Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները դեպի ապագա խորհրդարան

Մայիս 07,1999 00:00
lori

Լոռու մարզում են գտնվում թիվ 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53 ընտրատարածքները։ Այս մարզում մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածությունն են առաջադրել 76 քաղաքացի։ 

Քիչ թե շատ հայտնի թեկնածուներ են Արտաշես Թումանյանը, Վիկտոր Դալլաքյանը (որպես ԱԺ պատգամավոր), Հովհաննես Քոչինյանը (որպես Լոռու մարզպետի եղբայր), Դավիթ Լոքյանը (ՀՅԴ անդամ, փոխմարզպետ)։ Լոռու մարզում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից գործազուրկ են 18 թեկնածու։ Իմիջիայլոց ասենք, որ Հենրիկ Քոչինյանի եղբայրը եւս գործազուրկ է։ Թեկնածուներից 39-ը ինչ-որ բանի տնօրեն են, նախագահ կամ էլ ինչ-որ մեկի խորհրդականն են։ Այս մարզում է առաջադրվել (53 ընտրատարածք) նաեւ բժշկական համալսարանի պրոֆեսոր Պավել Անանիկյանը։ Մարզի 52-րդ ընտրատարածքում են առաջադրվել Ալավերդու Թումանյանի համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, Բագրատաշենի սահմանամերձ շուկայի վարիչ Սարիբեկ Օհանյանը, Ալավերդու քաղաքապետ Լալայան Վախթանգը, մարզպետի եղբայրը եւ էլի 10 թեկնածուներ։ Այստեղ ակնհայտորեն թեժ պայքար է սպասվում։ Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը ներկայացնում է նախընտրական Վանաձորը։

Այս պահին քաղաքում հաշվառված է 137,5 հազար մարդ։ Նախընտրական ցուցակները արդեն պատրաստ են եւ տեղերից բնակիչները կամ շտաբների ներկայացուցիչները նոր ինֆորմացիա են բերում, քանի որ ցուցակները թարմացվում են ընտրությունից-ընտրություն եւ հնարավոր են որոշ վրիպակներ։ Քաղաքապետը Վանաձորի ցուցակը «լավ» գնահատեց։ Քաղաքում 50 տեղամաս կա եւ բոլորում արդեն ցուցակները փակցված են։ Վանաձորցի բոլոր թեկնածուները, բացի Արտաշես Թումանյանից, Վիկտոր Դալլաքյանից եւ Արամ Մանուկյանից, ապրում եւ «ստեղծագործում» են Վանաձորում։

Առավել ակտիվ նախընտրական շարժ են սկսել «Միասնություն» դաշինքը, Դաշնակցությունը, ԱԻՄ-ը, Կոմկուսը։ Անդրանիկ Հարությունյանի կարծիքով ԱԺՄ-ն մի քիչ ավելի ձայներ կհավաքի ԱԻՄ-ի համեմատ, սակայն ԱԻՄ-ի տեղական կառույցի ջանասիրությունը, ըստ քաղաքապետի՝ «նախանձ է շարժում»։ ՀՀՇ-ն հասկանալիորեն պասիվ է, եւ «լավ է, որ պասիվ է, քանի որ շատ համակիրներ է կորցրել»։

Վանաձորում թաղային հեղինակություն ասվածը այնքան էլ նույնը չէ, ինչպես մայրաքաղաքում։ «Թաղապետեր ունենք, բայց նրանք քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում եւ չեն կարող այն աստիճան բացվել։ Միայն մի տեղամասում այդ կարգի մարդիկ կան՝ 48 ընտրատարածքում։ Տղաներ են, որոնք գործարարությամբ են զբաղվում։ Ընդհանուրի համար մի քիչ տարօրինակ է, որ նրանք իրենց թեկնածությունը դրել են։ Անկեղծորեն ասած, եթե ինձ հարցնելու լինեին, այլ տարածքում գրանցված 14 հոգու մեջ կան մարդիկ, որոնք իրենց ինտելեկտով եւ արժանիքներով ակնհայտ գերազանցում են այդ մարդկանց»։

Ընտրակաշառքի մասին հարցին պատասխանելուց առաջ քաղաքապետը ժպտաց. «Նախաձեռնություններ կան օգնելու, օժանդակելու։ Բնակչության հետ հանդիպումների ժամանակ որոշակի խոստումներ տրվում են»։ Թե ի՞նչ են խոստանում եւ ինչքա՞ն, քաղաքապետը կամ չգիտեր (որը քիչ հավանական է), կամ չուզեց ասել։ Նախորդ խորհրդարանում արդեն աշխատած վանաձորցի պատգամավորները կրկին առաջադրվել են։ Ի՞նչ են արել նրանք իրենց ընտրողների համար, որ հիմա կրկին ակնկալում են ժողովրդի վստահության քվեն ստանալ։ Այս հարցին քաղաքապետը պատասխանեց այսպես. «Ուզում եմ նշել Մանուկյան Արամին, Վիկտոր Դալլաքյանին եւ Արտաշես Թումանյանին։ Քանի որ Արամի հետ մոտիկից շփվել եմ, ուզում եմ ասել, որ ինքը բուն խորհրդարանական աշխատանքում որոշակի ակտիվություն ունի, իմ տպավորությունը դա է։ Բայց կոնկրետ իր ընտրատարածքի համար… (որովհետեւ բնակիչները սովորաբար իրենց համար արվածն են հիշում), մարդը կարող է մի երկու հատ լավ օրենք է մշակել կամ աշխատել է դրա վրա, դա երբեք չի երեւում, բայց եթե մի հատ խողովակ անցկացրեց, ջուր բերեց կամ ասֆալտ արեց, դա անմիջապես մարդկանց աչքին երեւում է։ Ցավոք սրտի մենք այսօր այդ վիճակին ենք։ Խորհրդարանում ակտիվ են եղել նաեւ Վիկտորը եւ Թումանյան Արտաշեսը, բայց նա ավելի քիչ է քաղաքում երեւացել, քան Վիկտոր Դալլաքյանը»։ Ի դեպ, այս երկու թեկնածուները մեծամասնական ընտրակարգով առաջադրված են նույն ընտրատարածքում։

Քաղաքապետի ասելով, այս քաղաքում ամենաարդար եւ ազնիվ ընտրություններն են անցկացվում։ Հետո ինչ, որ մարզպետը թեպետ իր թեկնածությունը չի առաջադրել, սակայն «Միասնություն» դաշինքի Լոռու կառույցի ղեկավարն է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Մեր այցելության պահին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը տեղում չէր (սակայն ասացին, թե տարածքում է)։ Նրան ուղղված հարցերը՝ մեկ այլ առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31