Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԻՆՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է

Հոկտեմբեր 19,1999 00:00
henrik qochinyan

Հաշված օրեր են մնացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ գնալով պայքարը թեժանում է։ Մեր ունեցած տվյալներով, «Միասնություն» դաշինքը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանում եւ, ինչպես ասում են, որոշել է այդ (եւ էլի մի քանի համայնքներում) «դաշտը» ազատ թողնել։

Այս հանգամանքն, ի դեպ, հաստատեց Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը. «Միասնություն» դաշինքը ակտիվորեն է մասնակցում այս ընտրություններին։ (…) Չենք ցանկանում այս ընտրությունները կուսակցականացնել։ (…) Այսինքն, պարտադրման մեխանիզմ դաշինքի կողմից մենք չենք ցանկանում»։ Փաստենք, որ այդ «պարտադրման մեխանիզմը» լավագույնս կիրառվում է կուսակցության (Հանրապետական) տեղական կազմակերպության կողմից։ Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից մեկին՝ Սամվել Դարբինյանին ակտիվորեն պաշտպանում է Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպությունը՝ վերջինիս ղեկավար եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի գլխավորությամբ։

Մի կողմից «Միասնություն» դաշինքը որոշում է ընտրությունները չկուսակցականացնել, մյուս կողմից նրա իսկ անունով դա հաջողացնում են տեղական կառույցները։ Իսկ այս դեպքում «գործին խառնվում է» նաեւ մեկ այլ մարմին՝ պետական կառավարման։ Վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պետական կառավարման կառույցները չպետք է միջամտեն ընտրական պրոցեսներին, այլ նպաստեն դրանց արդար անցկացմանը։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ նույն այդ կառավարության տարածքային կառավարման ղեկավար Հենրիկ Քոչինյանը պաշտպանում է Սամվել Դարբինյանի թեկնածությունը եւ նույնիսկ չի էլ թաքցնում այդ հանգամանքը, պարզապես այդ դեպքում էլ ներկայանում է կուսակցության կողմից։ Ստացվում է, որ իբրեւ պետական կառավարման մարմնի ղեկավար, պարոն Քոչինյանը չի միջամտում ընտրություններին, իսկ իբրեւ կուսակցության մարզային կառույցի ղեկավար, նույնիսկ պարտավոր է պաշտպանել իր կուսակցի թեկնածությունը։ Այն դեպքում, երբ Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից ոչ թե մեկն է Հանրապետական կուսակցության անդամ, այլ 3-ը։ Ի դեպ, անցած շաբաթ հանրապետության նախագահը իրավապահ մարմինների ղեկավարներին խստորեն հրահանգեց բացառել պետական ցանկացած պաշտոնյայի միջամտությունը այս ընտրություններին եւ հայտարարեց, որ այդ մասին ցանկացած ահազանգի դեպքում մեղավորները կպատժվեն։ Տարօրինակ է, որ մինչ օրս նման ահազանգեր չեն հնչել հենց Վանաձորից այն դեպքում, երբ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներին (անգամ ուսուցիչներին) մարզպետը սպառնացել է իր թեկնածուին չպաշտպանելու դեպքում ազատել աշխատանքից։

Եթե լրագրողական շրջայցի ժամանակ մենք հասցրինք արձանագրել այս փաստերը, դժվար է հավատալ, որ իշխանությունները անտեղյակ են այդ մասին։ Գուցե նրանք մոռացե՞լ են իրենց իսկ հրապարակած օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը։ Այնտեղ զետեղված «ՀՀ մայրուղիների վարկային ծրագրի» համաձայն (որն, ի դեպ, զեկուցվել է ԱԺ-ում)՝ վարկային ծրագրի իրականացման նպատակով մեր հանրապետությանը տրամադրվել է 31 միլիոն ԱՄՆ դոլար, որի 40%-ը նախատեսված էր տեխնիկայի, նյութերի, սարքավորումների համար, որպեսզի բարձրացվեր կատարվելիք աշխատանքի որակը։ Փաստաթուղթը ցավով տեղեկացնում է, որ այդպես չէ։ Շարունակությունը ներկայացնենք ուղիղ տեքստով. «Նախկին տրանսպորտի նախարար Հ.Քոչինյանը այդ պահին ուներ մեկ գլխավոր նպատակ՝ նախագահական ընտրություններից առաջ զեկուցել, որ առաջադրանքը կատարված է։ Չնայած տեխնիկապես պարզ էր, որ 2-3 ամսվա ընթացքում այն հնարավոր չէր իրականացնել։ Ճանապարհը, որը կառուցվեց մոտ 3 ամսվա ընթացքում՝ գարնանը քանդվեց»։ Այնուհետեւ փաստաթուղթը տեղեկացնում է. «Այս եւ էլի մի շարք հանցավոր խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ գրավոր զեկուցվել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանին (…)։ Այդ հարցը քննարկվել է վարչապետ Քոչարյանի մոտ եւ տրվել են համապատասխան ցուցումներ, որը եւ մեզ զարմացնում է, թե ինչպես հանցավոր չարաշահումների համար միայն ցուցումներ են տալիս։ Ուսումնասիրությունից միաժամանակ պարզվել է, որ տրանսպորտի նախկին նախարար Հ.Քոչինյանի կողմից խախտվել է ՀՀ կառավարության թիվ 577 որոշումը (…)։ Ավելի ուշ՝ 1998թ., Հ.Քոչինյանը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նշանակվում է Լոռու մարզպետ»։

Դե, եթե Հ.Քոչինյանը ստացված վարկերի 12 միլիոն դոլարն օգտագործել է անարդյունավետ, որից հետո դարձել Լոռու մարզպետ՝ ինչո՞ւ իր «պաշտպանյալ» Սամվել Դարբինյանը չի կարող դառնալ քաղաքապետ։ Մանավանդ որ, հիմա էլ նա է ակտիվորեն ասֆալտապատում Վանաձորի փողոցները։ Մինչեւ իր ասֆալտած փողոցները քանդվեն, ինքն արդեն քաղաքապետ կլինի, հո ինքն իրենից չի՞ պահանջելու՝ «Այս ի՞նչ խայտառակ վիճակում են Վանաձորի փողոցները, պետք է այդ շինարարներին դատի տալ»։ Չէ՞ որ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը դատի չի տալիս տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանին՝ մարզի ճանապարհների վրա վատնած գումարների եւ քարուքանդ վիճակի համար։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031