Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 29,1999 00:00

Երեկ շատ լրագրողներ լուսացրին ուղղակի ԱԺ մուտքի մոտ։

Առավոտյան կրկին փակ էր դեպի Դեմիրճյան փողոց ճանապարհը եւ այն բացվեց այն ժամանակ, երբ ավտոբուս ուղեկցող ավտոմեքենաների շարասյունը դուրս եկավ ԱԺ տարածքից։ Ավտոբուսի մեջ էլ, ըստ այդ պահի լրատվության, գտնվում էին զենքերը վայր դրած զինյալները։ Վազքով ուղղվեցինք բնականաբար դեպի ԱԺ՝ Դեմիրճյան փողոցի կողմի մուտքով։ Երկշարք զինվորականների ետեւից (պարիսպների այն կողմից) առաջինը երեւաց ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը, ապա՝ Լեոնիդ Հակոբյանը, Ռուբեն Գեւորգյանը, հետո մոտեցավ Շահեն Կարամանուկյանը։

11.00. ՀՀ նախագահը կրկին մտավ ԱԺ։

11.03. ԱԺ ուղղվեց կրթության նախարար Է. Ղազարյանը։ Նրա ետեւից՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ԱԺ դարպասները բացվելուց հետո կամաց-կամաց երեւում են պատանդված պատգամավորները։

Առաջինը դուրս եկավ ԱԺ պատգամավոր Դավիթ Լոքյանը։ Վերջինս ակնհայտ հուզված ասաց. «Շատ հանգիստ հանձնվեցին, տարան ԱԱՆ։ Ավարտվեց այդ պրոցեսը։ Բոլոր պատանդներն ազատության մեջ են, բացառությամբ երկուսի, որ նրանց ուղեկցում են. Անդրանիկ Մարգարյանը, մյուսը չեմ հիշում ով է» (խոսքը ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանի մասին էր)։ Պայմանավորվածության մասին Դ. Լոքյանը հայտնեց. «Անվտանգություն, մինչեւ հասնեն համապատասխան իրավական լուծման։ Անձամբ պրեզիդենտն էր մասնակցում բանակցություններին։ Կարծեմ նրանք կես ժամ հանդիպեցին»։

11.15. ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց. «Պատանդներ չկան, հուսով եմ, որ այլեւս ոչ մի արյուն չի լինի, առնվազն որոշ բանակցություններն այդպես հույս ունենալու հնարավորություն տալիս են»։ Եվ ասաց, որ Հունանյանը ձգտում էր ամեն գնով «հերոսականության»։ Ինչ վերաբերում էր հանցագործության կապերին, նա ասաց. «Ոչ մի կապ դեռ բացառել չի կարելի։ Սա քննչական գործ է։ Բայց ԱԺ-ն շարունակում է գործել, ամբողջ գիշեր եւ այսօր էլ կհավաքվի, եւ մենք մեր հետագա ծրագրերը կճշտենք եւ կիրագործենք։ Բանը նրանում է, որ երկու-երեք կրակոցով նույնիսկ որքան էլ դա ողբերգական ավարտ ունենա, մեր երկրի կայունությունը, մեր երկրի պետականությունը չպետք է որեւէ կորուստ կրի։ Սրանում, ես կարծում եմ, ոչ ոք չի կարող կասկածել։ Պետք է ուղղակի պինդ կանգնել եւ քայլել առաջ։ Կրկնում եմ. կորուստն ուղղակի այնքան դառն է ու ծանր, որ մենք դեռ տաք ենք ու երեւի չենք հասկանում, թե ինչ տեղի ունեցավ»։

11.17. ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, դուրս գալով խորհրդարանից, ի վիճակի չեղավ որեւէ հարցի պատասխանել։

11.20. Զինվորականների կողմից մի քանի հեռուստաընկերությունների տեսախցիկների ժապավեններն են խլվում։

11.27. Դիմում ենք ԱԺ-ից դուրս եկած նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանին. «Ոնց որ բոլորը՝ երեկ ժամը 17.15-ից այստեղ եմ եղել, հեռուստատեսության հայտարարությունից հետո նրանք իրենց մոտ եղած զինամթերքն են հանձնել, ու ավտոբուս էր կանգնած, ճաշարանի կողմից դուրս եկան։ Անձամբ իմ համոզմամբ՝ կազմակերպված ակցիա էր, բոլոր դեպքերում գործողությունների մեջ հստակություն կար»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031