Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Հունվար 28,2000 00:00
exxv

«Ինչ անել Ռուսաստանի հետ»։ Հունվարի 27-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ամենից հաճախ հնչող հարցն էր սա, թեպետ հարկ է նշել, որ այս առանցքային հարցադրման կողքին էլ բազմաթիվ այլ խնդիրներ էին արծարծվում։ Բոլոր դեպքերում՝ ամեն ինչ պտտվում էր Չեչնիայի իրավիճակի շուրջ։

Այս շրջանակում ծավալված բանավեճի ընթացքում բազմաթիվ առաջարկներ հնչեցին՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի անդամությունը Եվրախորհրդի կազմում սառեցնելը։ Դրա կողքին էլ, որպես կանոն, դրվում էր առաջարկը, թե այլընտրանքը կարող է լինել ԵԽ ԽՎ-ում Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելը՝ ինչպես լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ հանձնաժողովներում։ Սրանք այն առաջարկներն են, որոնց կտրականապես դեմ է Ռուսաստանը։ Ուստի պատահական չեն նաեւ Կրեմլի նկատմամբ բարեկամաբար տրամադրված այն պատգամավորների հակափաստարկները, թե խնդիրը կարելի է վերջնականապես լուծել ԵԽ ԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ, մինչ այդ հնարավորություն տալով, որպեսզի պաշտոնական Մոսկվան շտկի իրավիճակը, հրադադար հաստատելով եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելով՝ խնդրին քաղաքական լուծում գտնելու համար։ Եվրախորհրդի ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Սերգեյ Գլոտովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն այս առիթով ասաց, որ եթե հանկարծ նման կոշտ որոշում կայացվի, եւ պատժամիջոցների կիրառման մեխանիզմը նպատակահարմար դիտվի, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի եւ ԵԽ-ի համագործակցության խզմանը։ Ոչ ոք քաղաքական տուրիզմով չի զբաղվի ոչ պետական դումայում եւ ոչ էլ Դաշնային խորհրդում։

– Այդ դեպքում մենք չենք մասնակցի որեւէ ֆորումի Եվրախորհրդի շրջանակներում, ինչը նախատեսված ընդգրկուն համագործակցության տապալում է նշանակում, որի շրջանակներում պիտի տեղեկատվական բյուրո բացվեր Հյուսիսային Կովկասում եւ կազմակերպվեր դատավորների ու դատախազների ուսուցում։ Այդ ամենը կսառեցվի եւ դրանից ոչ ոք չի շահի,- եզրափակեց Սերգեյ Գլոտովը։

Այս ամենից զատ, խորհրդարանական վեհաժողովում հնչում են նաեւ այլ տեսակետներ։ Ի մասնավորի ասվում է, թե կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ձեռնտու է այդ երկրի՝ պատերազմի նկատմամբ հակվածություն ունեցող ուժերին, դա կհանգեցնի Ռուսաստանի մեկուսացմանը, ինչը անկանխատեսելի հետեւանքներով է հղի՝ նաեւ ոչ միայն Եվրոպայի համար։ Այս ամենի հաշվառումով ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որը նախատեսում է անմիջապես դադարեցնել պատերազմը չընտրված խմբերի դեմ, այսինքն՝ խուսափել մարտական գործողություններից խաղաղ բնակչության նկատմամբ, սկսել բանակցություններ եւ գալ համաձայնության, Հյուսիսային Կովկասում ձեւավորել միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություն, տարածաշրջանում գործունեության հնարավորություն ստեղծել միջազգային հումանիտար կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների համար, ինչին դեմ չէ նաեւ Վլադիմիր Պուտինը։

– Ընդ որում՝ պարտավորություններ պիտի ստանձնի ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Չեչնիան։ Մենք ոչ թե խոսքեր, այլ գործ ենք պահանջում,- սա էր քաղաքական հանձնաժողովի դիրքորոշումը։ Պատասխան խոսքով հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը, որի ամենազորեղ փաստարկն այն էր, թե Ռուսաստանը Չեչնիայում Եվրոպայի սահմանն է պաշտպանում տեռորիզմից, ինչը սպառնում է թափանցել Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կովկաս առանցքով։ Նրա ելույթը, մյուսների համեմատ, ավելի ջերմ ընդունելություն գտավ։ Իսկ հիմա անցնենք Հայաստանի խնդիրներին, որոնց վերաբերյալ նախորդ օրը, ԱԺ պատվիրակությանը զուգահեռ, Ստրասբուրգում բանակցություններ էր վարում նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա հանդիպել է ԵԽ ԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնին, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ելույթ է ունեցել նախարարների խորհրդի կոմիտեի նիստում։ Բնական է, որ արծարծվել են Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր։ Տեղյակ է պահվել, որ Հայաստանին ներկայացված պարտավորությունների ցուցակը կքննարկվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում։ Միակ վիճարկելի կետը, այլընտրանքային ծառայության դրույթն է, որի համար 4 տարի է հատկացվում։ Բայց, ինչպես նշում է պրն Օսկանյանը, քանի դեռ հանգուցալուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դա իբրեւ պարտավորություն ընդունելը բավականին դժվար է լինելու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31