Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտ 15,2000 00:00
vka

Հատուկ բառակապակցություններ, ելույթի տեքստեր, թեւավոր արտահայտություններ կան, որոնք կարելի է խմբավորել եւ հատուկ թղթապանակների մեջ պահել, որոնց վրա գրված կլինի «ներկաների խոսք», «նախկինների խոսք»։

Բոլոր ժամանակների իշխանությունների եւ էքսիշխանությունների համար այս ամենը միշտ էլ արդիական կլինի։ Ներկաները պարզապես որդեգրել են եւ սրբությամբ պահպանում են նախկիններին «դատելու, պատասխանատվության ենթարկելու, թալանածը ետ վերադարձնելու» եւ այլ պահանջներ։ Իրենց հերթին նախկինների համար սուրբ թեմա է ներկաների իշխանությունը չընդունելը, նրանց իշխանության զավթիչներ, երկիրը քանդողներ, ժողովրդավարության օրենքները ոտնահարողներ անվանելը։

Ամենահետաքրքիրն այն է, որ ժողովուրդն այս ամենը շատ լավ գիտի, պարզապես՝ բանի տեղ չի դնում (ներեցեք ժարգոնի համար)։ Ժողովուրդը, թեպետ հոգնած, սրանցից եւ նրանցից հիասթափված, համբերում է։ Ով-ով, բայց ժողովուրդը հիշողություն ունի։ Պարզապես ափսոսել կարելի է, որ անկեղծության պոռթկումները լինում են իշխանական լծակներից զրկվելուց հետո միայն։ Ստացվում է, որ անկեղծությունը եւ բացախոսությունը իշխանական աթոռների վրա չեն տեղավորվում։

Առանց մեկնաբանությունների պարզապես ներկայացնենք Ազգային ժողովի էքսնախագահ Բաբկեն Արարքցյանի՝ երեկ Ճարտարապետների տանը տեղի ունեցած հավաքում արտասանած ելույթից մի հատված. «1998 թ. դավադիր հեղաշրջումից հետո մի բան միայն կարողացան ասել այս իշխանությունները, որ ստեղծեն այնպիսի գաղափարախոսական փսիխոզի մթնոլորտ հանրապետությունում, ծավալեն վհուկների որս, որպեսզի որեւէ նոր գաղափար չունենալով (այս երկու տարին ապացուցում է, որ այս իշխանությունները որեւէ նոր գաղափար չեն բերել ասպարեզ), կարողանան իրենց անկարողությունն արդարացնել։ Ես նկատի ունեմ ավելի լայն առումով։ Այն սպանությունների շարքը, որ եղավ երկու տարվա ընթացքում, այն քրեական հետապնդումների շարքը։ (…) Մարդիկ ոչնչացվեցին նաեւ ֆիզիկապես, ես նկատի ունեմ բազմաթիվ սպանությունները, այդ թվում նաեւ հոկտեմբերի 27-ի դեպքերը։ (…) Այս օրերին նշվում է Աշոտ Նավասարդյանի 50-ամյակը։ Աշոտ Նավասարդյանը դեռ 50 տարին չբոլորած մեզանից հեռացել է, որովհետեւ ժամանակին նրան էլ այսպես հետապնդեցին եւ, փաստորեն, սպանեցին նրան։ (Հանրապետական կուսակցությունը երեւի այս առիթով ասելիք կամ հարց կունենա- Մ. Ե.)։ Բայց ոչ ոք չի հիշեցնում այդ մարդկանց անունները։ Մենք հստակ պետք է ասենք այդ մարդկանց անունները։ Ասվեց, ես կարող եմ հստակ կրկնել, որ դա նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն է (պրն Արարքցյանը շարունակ սխալմամբ Աղվան Վարդանյան էր ասում, եւ ներկաները խմբով ուղղում էին նրան՝ Հովսեփյան- Մ. Ե.)։ Եթե մենք չկարողանանք պայքարել այս մթնոլորտի դեմ, որ տիրում է այսօր հանրապետությունում, ապա հանրապետությունն արդեն ընկել է այն վիճակի մեջ, որտեղ կվերացվեն ժողովրդավարության նորմերի վերջին մնացորդները»։

Պրն Արարքցյանի պես, լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը եւս առիթը բաց չթողեց երկու խոսք ասել կոնկրետ անուններով. «Ո՞վ է այս մարդկանց խանգարում շենացնել երկիրը, ո՞վ է այս մարդկանց խանգարում ըստ իրենց։ Չէ՞ որ նրանք իշխանության էին գալիս, ասելով, որ Հայաստանը թալանվել է։ Ի՞նչ է, Աշոտ Բլեյա՞նն էր այդ թալանչին։ Արդեն երկու տարի է ռեալ իշխանություն ունեն, երեք տարի է՝ փաստացի, ո՞ր թալանչու ձեռքն են բռնել, ո՞ր թալանչուն են պատասխանատվության կանչել, եթե, ըստ իրենց թալանչիներ կան։ Լկտիությունը, որ դրսեւորվում է այս իշխանությունների կողմից, խոսում է այն մասին, որ մենք չափից ավելի բարեկիրթ ենք, քան պետք է լինենք։ (…) Մեր հասարակությունը չի ներելու ժողովրդավարության նորմերը ոտնահարողներին։ (…) Եվ այն խաբուսիկ անտարբերությունը, որ այսօր թվում է՝ կա, այդ նրանից է, որ մենք հասարակությանը ոտքի չենք հանում»։

Բոլոր «նախկինները» վստահ են, որ «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա»։ Այս պահին «ներկաները» երկու տարի առաջ նույն բանն ասում էին նրանց մասին։ Վաղը եկողը սա կասի այսօրվա ներկաների մասին եւ, եթե Վահան Տերյանը ողջ լիներ, երեւի կասեր, որ այս կարուսելի երգն իրեն վաղուց է ծանոթ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031