Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾ ԵՂԲՈՐԸ» ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ

Ապրիլ 15,1999 00:00
Nato

Միլոշեւիչի համար սովորական բան է դարձել Ռուսաստանին կռվացնել Արեւմտյան պետությունների հետ։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծումները հնարավոր եղան նաեւ Բելգրադի վարած քաղաքականության պատճառով, քանի որ Հարավսլավիայի նախագահի քայլերը շատ անգամ պատրվակ էին ամենակոշտ լուծումների համար, եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներն այդքան հեշտությամբ չէին կարողանա դրական հասարակական կարծիք նվաճել սեփական պետություններում, եթե հակառակ կողմը վարեր ավելի զգույշ, ճկուն եւ հավասարակշռված դիվանագիտություն։

Սակայն սերբերի առաջնորդը իրեն կարող էր թույլ տալ բանակցություններում սեփական ուժերը չհաշվարկել, խոստանալ ու չկատարել՝ նա վստահ էր, որ պետք եղած պահին իր թիկունքում գտնվող սլավոն մեծ եղբայրը կմռնչա, եւ բոլորը կվախենան։ Կյանքը ցույց տվեց, որ չվախեցան ու, ընդհանրապես, բանի տեղ չդրեցին։ Արեւմտյան քաղաքագետները լավ են հաշվարկում, եւ նրանց շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ Ռուսաստանը, ինչքան էլ դժգոհ լինի ՆԱՏՕ-ի որոշումից, դժվար թե հանուն սերբերի այրի բոլոր կամուրջները եւ գնա Արեւմուտքի հետ բացահայտ պատերազմի։ Հավանաբար Ռուսաստանում նույնպես սովորել են քաղաքական հաշվարկներ կատարել։ Համենայնդեպս երկրի ղեկավարությունը, թեեւ դատապարտում է ռմբակոծումները եւ շարունակ սրեր է ճոճում, միեւնույն ժամանակ պարզ ու միանշանակորեն հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել պատերազմի մեջ։ Իսկ տարբեր քաղաքական ուժերի ռազմատենչ ելույթները բացառապես «ներքին օգտագործման» համար են եւ պայմանավորված են ավելի շատ ընտրությունների ժամկետի մոտեցմամբ, քան ամբողջ աշխարհին «Կուզկայի մայրիկը» ցույց տալու պատրաստակամությամբ։

Այդ ամենը հասկանալով՝ Միլոշեւիչը եւս մեկ փորձ է անում Ռուսաստանին ստիպելու ապացուցել իր բարեկամությունը՝ դիմում է ներկայացնում Ռուսաստան-Բելառուս անդամակցելու ցանկությամբ։ Հարավսլավիայի պառլամենտը այդ մասին գրեթե միաձայն որոշում է հաստատում, ժողովուրդը ողջունում է այդ ամենը հուզիչ խանդավառությամբ։ Ակամա հիշվում են տասը տարի առաջվա մեր հանրահավաքները, «Լենին-Պարտիա-Գորբաչով», «Պերեստրոյկա» պլակատները, ոգեւորված սպասելիքը, թե աշխարհը մեզ կլսի, իսկ մեծ եղբայրը թույլ չի տա, որ մեզ նեղացնեն։ Սթափվեցինք։

Սերբերը նույնպես շուտով կսթափվեն։ Ի պատասխան ռմբակոծվող հրապարակներից հնչող կոչերի, Մոսկվայից արդեն լսվում է. «Պետք է ուսումնասիրել հարցի բոլոր նրբությունները», «դա միանգամից լուծվող խնդիր չէ», «դա զուտ քաղաքական խնդիր է»։ Ինչեւէ, Ռուսաստան-Բելառուսի երեկ կայացած գործադիր ժողովում Հարավսլավիայի միանալու հարցը օրակարգում ընդգրկված չէր։ Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս այս միությունում երկուսը երեք չի դառնա։ Ռուսաստանի համար Հարավսլավիային միության մեջ ներգրավելը ցանկալի առաջարկ կարող էր լինել, սակայն ներկայումս Միլոշեւիչը չափազանց բարձր գին է պահանջում Հարավսլավիայի անկախության դիմաց։ Պատերազմի մեջ մտնելը Ռուսաստանի համար ինքնասպանությանը հավասար քայլ է։

Միեւնույն ժամանակ Մոսկվան չի կարող բացահայտորեն մերժել Հարավսլավիայի դիմումը՝ դա դավաճանություն կհամարվի, եւ Միլոշեւիչին հնարավորություն կտա երեսը պարզ պահել Կոսովոն ՆԱՏՕ-ին հանձնելուց։ Մյուս կողմից Ռուսաստանի ներսում կոմունիստների համար իշխանություններին մեղադրելու հիանալի առիթ կստեղծի, որը, ի նկատի ունենալով ազգայնական տրամադրությունների ներկա վերելքը, կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Առայժմ դժվար է ասել, թե Մոսկվայի վարչակարգը չարյաց որ մեկը փոքրագույն կհամարի։

Հատկանշական է սակայն, «Կոմերսանտ Դեյլի» թերթում տպագրված Հարավսլավիայի շուտափույթ միացման գլխավոր ջատագով Գենադի Սելեզնյովի խոսքերը։ Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, ի պատասխան Ռուսաստան-Բելառուս միությանը Հարավսլավիայի անդամակցելու՝ երկրի փոխվարչապետ Վլադիսլավ Շերշելի առաջարկին, որն այն ժամանակ հնչեցրեց Վլադիմիր Ժիրինովսկին, Դումայի խոսնակը պատասխանեց. «Կարող է վաղը ձեր ընկեր Լի Պենը ցանկանա Ֆրանսիան միացնել։ Դուք ի՞նչ է, գժվե՞լ եք։ Այդ ձեւով դուք ամբողջ աշխարհը մեզ հետ կկռվացնեք»։ Ինչեւէ, շուտով կերեւա, թե ինչ հաշվարկներ է կատարել կոմունիստական կուսակցության առաջնորդը՝ այնքան կտրուկ փոխելով իր դիրքորոշումը։ Դժվար դա լինի միայն սերբ եղբայրների ճակատագրի հանդեպ սրտացավությունը։

Ե. ԿՈՒՐԴԻՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930