Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹՂԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 20,2000 00:00
Hdm

Վայը եկել է տարել, եթե մի խնդիր հրապարակ նետվի, վերջ. ամիսներ շարունակ այն կձգձգվի։ Հիմա հերթը հսկիչ-դրամարկղային մեքենաներինն է (ՀԴՄ)։

Ընդամենը երկու ամիս է մնում, որպեսզի «հանդիսավոր պայմաններում նշվի» կրպակներում, վրաններում եւ համանման այլ վայրերում ՀԴՄ-ների տեղադրման հարցի ձգձգման տարեդարձը։

Մեր թերթը բազմիցս անդրադարձել է հասարակության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս խնդրին։ Հերթական անգամ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը հետաձգվեց, սակայն ՀՀ կառավարությունը մի «առաջընթաց» քայլ կատարեց՝ տոնավաճառներում դրանց ներդրումը որոշելով սկսել հոկտեմբերի 1-ից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրապետության բնակչությունը առեւտրի զգալի (եթե ոչ լրիվ) մասը կատարում է տոնավաճառներից։ Եվ ավելի քան արդարացված էր տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման մասին որոշումը։ Սակայն, ինչպես շատ որոշումներ մեր երկրում, այնպես էլ այս որոշումը գրավոր տեսքից այն կողմ չի անցել։ Արդեն 19 օր է անցել տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման մասին կառավարության որոշումից, սակայն մեր այցելությունները մայրաքաղաքի 5 տոնավաճառներ՝ պարզեցին, որ դրանց մասին տոնավաճառների աշխատակիցները անգամ հեռավոր պատկերացում չունեն։ Տոնավաճառների աշխատակիցներն այն համոզումն ունեին, թե այդ որոշումը իրենց չի վերաբերում։ Իմ այն փաստարկին, թե կառավարության որոշումը հենց տոնավաճառներին է վերաբերում, աշխատակիցները նշեցին, թե հարցերը սովորաբար իրենց տնօրեններն են կարգավորում։ Տոնավաճառների աշխատակիցներին չհավատալու պատճառ չունենք եւ կարծում ենք, որ իսկապես, տոնավաճառների տնօրենները այդ հարցի կապակցությամբ որոշակի համաձայնության են եկել պետական համապատասխան ատյանների հետ։ Այլապես ինչպես հասկանալ կառավարության որոշման չկատարման փաստը։ Իսկ ՀԴՄ-ների չտեղադրելը, մեր տպավորությամբ, ձեռնտու է եւ տոնավաճառների տերերին եւ պետության համապատասխան օղակներին։ Առեւտրի շրջանառությունը վերահսկողությունից դուրս թողնելու (իսկ հայտնի է, որ դրա վերահսկողության աշխարհում ընդունված մի ձեւ կա՝ ՀԴՄ-ների ներդրում) հետեւանքով բարգավաճում է ստվերային տնտեսությունը՝ դրանով իսկ նպաստելով որոշակի անհատների գրպանների պարունակության մեծացմանը։

Թերեւս, սա է պատճառը, որ տոնավաճառների տերերը եւ պետական որոշ այրեր ՀԴՄ-ների տեղադրումը փոքր ձեռներեցներին ներկայացնում են իբրեւ վերջին կոպեկը փախցնելու միջոց՝ դրանով իսկ ժամանակ առ ժամանակ հրահրելով նրանց դժգոհությունը։ Այնինչ շատ պարզ եւ աշխարհում փորձություն բռնած մեխանիզմ է ՀԴՄ-ների տեղադրումը։ Դրանց միջոցով արձանագրվում է առեւտուրը, վերահսկվում ապրանքաշրջանառությունը, վճարվում են պետական բյուջեի հարկերը, հնարավորինս պակասում է ստվերային տնտեսությունը։ Իհարկե, մենք առիթ ունեցել ենք արձանագրելու, որ կրպակատերերն ու տոնավաճառի աշխատակիցները լրիվ իրավացի են՝ մտահոգվելով, թե ՀԴՄ-ի տեղադրման դեպքում ստիպված են լինելու վճարել օրինական հարկը՝ պլյուս «լեւի նալոգը»։ Սակայն սա խոսակցության այլ թեմա է։

Տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրումը հոկտեմբերի 1-ից իրականացնելու մասին որոշումն ընդունելուց հետո, ՀՀ կառավարությունը որոշեց մեկ ամսով հետաձգել կրպակներում եւ վրաններում ՀԴՄ-ների տեղադրման հարցը։ Այս խնդրի առնչությամբ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի նիստերին մասնակցում են շահագրգիռ բոլոր կողմերը՝ կրպակավաճառներից՝ մինչեւ պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններից՝ մինչեւ Արթուր Բաղդասարյան։ Այս պատգամավորն, ի դեպ, ամենաակտիվն է նիստերում, եւ կարծում ենք, ոչ պատահական։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, այս հարցը կլսվի կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում, երբ ստեղծված հանձնաժողովը կոնկրետ առաջարկություններ կներկայացնի։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն հանձնաժողովում քննարկված մի շարք «շա՜տ հետաքրքիր» առաջարկություններից մի քանիսն էլ հետեւյալն են. առաջարկ է եղել ՀԴՄ-ներ չտեղադրել մինչեւ 7 քմ տարածք ունեցող կրպակներում, կամ մինչեւ ամսական 310 հազար ապրանքաշրջանառություն ունեցող կրպակներում։ Ամենազավեշտականն այն է, թե ինչպե՞ս պետք է որոշվի տվյալ կրպակի ապրանքաշրջանառությունը՝ առաջարկ է արվել մտցնել, այսպես ասած, կտրոնային համակարգ։ Այսինքն, դուք գնում եք մեկ կգ շաքարավազ, դրա դիմաց ձեզ կտրոն են տալիս, մի օրինակը պահելով իրենց։ Իսկ ամենամիամիտ մարդուն էլ հասկանալի է, որ այդպիսով կրպակավաճառը կտրոնի իր օրինակի վրա մի թիվ կգրի, գնորդի կտրոնի՝ մեկ այլ։ Էլ չենք խոսում, որ ոչ մի գնորդ «զահլա» չի ունենա կտրոն-մտրոն վերցնելու։ Եվ հետո, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի դավթարներ կգոյանան կրպակավաճառների մոտ։ Անհասկանալի է (կամ շատ լավ էլ հասկանալի), սակայն, թե ինչու են ուզում նոր հեծանիվ հորինել, երբ այն վաղուց հայտնագործված է եւ ՀԴՄ-ի միջոցով է վերահսկվում ապրանքաշրջանառությունը։ Մեր այն հարցին, թե նման առաջարկներ արվե՞լ են հանձնաժողովում՝ ՀՀ պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ դրանք պարզապես առաջարկներ են եղել եւ ոչ վերջնական որոշում։ Ինքը անձամբ դեմ է կտրոնային համակարգի ներդրմանը, քանի որ իր կարծիքով այդ համակարգը չի արդարացնում իրեն՝ 2 պատճառով։ Նախ մեքենան, բնականաբար, ավելի ճշգրիտ կհաշվարկի, քան կտրոնային համակարգը եւ երկրորդ՝ պրն Ալավերդյանի կարծիքով, եթե դժգոհությունը կապված է ՀԴՄ-ների գնի հետ, իրենք ամենատարբեր միջոցներ են փնտրում դրա մեղմացման ուղղությամբ։

Մենք էլ ենք կիսում պրն Ալավերդյանի կարծիքը ՀԴՄ-ների առավելությունների կապակցությամբ, սակայն մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են պետական որոշ այրեր փորձում անընդհատ հետաձգել ՀԴՄ-ների ներդրման հարցը՝ դրանով իսկ նպաստելով գործունեության միեւնույն դաշտում գտնվող սուբյեկտների անհավասար իրավական դաշտի ընդլայնմանը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031