Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են տանում ճամփաները

Ապրիլ 04,2000 00:00
Stepan Demirchyan

ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը շարունակում է իր այցերը հանրապետության մարզեր։ Վերջերս նա այցելեց Տավուշի մարզ, հանդիպեց Դիլիջանի եւ Իջեւանի ՀԺԿ տարածքային կազմակերպությունների անդամների հետ։

Ստեփան Դեմիրճյանին ամենուրեք դիմավորում էին սիրով։ Սովորական բարեւից հետո մարդիկ անմիջապես իրենց հոգսերն էին պատմում։ Իսկ հոգսեր տավուշցիք շատ ունեն։ Դիլիջանը չունի երբեմնի գեղեցկությունն ու շուքը, մարդիկ հուսահատ են, հոգնած։ Դժգոհ են վարչատարածքային փոփոխություններից, ոչ մի կերպ չէին ընդունում, որ ամենասովորական հարցերի պատասխանը ստանալու համար պետք է հասնեն մարզկենտրոն՝ Իջեւան, առաջին հերթին պնդում էին, որ զինկոմիսարիատը լինի Դիլիջանում։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները դահլիճում, ինչպես նաեւ իմ զրուցակիցները Դիլիջանի փողոցներում հիշում էին, թե ինչպես անցյալ տարի նույն օրերին Կարեն Դեմիրճյանն է Վազգեն Սարգսյանի հետ այցելել քաղաք։ Կարեն Դեմիրճյանը կիսել է դիլիջանցիների մտահոգությունը շրջանների վերացման կապակցությամբ։ Ստեփան Դեմիրճյանը մարդկանց բացատրում էր, որ այդ հարցի լուծումը սահմանադրական փոփոխությունների հետ է կապված, որ այդ եւ ուրիշ հարցեր մշակման փուլում են։ «Հիմա՞ ով պետք է մեր մասին մտածի»,- հարցնում էին դիլիջանցիք։

Իջեւանցիների հետ հանդիպումն ավելի ջերմ անցավ, դժգոհություններից բացի, իջեւանցիք բազմաթիվ հարցեր ունեին։ Օրինակ, նրանց հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Ստեփան Դեմիրճյանը չառաջադրվեց պատգամավորության թեկնածու. «Գնայիր հորդ տեղը»,- ասում էին իջեւանցիք։ Ժողովրդի այս պահանջին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց, որ ինքը չի առաջադրվել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, որպեսզի ավելի շատ զբաղվի կուսակցության հարցերով։ Պրն Դեմիրճյանն ասաց նաեւ, որ մտադիր է ուժեղացնել ՀԺԿ-ն։ Արդեն սկսվել է ՀԺԿ անդամներին կուսակցական տոմսեր հանձնելու գործընթացը։ Նախնական տվյալներով ՀԺԿ-ն 30 հազարից ավելի անդամ ունի։ Տարածքային կազմակերպությունների քարտուղարները հայտնում էին, որ շատերն են ձգտում կուսակցության անդամ դառնալ, ինչին պրն Դեմիրճյանը պատասխանում էր, որ պետք չէ քանակի հարց դնել, հարկավոր է ուշադրություն դարձնել որակին, եւ որ ամենուրեք կուսակցության անդամության եւ դրա հետ կապված այլ հարցերի ճիշտ լուծում կտրվի։

Գրեթե ամենուրեք մարդիկ անհանգիստ էին էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման, աշխատատեղերի, կենսաթոշակի եւ նպաստի ուշացման հարցերով։ Մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզի չորս քաղաքների քաղաքապետերը (ի դեպ, բոլորն էլ ՀՀԿ անդամ) եւ հանրապետական կուսակցության այլ անդամներ ուղեկցում էին ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանին, նրա հետ եկած ՀԺԿ անդամներին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930