Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաքննություն սիրե

Հունվար 12,2000 00:00
vahram atanesyan

Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավոր, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդգես Բաղրյանն ու պատգամավոր Կարեն Բաբուրյանը առաջարկել էին ԼՂՀ-ում գրաքննություն մտցնել։ Առաջարկն ԱԺ-ն մերժել էր։ Ելնելով այն հանգամանքից, որ գրաքննության ջատագով պատգամավորները ԼՂՀ նախագահի աշխատակազմից են, որ քրեական գործ է հարուցված ԼՂՀ անկախ միակ լրատվամիջոցի՝ «10-րդ նահանգ» թերթի աշխատակազմի դեմ՝ ԼՂՀ նախագահին զրպարտելու եւ վարկաբեկելու համար, դիմեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ պրն Աթանեսյանին՝ խնդրելով վերոնշյալ խնդիրների կապակցությամբ ներկայացնել նախագահի վերաբերմունքը հանրապետությունում գրաքննություն մտցնելու, նշյալ թերթի աշխատակազմի դեմ քրեական գործ հարուցելու նպատակահարմարության եւ էլի մեկ-երկու այլ խնդիրների վերաբերյալ։

Երկար ժամեր (մոտ վեց ժամ) մտորելուց հետո պրն Աթանեսյանը մեզ պատասխանեց այսպես. «Գիտեք, նախագահը չի կարող իջնել լուրերի մակարդակին եւ պատասխանել նման հարցերի։ Դրանք լուրջ հարցեր չեն, եւ ես չեմ կարող նախագահին անհանգստացնել՝ դրանց պատասխանելու համար»։ Պրն մամուլի քարտուղարը համագործակցություն խոստացավ, որքան հասկացա, ծավալուն (ակադեմիական) հարցադրումների, մի քանի էջ զբաղեցնող հարցազրույցների դեպքում։ Պրն Աթանեսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում այնտեղ էր գտնվում գրաքննության գաղափարակիր պատգամավորներից մեկը՝ Վարդգես Բաղրյանը։ Նախապես անկեղծանալով, որ ինքն իրեն խոստացել է այլեւս «Առավոտի» հետ որեւէ առնչություն չունենալ, քանի որ երկու անգամ նման դժբախտություն արդեն ունեցել է, պրն Բաղրյանն ամեն դեպքում պարզաբանեց։

Այսպես՝ ինքը համաձայն է, որ գործի «Ռազմական դրության մասին» օրենքի 3-րդ կետը, որը նախատեսում է գրաքննություն առհասարակ։ Իսկ «Ռազմական դրության մասին» օրենքի 99թ.-ի տարբերակը, որը չի տարբերվում 97թ.-ին ընդունված օրենքից եւ որը առաջադրել է ԼՂՀ նախագահը, դարձյալ ենթադրում է գրաքննություն, սակայն միայն ռազմական թեմաներով։ Պարոնայք Բաղրյանն ու Բաբուրյանը, փաստորեն, կողմ են առհասարակ գրաքննությանը ԼՂՀ-ում, ուր դեռ ռազմական դրություն է։ «Սլավիկ Առուշանյանը հետո ելույթ ունեցավ եւ ասաց, թե ով ինչ ուզում է, թող գրի,- պատմում էր Վարդգես Բաղրյանը։- Ես դեմ չեմ խոսքի ազատությանը, բայց դա չի նշանակում ամենաթողություն»։

Քանի որ ԼՂՀ-ում խոսքի ազատության «մեղավորը» «10-րդ նահանգ» թերթն է, պրն Բաղրյանին խնդրեցի կոնկրետացնել՝ նկատի ունի հենց ա՞յդ թերթը եւ արդյոք թերթը փակելու, ազատ խոսքը կաշկանդելու միջոցով կվերանա՞ ամենաթողությունը, պրն Բաղրյանը զարմացավ. «Կարելի է գրել, թե որքան բնակչություն կա ԼՂՀ-ում կամ ինչպե՞ս կարելի է վիրավորել երկրի նախագահին»։ Մեր պնդմանը, որ փաստարկված քննադատությունը կամ վիճակագրական տվյալներ հրապարակելը դեռեւս քրեական գործ հարուցելու հիմքեր չեն, պատգամավորը խնդրեց բացել «10-րդ նահանգ» թերթի ցանկացած համար՝ խոստանալով, որ այստեղ յուրաքանչյուր հոդված նախագահ Ղուկասյանի դեմ է եւ որ յուրաքանչյուր հոդված լի է հերյուրանքներով եւ լուտանքներով։ Նա հիշեցրեց, որ իր դեմ էլ բազմաթիվ վիրավորանքներ կարելի է գտնել թերթի էջերում, «բայց ես ջհանդամ, նախագահին կամ որեւէ մեկին վիրավորելու իրավունք որեւէ մեկը չունի»։

Ինչպես արդեն նշեցինք, ԼՂՀ նախագահի՝ Արկադի Ղուկասյանի հանգստությունն ու պատշաճ անդորրը ապահովելու, նախագահին լուրերի մակարդակին իջնելուց զերծ պահելու՝ հարգանքի արժանի մղումներ դրսեւորեց նրա մամուլի քարտուղարը՝ մեր հարցերը թողնելով անպատասխան։ Ավելի ստույգ, լրագրողների հարցերին (թող որ «լուրերի մակարդակի») չպատասխանելու պրն Աթանեսյանի անսպառ կարողություններն արդեն խոսում են սույն քաղաքացու ներքին վախի եւ ներքին գրաքննության մասին։ Ի դեպ, մամուլի սույն քարտուղարը այսպիսով խախտեց նախագահ Արկադի Ղուկասյանի ընտրության իրավունքը՝ պատասխանել թե չպատասխանել հարցերին, իջնել թե չիջնել լուրերի մակարդակին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31