Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 29,1999 00:00
hrak

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խոր ցավով ու խորագույն մտահոգությամբ հետեւեց հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված քստմնելի ահաբեկչությանը, որը փաստորեն գլխատեց Ազգային ժողովի ու կառավարության ղեկավարությանը։ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուս նախարարների ու պատգամավորների սպանությունը մի խումբ ստահակների ձեռքով, օրը ցերեկով, այսպես անարգել ու հեշտությամբ, ստիպում է մեզ բոլորիս մեկանգամընդմիշտ սթափվել, զգաստանալ եւ զոհվածների հարազատներին, ընկերներին եւ մեր ողջ ժողովրդին ցավակցելուց հետո խորաչափել ստեղծված մտահոգիչ կացությունը, որի առաջ գտնվում են մեր երկիրը, պետությունը, ողջ ազգը։ Առայժմ ձեռնպահ մնալով բուն ահաբեկչության հանգամանքներին ու ներքին ծալքերին անդրադառնալուց, հարկ ենք համարում հիշեցնել, որ կատարված ահաբեկչության ենթահողը հանրապետությունում հաստատված ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտն է, որը ստեղծվել է ոչ թե այսօր, այլ դեռեւս 1991-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի իշխանության օրերին, եւ առավել խորացել հետագայում 1995-1996 թթ. հայտնի դեպքերի ընթացքում. նման արարքների համար պարարտ հող ստեղծելով, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազի եւ այլ պաշտոնյաների սպանություն, մինչեւ նորագույն այս ահաբեկչությունը, որը հարցականի տակ է դնում մեր պետականության հետագա զարգացումը։

Անպատժելիության, ամենաթողության եւ անպատասխանատվության մթնոլորտն է պատճառը, որ մեր ժողովուրդն այսօր խորապես հիասթափված է ժողովրդավարությունից ու ազատականությունից եւ իր ճակատագիրն այլեւս չի տեսնում այս երկրի զարգացման մեջ։ Ավելին, այդ մթնոլորտն այսօր սպառնում է մեր ազգային ու պետական անվտանգությանը, որի համար առաջին հերթին պետք է պատասխան տան բոլոր նրանք եւ այն մարմինները, որոնց առաջնահերթ պարտականությունն է ազգային ու պետական անվտանգության ապահովումը։ Հատկապես այս օրերին, երբ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները նորից մտել են վճռական փուլ Ազգային ժողովի ու կառավարության ղեկավարների անարգ սպանությունը փաստորեն մենակ է թողնում հանրապետության նախագահությանը, նրան պարտադրելով միանձնյա ստանձնելու նաեւ այդ պատասխանատվությունը։ Հետեւաբար մենք կոչ ենք անում քաղաքական բոլոր առողջ ուժերին, բոլոր գերատեսչություններին, մեր ողջ ժողովրդին՝ բոլորվելու հանրապետության նախագահի շուրջ եւ համատեղ ուժերով ու ջանքերով երկիրն ու պետությունը դուրս բերելու այս դժխեմ վիճակից, միաժամանակ միասնաբար դիմագրավելու ղարաբաղյան հիմնահարցի հնարավոր բոլոր զարգացումները։ Միաժամանակ իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել այս եւ նախորդ բոլոր ահաբեկչությունների ներքին ծալքերը եւ ժողովրդի առջեւ բաց դատավարությամբ շուտափույթ երեւան հանել եւ պատժել բոլոր մեղավորներին։

Այսօր, երբ արդեն ունենք նորընտիր Ամենայն Հայոց կաթողիկոս, ունենք դեռեւս անկատար, բայց դատական համակարգը խորհրդանշող Սահմանադրական առողջ դատարան, երբ ունենք ամենագլխավորը՝ պատասխանատվության ամբողջական գիտակցությամբ զինված հանրապետության նախագահ, անհրաժեշտ ենք գտնում այդ երեքի՝ հոգեւոր, դատական եւ գործադիր իշխանությունների, միասնական, համատեղ ու համակարգված գործունեությունը՝ երկիրն ի վերջո դուրս բերելու ստեղծված ճգնաժամից, որի համար Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը պատրաստ է ներդնելու իր ողջ կարողությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031