափազանց երախտապարտ էր։ Կարելի է դարձյալ շարունակել, բայց այս անգամ էլ բավարարվենք նրանով, որ մարզպետի կողմից անցկացված ստուգումները միայն Ա. Թոմոյանի օգտին են խոսել։ Երբ Էմիլ Այբեկյանը (ստուգում անցկացնող, նախկին ժողկրթբաժնի վարիչ) հարցրել է, թե ինչու այս ամենը չի ուրախացնում գյուղապետարանին եւ ինչու խանգարելու փոխարեն գոնե մեկ անգամ չեն օգնել դպրոցին, գյուղապետն անցել է ցինիզմի բոլոր սահմանները. «Չեմ ուզել, չեմ օգնել։ Լա՛վ եմ արել»։ Ի պատասխան դրան, ծնողները (շուրջ 70 ստորագրությամբ) նամակ-բողոք են հղում մարզպետարան։

Բայց կարմիր կովը իր կաշին չի փոխում

Գյուղում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Գյուղափետուհու»՝ բազեի հոխորտանքը, թե «մեր դեմ խաղ չկա», այլեւս չափ ու սահման չի ճանաչում։ Բայց դպրոցի կոլեկտիվը հուսահատված չէ։ Ընդհակառակը, այս մարդիկ կարծում են, որ ցանկացած համակարգի ժամանակ իրենց գործը լավ իմացող, «օրումեջ մարզպետարան վազող ու բոլոր կնճիռները հարթող» անձանց նկատմամբ խաղ կա՛։ Դա իրենց իսկ վկայակոչած «զակոն»-ն է, այդպիսիներից զերծ օրինավոր պետություն կառուցելու եւ այս դժոխքին վերջ տալու անզուսպ ցանկությունն է։ Դպրոցի կոլեկտիվը շատ սիրելի «Առավոտ» թերթի միջոցով մի անգամ եւս ցանկանում է այս երեւույթի վրա հրավիրել մարզպետ Հ. Քոչինյանի, տարածքային կառավարման նախարար պրն Զադոյանի եւ կրթության ու գիտության նախարար Լ. Մկրտչյանի ուշադրությունը։ «Ես ամաչում եմ, որ երկուսն էլ իմ աշակերտներն են ժամանակին եղել։ Ինչպե՞ս կարելի է խուլուհամր երեխայի ձեռքով անգամ աշակերտական տետրում գրել. «Դպրոցի ուսուցիչները սրիկաներ են։ Նրանք ոսկյա զարդեր են պահանջում երեխաներից»։ Սրանք Ա. Թոմոյանի վիրավորանքից արցունքախառն, բայց արժանապատիվ ու լոռեցու միամտությամբ ճշմարտությանը դեռեւս հավատացող տնօրենի խոսքերն էին։

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30