Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները եւ ընտրությունները

Ապրիլ 15,1999 00:00
yntrutyun

Հայաստանի ազգային փոքրամասնությունները արդեն մի քանի տարի է պայքարում են Ազգային ժողովում սեփական ներկայացուցիչ ունենալու համար։ Նրանց ներկայացուցիչները բացատրում էին, որ իրենք չեն կարող մեծամասնական ընտրակարգով մրցակցել հայ թեկնածուների հետ, իսկ համամասնական ընտրակարգով իրենք հաջողության հնարավորություն չունեն, քանի որ բոլոր ազգային համայնքների ներկայացուցիչները միասին կազմում են բնակչության ընդհանուր թվի 3-4%-ը։ Նրանք փորձում էին ընտրական օրենսգրքում մտցնել մի դրույթ, որը որոշակի արտոնություններ կսահմաներ իրենց թեկնածուների համար կամ կտրվեր քվոտա։ Նախատեսվում էր, որ ազգային փոքրամասնություններին կտրվի ԱԺ-ում երեք տեղ ունենալու հնարավորություն, իսկ թե կոնկրետ ով կամ որ համայնքը՝ կորոշեն իրենք՝ փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Որպես համոզիչ փաստարկ, նրանք ներկայացնում էին Լիբանանի եւ Իրանի խորհրդարանների օրինակները, որտեղ հայ փոքրամասնությանը տրված է որոշակի քվոտա։ Մինչդեռ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ նրանց շահերը ներկայացնող Ազգությունների միությանը մեր օրինապաշտ օրենսդիրները բացատրում էին, որ ՀՀ բոլոր քաղաքացիները օժտված են հավասար իրավունքներով, եւ որեւէ մեկի կամ որեւէ ազգային խմբի համար չի կարելի բացառություն անել։ Իսկ Իրանն ու Լիբանանն էլ ասիական հետամնաց երկրներ են, որտեղ պատկերացում չունեն քաղաքացիների իրավահավասարության մասին։

Հայաստանում բնակվող ամենամեծ համայնքի՝ եզդիների մի շարք ներկայացուցիչներ որոշեցին իրենց հնարավորությունները փորձել այլ կուսակցությունների հետ՝ համամասնական ընտրակարգով եւ եզդիաբնակ շրջաններում՝ մեծամասնական ընտրակարգով։ Եզդիներին իրենց շարքերում ունենալը գայթակղիչ է թվում նաեւ մեր հայրենական կուսակցություններին։ «Եթե ցուցակում եզդի լինի՝ նշանակում է բոլոր եզդիների ձայները մերն են»,- մտածում են նրանք։ Այսպես մտածելով է երեւի Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղում գրել Եզդիների ազգային միության նախագահ Ջամալ Սադախյանի անունը։ Ջամալ Սադախյանը իրատեսորեն հասկանալով, որ այդ ցուցակով պատգամավոր չի դառնալու, ՕԵ կուսակցության կողմից առաջադրվել է նաեւ Արմավիրի մարզի թիվ 38 ընտրատարածքում։ Այս ընտրատարածքում բնակվում են 3 հազար եզդի ընտրողներ։

Մեծամասնական ընտրակարգով Արագածոտնի մարզի թիվ 43 ընտրատարածքում անհատական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու է գրանցվել «Եզդիխանա» կուսակցության ղեկավար Սիաբանդ Բաքոյանը։ Իսկ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովում «Եզդիների ազգային միության» ներկայացուցիչ Օմար Մամոյանը Ազգային պետություն կուսակցության ցուցակում է։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930