Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամուրջշինը»՝ փակուղու առջեւ

Հոկտեմբեր 18,2000 00:00
kamurj

Դավիթաշենի կամրջի երկարատեւ շինարարության առաջին իսկ օրերից շինարարության հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած էր «Կամուրջշին» ԲԸ վրա։

Ըստ էության, «Դավիթաշենի կամուրջ» համալիրը բաժանված է 3 ենթահամալիրի՝ «Կամուրջ», «Մոտեցումներ Վաղարշյան փողոցից» եւ «Տրանսպորտային հանգույց Դավիթաշենի կողմից»։ «Կամուրջշինը» կառուցում է առաջին ենթահամալիրը։

2000 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ «Կամուրջշինն» ավարտել էր տարվա համար նախատեսված մոտ 160 մլն դրամի աշխատանքների հիմնական մասը։ Մինչեւ նոյեմբերի վերջը նախատեսվում է ավարտել մնացորդային աշխատանքները, որոնց ծավալը կազմում է 50 մլն դրամ։

Ինչպես տեղեկացրեց «Կամուրջշին» ԲԸ գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը, Դավիթաշենի կամուրջի շինարարությանը զուգընթաց, իրենց ձեռնարկությունն ունեցել է մի շարք հաջողություններ՝ արտադրական ոլորտում. «1998 թ. կամրջի շինարարական աշխատանքները վերսկսելուց հետո ավարտել ենք մետաղական թռիչքի մոնտաժման, եռակցման աշխատանքները բարձրության վրա։ Զրոյից կառուցել ենք աջափնյա էստակադային մասը։ Այդ ընթացքում կարողացել ենք տեխնոլոգիական գիծ ստեղծել եւ արտադրել 28 մետրանոց հեծանները, ինչն առաջին անգամ էր կատարվում հանրապետությունում եւ տարածաշրջանում։ Դա մեծ ձեռքբերում է կամրջաշինության բնագավառում։ Եվս մի տեխնոլոգիական գիծ ստեղծեցինք եւ արտադրում ենք 15 մետրանոց հարթ հեծաններ»։

Սակայն, ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, հեծանների արտադրությունը միակ ձեռքբերումը չէր. «Նախկինում կամուրջների շինարարության մեջ օգտագործվում էր դրսից բերված ցեմենտ՝ Մեղրիի գրանիտե խճով։ Բնականաբար, դա թանկ հաճույք էր։ Հրազդանում կազմակերպեցինք գրանիտե խճի արտադրություն, իսկ Արարատի ցեմենտի գործարանում հաջողվեց ստանալ 550 մակնիշի ցեմենտ։ Սրա շնորհիվ ստացանք 500 մակնիշի բետոն»։

Դա էլ, ինչպես պարզվում է, դեռ վերջը չէր. «Մետաղական երթեւեկելի մասը պատելու համար նախկինում սոսնձանյութ էինք պատվիրում դրսից, ինչը շատ թանկ էր։ Վանաձորի «Գիպպոլիմեր» ինստիտուտի հետ ստեղծեցինք այդ սոսնձի հայկական տարբերակը, ինչը հետագայում եւս մեծ կիրառում կունենա։ Եթե միջոցներ հատկացվեն, հենց հիմա էլ պետք կգա. անհապաղ վերանորոգման կարիք ունեն Արզնի-Նոր Հաճըն կամրջի երթեւեկելի մասը, Ջերմուկի կամուրջը եւ այլն»։

Պրն Ասատրյանը նվաճում էր համարում նաեւ մյուս արտադրությունը, որ կազմակերպել է «Կամուրջշինը»՝ Դավիթաշենի կամրջի շինարարությանը զուգահեռ. «Գոյություն ունեն հատուկ հենարանային ռետինե մասեր, որոնք դրվում են թռիչքային հեծանների տակ՝ կամրջի աշխատանքներն ապահովելու համար։ Դրանք բավականին ծանր են՝ ռետինե-մետաղական կոնստրուկցիաներն են եւ տեղափոխելը մեծ ծախսերի հետ է կապված։ Այսօրվա դրությամբ, ռետինատեխնիկական գործարանի հետ, կարողացանք դրանց արտադրությունն էլ կազմակերպել հանրապետությունում։

Այսուհետեւ այդ ռետինե բարձերը, որոնք ունեն հակաերկրաշարժային բնույթ եւ ապահովում են սեյսմակայունությունը, կկիրառենք ե՛ւ կամուրջների, ե՛ւ շենքերի, շինությունների սեյսմակայունությունն ապահովելու նպատակով»։

«Կամուրջշինը» մեծաթռիչք, բարձրահենարան, մետաղական կամուրջների շինարարության նեղ մասնագիտացված ձեռնարկություն է։ «Մենք անցել ենք հուսալի դպրոց, կառուցել ենք Արզնիի, Ստեփանավանի, Աշտարակի, Քասախի, Արաքս գետի վրայի կամուրջները, նաեւ երկաթուղային կամուրջներ՝ Երեւան-Թբիլիսի, Մասիս-Նուռնուս, Իջեւան-Հրազդան եւ այլն։ 1973-ից առայսօր կառուցել ենք 120-130 կամուրջ։ Դավիթաշենի կամրջի շինարարությունն ամենաերկարատեւն էր, բայց ոչ մեր մեղքով։ Պատճառներն, ինչպես գիտեք, ֆինանսական էին»։

Այսօր «Կամուրջշինը» կանգնել է փակուղու առջեւ. «Նախկինում, յուրաքանչյուր հաջորդ կառուցվող կամուրջն էր հոգում մեր սարքավորումների տեղափոխման հարցը։ Այսօր մենք հավաքում ենք 20 տարվա ընթացքում այստեղ՝ Դավիթաշենում կուտակված մեր սարքավորումները, գործիքները։ Պիտի տեղափոխենք բազա։ Հիմա ոչ ոք չի վճարելու տեղափոխման համար, քանի որ «հաջորդ» կամուրջ չի նախատեսվում։ Ավարտելով այս կամուրջը, մենք կանգնում ենք փակուղու առջեւ, այլեւս աշխատանք չունենք»։

Պրն Ասատրյանը որեւէ հեռանկար այլեւս չէր տեսնում. «Մենք մասնակցում ենք տարբեր մրցույթների, տենդերների, բայց որպես կանոն չենք հաղթում, որովհետեւ դրանց մասնակցում են ով պատահի, գրում են իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող թվեր՝ աշխատանք փախցնելու համար։ Մենք այդպես չենք կարող։ Հետագայում, իհարկե, պարզվում է, որ նրանք գործն անորակ են կատարում, չեն տեղավորվում իրենց նշած գումարների մեջ, չունեն արտադրություն, բազա, բայց արդեն ուշ է լինում»։

«Կամուրջշինի» գլխավոր տնօրենը հպարտությամբ նշեց, որ իրենց ձեռնարկությունը նախկին ԽՍՀՄ տարածքում «լավագույններից մեկի» համբավն ուներ եւ այսօր էլ՝ արտասահմանում աշխատելու համար ոչ տեխնիկական միջոցների, ոչ մասնագետների առումով խնդիր չունեն. «ուղղակի դրսի հետ կապեր հաստատելու համար միջոցներ չունենք։ Մի քանի օր առաջ Բեյրութի քաղաքապետն էր Երեւանում։ Նա ուղղակի ապշել էր, որ այս չափսի, այս որակի եւ բարձրության կամուրջը նախագծվել եւ կառուցվել է ամբողջությամբ մեր փոքրիկ հանրապետության ուժերով»։

Միակ ելքը պրն Ասատրյանը տեսնում էր այս կերպ. «Ճիշտ կլիներ, որ պետությունը շինարարական համալիրները, օրինակ, մեր ձեռնարկությանը դուրս ուղարկեր աշխատելու՝ պետական միջոցներով։ Չինաստանը երկար տարիներ այդպես էր ապրում՝ էժան աշխատուժ էր ուղարկում արտասահման աշխատանքի։ Եթե մերոնք էլ նման բան ձեռնարկեին՝ եւ մեր վիճակը կբարելավվեր, եւ պետբյուջե փող կմտներ»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031