Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ

Նոյեմբեր 17,1999 00:00
paytucik

Ազգիս ընտրյալների համար սուր զգացողություններն ապահովված են։ Այդ մասին պարտաճանաչ ձեւով «հոգ են տանում» հայտնի կամ անհայտ ուժերը՝ մթնոլորտը լարված պահելու համար նոր հնարքներ մտածելով։ Վերջինը՝ պայթուցիկ փաթեթի հայտնաբերումը, ԱԺ-ի շենքի պահպանությունն ուժեղացնելու նոր միջոցներ է պարտադրում։

Երեկ ԱԺ-ի շենքի միջանցքներում նաեւ հատուկ վարժեցված շներ էին շրջում։ Սակայն դա ԱԺ պատգամավորներին ամենեւին էլ պաշտպանվածության զգացում չէր ներշնչում։ Իսկ պայթուցիկ փաթեթի առնչությամբ գնահատականները միանշանակ չէին։

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն այս առնչությամբ «որեւիցե լուրջ բան չուներ ասելու»։ Նույնիսկ «ծիծաղելի» որակեց կատարվածը՝ հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ համեմատած։ «Այդ ֆոնի վրա սա կարող է ընդամենը մանր խուլիգանություն համարվել»։ Պրն Սադոյանը հակված չէր կատարվածին «մեծ տեղ տալու, ուշադրության արժանացնելու»։ Մանավանդ որ «դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱԺ-ի նիստերի դահլիճը փակ էր»։ Այն հարցին՝ կապ տեսնո՞ւմ է 27-ի դեպքերի հետ, ասաց. «Ես չեմ էլ ուզում մանր խուլիգանությունն ու մեծ ոճրագործությունն իրար հետ կապել»։

Դավիթ Հովհաննեսը գտնում է, որ կատարվածը դժվար է միանշանակ 27-ի դեպքերի շարունակություն որակել եւ բացարձակորեն մերժում է պարզ խուլիգանության վարկածը։ «Սա ըստ երեւույթին վախեցնելու, անընդհատ նյարդային վիճակի մեջ պահելու գուցե խուլիգանական, գուցե չմտածված, իսկ գուցե եւ մտածված մի փորձ էր։ Եվ ես չեմ բացառում նման փորձերը ապագայում»։ Հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապելու առնչությամբ ասաց. «Ես չեմ կարծում, որ երեկվա դեպքին պիտի այդպիսի մեծ նշանակություն տալ, որ կապենք ինչ-որ դեպքերի հետ։ Պարզապես շատ հնարավոր է, որ ինչ-որ խմբավորումների ձեռնտու է ստեղծել համընդհանուր վախի, ապակայունացման մթնոլորտ, որում հետագայում հնարավոր կլինի ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ կորզել»։ Պրն Հովհաննեսի կարծիքով, դեռեւս օրակարգում է ՀՀ նախագահի հրաժարականի մտադրությունը եւ մեզ դեռ քաղաքական ցնցումներ են սպասվում։ Շավարշ Քոչարյանը հիշում է, որ իր մանկության տարիներին նման փաթեթներ պայթեցնում էին եւ վստահեցրեց, որ դրանք անվտանգ են։ Ու այսքանից հետո կատարվածի շուրջ «համաշխարհային աղմուկ սարքելը» որակեց իր կուսակցի բառով՝ «ծիծաղելի»։

Ըստ պրն Քոչարյանի. «Անկախ նրանից, սա պատահականություն է, սա նույն մարդիկ էին բերել, թե այլ մարդիկ եւ ինչ նպատակով, ամեն դեպքում, ըստ էության, վարկաբեկվում է ԱԺ-ն որպես պետական մարմին։ ԱԺ-ում մի տհաճ մթնոլորտ է ստեղծվում»։ Պրն Քոչարյանը հասկանում է՝ պատկան մարմինների պարտքն է, որ ԱԺ-ի միջանցքներում շներով շրջեն, սենյակները մեկ-մեկ խուզարկեն, բայց մյուս կողմից էլ դա բացասական երեւույթ է։ Այդպես չեն անվտանգություն ապահովում։ Իսկ պետաիրավական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վիկտոր Դալլաքյանն իր գնահատականներում ավելի խիստ էր եւ չընդունեց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի վարկածը, որ կատարվածը խուլիգանական արարք է։ «Ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ տվեց ՆԳ նախարարի տեղակալը, որովհետեւ եթե քննություն չկա, հետաքննությունն ավարտված չէ, որեւէ մեկը իրավունք չունի գնահատական տալ։ Ավելին, ես կարծում եմ, որ դրանով կնախանշվի քննության ամբողջ ընթացքը։

Ընդամենը տեղի է ունեցել շատ անթույլատրելի բան, ԱԺ-ի նիստերի դահլիճում։ Ընդ որում, տեղը պատահաբար չի ընտրված։ Օրենսդիր մարմնի նկատմամբ կատարվել է տեռորիստական ակտ։ Խոսքը ոչ թե սարքի մեծության կամ փոքրության մասին է, այլ երեւույթի։ Այսինքն, այսօր փորձ է կատարվում խաթարել ԱԺ-ի բնականոն աշխատանքը, դրա համար դահլիճում է դրվել»։

Պրն Դալլաքյանը հետաքննությանը թողեց այն հարցի պատասխանը, թե նախորդ օրվա դեպքը կապվա՞ծ էր հոկտեմբերի 27-ի դեպքի հետ, բայց շեշտեց. որ «ԱԺ-ն այսօր փաստորեն տեռորի տակ է գտնվում եւ այդ քայլերով ԱԺ-ին կաթվածահար վիճակի կարող են հասցնել»։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930