Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔԵՐԻ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 10,2000 00:00
hhk

ՀՀԿ-ի կիրակի օրվա հավաքում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր կուսակիցներին կտրուկ տոնով ներկայացրել է իր դիրքորոշումը։ Մինչ ՀՀԿ նախագահը համոզում էր անդամներին, որ պետք է գլուխը կախ ենթարկվեն ՀԺԿ-ի առաջ քաշած պայմաններին, Տիգրան Թորոսյանն ասել է. «Ես ունեցել եմ արմատական դիրքորոշում»։

Ըստ ամենայնի, պրն Թորոսյանը պատրաստվում է գնալ մինչեւ վերջ։ Ավելի ուշ, ՀՀԿ նախագահը եւ վարչապետը հանդիպել են նախագահ Քոչարյանին։ Վերջինս մոտավորապես հուշել է, որ եթե ՀԺԿ-ի առաջարկած ԱԺ նախագահի նոր թեկնածուն անցնող թեկնածու չէ, ավելի ճիշտ չի՞ լինի, որ մնա Արմեն Խաչատրյանը։ Այսինքն՝ ՍԴ-ն միայն կանոնակարգային սխալներ կգտնի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ։ Շատ հետաքրքիր շրջան է ստացվում. ՀՀԿ-ն գլուխը կախ հարմարվում է ՀԺԿ-ի պահանջին, Տիգրան Թորոսյանը մնում է ՀՀԿ-ի մեջ ընդդիմադիր։ Ի վերջո, շահում է ՀԺԿ-ն՝ պահպանելով իր դիրքերը։

Աննախանձելի վիճակում են հայտնվում վեցյակի անդամները։ Ակնհայտորեն նրանց ՀՀԿ-ն մի-մի պատառ կարկանդակ էր խոստացել, որը, սակայն չի պատրաստվում հանձնել։ Դժվար թե առանց լուրջ խոստումի, մոտավորապես այսպես՝ «պապայի արեւ», վեցյակի որոշ անդամներ գրեթե իրենցը համարեին ԱԺ փոխնախագահների աթոռները։ Իր կուսակիցներին սթափեցնելու վերջին ճիգով ՀՀԿ անդամներից մեկը ասել է. «Գցողի խարան ենք ունենալու մեր դեմքին»։ Ինչին կուսակցության առաջնորդը, որպես հակափաստարկ, ներկայացրել է «Միասնություն» դաշինքի պահպանման եւ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կարծում ենք, այս պարագայում կուսակցության առաջնորդի համար առաջնայինը դա չի եղել, այլ՝ վարչապետական աթոռի պահպանումը։ Ընդունենք, որ այս ամբողջ աթոռակռվի մեջ իրեն արժանվույն է պահում նախագահ Քոչարյանը։ Նա չի խառնվում քաշքշուկին, առերես հաշտեցնողի դեր է ստանձնել։ Նա շատ ճիշտ կլինի, եթե մտքում ինքն իրեն ասի՝ «Էս չե՞ք»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031