Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Հուլիս 09,1999 00:00
dataxazutyun

ՀՀ դատախազությունը «տղա» է բերել Վերաքննիչ դատարանի վրա

1999 թ. ապրիլի 13-ին Վայքի Առաջին ատյանի դատարանում ավարտվեց Ջերմուկ քաղաքում գազատարի պայթյունի հետ կապված դատաքննությունը։ Դատարանի նախագահ Լեւիկ Պողոսյանը Հայաստանի անկախացումից ի վեր առաջին արդարացման դատավճիռը կայացրեց ամբաստանյալներից մեկի՝ Կարապետ Եղոյանի նկատմամբ, որին դատախազությունը հանիրավի մեղադրանք էր առաջադրել։ Մյուս երկու ամբաստանյալները՝ Գագիկ Ստեփանյանն ու Կնյազ Մովսիսյանը (նրանք իրենց մեղավոր էին ճանաչել առաջադրված մեղադրանքով, քր. օր.-ի 184 հոդվածով) դատապարտվեցին 4 տարի ազատազրկման։ Պատժի կրումը նշանակվեց գաղութ-բնակավայրում։

Թվում էր, Լեւիկ Պողոսյանն այլեւս խորհրդանշելու է նոր բարեփոխվող դատական համակարգը, սենսացիաներ են լինելու, նրան ողջունելու են դատական բարեփոխումների մասին գիշեր ու զօր զրից անող իշխանությունները կամ էլ բարեփոխմանն ընդառաջ ծրագրի անխոնջ մշակ Դավիթ Հարությունյանը։ Սակայն դա տեղի չունեցավ, ընդհակառակը, արդարացման դատավճռի հեղինակն ընկճված էր, իսկ դատավճիռը՝ վտանգի տակ։ Մեր երկրում ամեն մի լավ բան դատապարտված է ապականման։

Հիմա ամենագլխավորի մասին. մենք կանխատեսել էինք, որ ՀՀ դատախազությունը չի հանդուրժելու ինչ-որ հեռավոր մի շրջանի դատարանում կայացրած դատավճիռ, թեեւ թաքուն հույսեր էինք փայփայում, որ արդարացման դատավճիռը կայացվել է հանուն եւ ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Առաջին ատյանի դատարանի այս վճիռը դատախազության համար անսպասելի էր եւ այն ընդունվեց՝ որպես հարված գոտկատեղից ներքեւ։

Ընթերցողին հիշեցնենք նաեւ, թե ինչ որակի մեղադրանք էր սարքել դատախազությունը Կ. Եղոյանի դեմ։ Պետական մեղադրող Վ. Աղամիրյանը նրա մեղքը հիմնավորել էր վերադասին կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ, իսկ առաջադրված մեղադրանքը անփութությունն էր։ Նշենք նաեւ նախաքննությունը վարող Գագիկ Խաչիկյանի կողմից մեղադրական եզրակացությամբ հաստատված լրացուցիչ մի զոհ, որը, ի հեճուկս նրա, ողջ եւ առողջ է։ Սա դատախազության արհեստավարժ աշխատանքի վկայությունն է։

Եվ ահա, հունիսի 8-ին, քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում սկսվեց «Ջերմուկի գործով» դատաքննությունը։ Պարզվում է՝ ՀՀ դատախազությունը շատ հետեւողական է եւ իրոք բողոք է բերել վերաքննիչ ատյան՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու։ Հարկ է նշել, որ դատախազությունը այդպիսի հետեւողականություն է ցուցաբերում հատկապես իրեն անհնազանդների նկատմամբ։ Կ. Եղոյանը իրեն մեղավոր չէր ճանաչել եւ հրաժարվել էր ցուցմունքներ տալ թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում։

Այս անգամ դատախազությունը ջանքեր չի խնայել բողոքի հիմքում դնել եւ Կ. Եղոյանի վրա տարածել հիմնական մեղադրանքը։ Վերաքննիչ բողոքում դատախազությունը Առաջին ատյանի դատարանի դատավճիռը որակել է իբրեւ «կողմնակալ», «օրենքի կոպիտ խախտումներով» եւ այլն, աշխատանք, որն «անվերապահորեն ենթակա է բեկանման»։ Բողոքում զգալի տեղ է հատկացված դատաքննության ընթացքում պետական մեղադրողի միջնորդությունները չապահովող դատարանի հանդգնությանը։ Ուշագրավ է նաեւ դատախազ Վ. Աղամիրյանի ընդվզումը, Գ. Ստեփանյանի եւ Կ. Մովսիսյանի պատժի կրումը նշանակելը, ինչը, ըստ մեղադրողի, անհիմն է, քանի որ այն մեր հանրապետությունում չի գործում։

Ավելացնենք նաեւ, որ Վերաքննիչ դատարանում դատախազությունը հանդես է գալիս ուժեղացված կազմով. Վ. Աղամիրյանին ծանր կացությունից հանելու եւ սատար կանգնելու համար կցել են մեղադրանքը պաշտպանող վարչության բաժնի ավագ դատախազ Գագիկ Ավետիսյանին։

Կարապետ Եղոյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պարզաբանեց հետեւյալը. «Այստեղ իմ պաշտպանյալին արդարացնելու կամ մեղադրելու խնդիրը չի դրված, այլ պայքար է ընթանում դատախազության եւ դատարանի միջեւ։ Այսինքն դատախազության գերխնդիրը իր դիրքորոշումը պահպանելն է. թույլ չտալ, որ դատարանները առանց իրենց համաձայնության որոշակի գործողություններ կատարեն, առավել եւս արդարացման վճիռ կայացնեն։ Սա է պատճառը, որ դատախազությունը Վերաքննիչ դատարան անհիմն բողոք է բերել դատարանին ապացուցելու, որ ինքն անկախ լինել չի կարող եւ պետք է իրեն ենթարկվի»։

Ճանաչված իրավաբաններից մեկը, որը ծանոթ է այս գործին, ասաց, որ դատախազությունը ոչինչ անել չի կարող, քանի որ դատավճիռը հիմնավորված է։ Սակայն, այսուհանդերձ, նախանձախնդիր լինելով գեթ մեկ արդարացման դատավճիռ ունենալու խնդրով, հավատում ենք, որ Վերաքննիչ դատարանը կգտնվի իր բարձրության վրա, կապահովի անաչառ քննություն եւ դրանով վերջ կտա դատախազության՝ որպես պատժիչ մարմնի, գործելակերպին։

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031