Լրահոս
Օրվա լրահոսը

Խոռխոռունին պատվի սպա էր

Դեկտեմբեր 12,1998 00:00
Vano siradexyan

Դեռեւս «օրակարգում» են այն խոսակցությունները, որոնք վերաբերում են գնդապետ Խոռխոռունու սպանությանը։ Ու թեպետ արդեն մամուլում եղածին որեւէ նոր դետալ չի ավելացվում, սակայն, այդուհանդերձ, էլի օրվա թեման դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած այդ զարհուրելի դեպքն է։ Այս հիմքով էլ «Առավոտը» խոսակցության հրավեր արեց Ներքին գործոց նախկին նախարար Վանո Սիրադեղյանին եւ տարբեր ժամանակներում ներքին գործոց ու պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին։

Վանո Սիրադեղյան. – Դու կարծում ես, հիմա ես պետք է ասեմ՝ սա քաղաքական սպանությո՞ւն է։

– Ես ոչինչ էլ չեմ ենթադրում, Ձեր ասելիքը Դուք գիտեք։

– Ես կարծում եմ, որ քաղաքական սպանություններ մեր նման ողորմելի, փոքր երկրներում չեն լինում։ Բայց լինում են սպանություններ, որոնք ունենում են քաղաքական հետեւանքներ։ Ինձ թվում է՝ սա էլ կունենա։

– Իսկ ի՞նչ կասեիք Վահրամ Խոռխոռունու մասին, որը ժամանակին աշխատել է Ձեր ենթակայությամբ։

– Համենայնդեպս, Հայաստանի պայմանների համար նա բացառիկ սպա էր՝ պարտաճանաչ, աշխատունակ, աշխատասեր, չափի զգացում ունեցող… Ափսոս։ Կորուստ եմ համարում։

– Դուք բացառեցիք սպանության քաղաքական բնույթը, այդ դեպքում ի՞նչ հիմքեր եք տեսնում սպանության համար։

– Չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, որ դա քաղաքական հետեւանքներ կունենա։

– Իսկ դա ինչպե՞ս կարտահայտվի։

– Կապրենք, կտեսնենք։ Գլխավոր դատախազի եւ Խոռխոռունու սպանություններից հետո չեն կարող քաղաքական հետեւանքներ չառաջանալ։ Այլ բան չեմ կարող ասել։

Անդրանիկ Քոչարյան. – Բացի համատեղ աշխատանքից, ես Վահրամ Խոռխոռունու հետ նաեւ ընկերություն եմ արել։

– Իսկ որքա՞ն է հին Ձեր ընկերությունը։

– Մենք միասին աշխատել ենք ՆԳ նախարարությունում ու այդ շրջանից սկսած ընկերություն ենք արել մինչեւ սպանությունը։ Ուզում եմ անպայմանորեն ասել հետեւյալը. այն վարկածները, որոնք հիմա բազմաթիվ անհեթեթ քննարկումների տեղիք են տվել, իսկ այդպիսիք հայտնվել են նաեւ «Առավոտ» թերթում, ամենեւին էլ չեն համապատասխանում իրականությանը։ Տեսակետ է հնչել, որ Վահրամ Խոռխոռունին իբր զբաղվել է օղու, ծխախոտի անօրինական առեւտրով։ Ես պետք է ասեմ՝ Վահրամ Խոռխոռունին ՆԳՆ-ում զբաղվում էր բացառապես հանցագործությունների բացահայտմամբ, իսկ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում՝ միայն սպառազինության խնդիրներով։

– Հենց նոր Վանո Սիրադեղյանը բացառեց այդ սպանության քաղաքական ենթահողը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Հիմա դժվար է հստակորեն որեւէ բան ասել՝ սպանությունը քաղաքական է, թե՝ ոչ։ Բայց ես համաձայն եմ Սիրադեղյանի հետ, որ հետեւանքները կարող են նաեւ քաղաքական մթնոլորտի վրա ազդեցություն ունենալ։ Շատ կարեւոր է, որ նման սպանությունները շատ արագ բացահայտվեն։

– Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Վահրամ Խոռխոռունուն։

– Խոռխոռունին ոստիկանական համակարգում առաջին աստիճանից մինչեւ վերջինն անցած, բարձր որակավորում ստացած սպա էր։ Նա պատվի սպա էր, ուսադիրները հարգել գիտեր, իսկ բացի այդ, սիստեմավորված մտածող ու կառուցվածքներ համադրող մարդ էր։

– Պարոն Քոչարյան, փետրվարին, երբ Վազգեն Սարգսյանն իր մամլո ասուլիսում հայտարարեց, որ զգուշացվել եք Ձեր դեմ կատարվելիք հնարավոր մահափորձի մասին, նույն ժամանակներում խոսակցություններ կային, թե Վահրամ Խոռխոռունու դեմ մահափորձ արդեն կատարվել է։ Այդ ժամանակվա խոսակցությունների ու հետագայում տեղի ունեցածների միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք։

– Շատ լավ կլիներ, որ Արծրուն Մարգարյանի նկատմամբ կատարված մահափորձն արդեն իսկ բացահայտված լիներ, ինչն անպայման կանխած կլիներ ոչ թե մահափորձը Խոռխոռունու նկատմամբ, այլ՝ սպանությունը։

– Բայց Դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Այն ժամանակ Երեւանում տարածվող խոսակցությունների ու տեղի ունեցածի միջեւ կապ տեսնո՞ւմ եք։

– Ես նորից եմ պատասխանում՝ Արծրուն Մարգարյանի նկատմամբ կատարված մահափորձը պետք է արդեն բացահայտված լիներ։ Այդ պարագայում ձեր հարցը իմաստ չէր ունենա։

Անդրանիկ Քոչարյանը զրույցի ավարտին հարկ համարեց ճշտել նաեւ, որ Վահրամ Խոռխոռունին Աբովյանի ներքին գործոց բաժնից երբ տեղափոխվել է 6-րդ վարչություն, այդ ժամանակ այդ կառույցի ղեկավարը Երիցյան Աշոտն է եղել, իսկ Վահրամ Խոռխոռունին նշանակվել է նրա տեղակալ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Կարդացեք նաեւ էջ 4:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031