Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ

Հոկտեմբեր 20,2000 00:00
roland sharoyan

Օրերս «Ա1+» հեռուստաընկերության «P.S.» ծրագրում Աշոտ Մանուչարյանը Դաշնակցության մասին խոսելիս հայտարարեց, թե ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին Դաշնակցության շարքերից հեռացրել են կոռուպցիայի, կաշառակերության պատճառով։

Եւ Աշոտ Մանուչարյանը զարմանք էր արտահայտել, թե ինչու էր Դաշնակցությունը դա թաքցնում եւ փոխարենը այլ պատճառներով բացատրում։

Այս առիթով դիմեցի ՀՅԴ ԳՄ անդամ Հրաչյա Թադեւոսյանին։ Վերջինս կրկնեց ի սկզբանե արված մեկնաբանությունը՝ «Ռոլանդ Շառոյանի հեռացման պատճառը պայմանավորված էր կուսակցության ներկազմակերպական հարցերով»,- հերքելով Ա. Մանուչարյանին։

Այդ հայտարարությունը մեկնաբանելու համար դիմեցի նաեւ Ռոլանդ Շառոյանին։ Նա հիշեցրեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իրեն հեռացրել է ներկազմակերպական, կանոնագրային հարցերի հիման վրա, սա նշանակում է՝ Ռ. Շառոյանը համամիտ չի եղել ԳՄ այն որոշմանը՝ «որ ես պետք է հրաժարվեի կառավարության մաս կազմելուց։ Քննարկման արդյունքում եղած հիմնավորումները ինձ համար բավարար չէին եւ համամիտ չէի այդ տեսակետին»։ Ռ. Շառոյանը Ա. Մանուչարյանի այդ եւ այլ հայտարարությունները «կեղծիք» եւ «զեղումներ» որակեց։

– Ես, իհարկե, Աշոտ Մանուչարյանի այդ արտահայտությունը կարող եմ մեկնաբանել, որովհետեւ վաղուց եմ ճանաչում նրան որպես քաղաքական գործիչ եւ շատ լավ գիտեմ իր քաղաքական դեգերումների մասին։ Եթե ուշադրություն եք դարձրել, նա իր բոլոր ելույթներն ու մեկնաբանությունները սկսում է. «Ո՞վ պիտի պատասխան տա» ձեւակերպմամբ։ Շատ գեղեցիկ ու ճիշտ կլիներ, եթե Ա. Մանուչարյանն այդ նախադասությունը սկսեր այլ կերպ։ Այն ժամանակ, երբ ինքը ամբողջ երկրի անվտանգության թերեւս թիվ մեկ պատասխանատուն էր, նույնիսկ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի պատասխանատու էր զգում իրեն։ Ինքը պետք է այդ ժամանակվանից սկսած ասի՝ ով պիտի պատասխան տար այս երկրի քաղաքական նման վայրիվերումների համար, ըստ էության երկրում բազմակուսակցական համակարգ չձեւավորելու, ներքին գործերի նախարարության համակարգերը ժողովրդի դեմ հանելու, պետական անվտանգության մարմիններին իրենց բուն նպատակից շեղելու համար, որոնց ուղղորդել էր դեպի քաղաքական կազմակերպություններն ու խմբավորումները։ Ո՞վ պիտի պատասխան տա. իհարկե Աշոտ Մանուչարյանը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Նա ժամանակ առ ժամանակ լռում է եւ հանկարծ հայտնվում ու սկսում է խոսել անհայտ տերերից, տարբեր երկրներից, որոնք այս կամ այն կազմակերպության տերերն են, թելադրողներն են, գործակալներն են եւ այլն, եւ այլն։ Ես պատասխանում եմ ոչ թե Ա. Մանուչարյանին, այլ մանուչարյանիզմին։ Ես նրան որպես քաղաքական գործիչ լուրջ չեմ գնահատել երբեք։ Սակայն երբ նա խոսում է տերերից, շատ լավ պիտի հասկանա, որ ինքը թերեւս այն անձնավորություններից է, որոնց իր ձեւակերպմամբ գործակալ են կոչում։ Ինքը նրանցից մեկն է, որ ունի եթե ոչ տեր, ապա տերեր։

Այն հարցին, թե Ա. Մանուչարյանի վերոնշյալ արտահայտությունը Դաշնակցությա՞ն, թե՞ Ռ. Շառոյանի դեմ էր, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարը պատասխանեց.

– Կարծում եմ Դաշնակցության դեմ էր, պարզապես ես անհաջող օրինակ էի իրենց համար։ Ա. Մանուչարյանն առաջինն էր, որ երկրում սկսեց կազմակերպել եւ իրականացնել տարբեր կուսակցական կազմակերպությունների ու միությունների մեջ ներթափանցումների խնդիրը։ Նա Դաշնակցությանը խրատներ է տալիս. Դաշնակցությունն այնքան խելք ունի եւ այնքան հզոր կազմակերպական կառույց ունի, որ, այո՛, Ա. Մանուչարյանին եթե հաջողվեց մյուս կուսակցություններում ներթափանցումները ապահովել, գործակալական իր ցանցը ստեղծել, ապա իրեն չհաջողվեց նույնը անել նաեւ Դաշնակցության մեջ։ Ես եղել եմ Դաշնակցության պատասխանատու մարմնի ներկայացուցիչ մինչեւ իմ հեռացվելը, եւ օրինակներով գիտեմ, թե ինչպես էր մեզ հաջողվում դուրս մղել այն անձանց, որոնք գործուղված էին Ա. Մանուչարյանի կողմից, որ պիտի ներթափանցեին Դաշնակցության մեջ եւ խառնակիչ ու խափանարար աշխատանք տանեին կուսակցության ներսում։ Այս մասին կարող են վկայել Դաշնակցության պատասխանատու մարմիներում գործող դաշնակցական իմ ընկերները։ Դաշնակցության կառույցն այնպիսին է, որ նման ներթափանցումները այնքան էլ հեշտ չեն։ Նա ասում է՝ «Ես 200-300 դաշնակցական ընկերներ ունեմ»։ Ես չեմ պատկերացնում այդպիսի դաշնակցականներ։ Ես, որ շատ հարգված եւ ընդունված մարդ եմ որպես դաշնակցական, այդքան ընկեր չունեմ մեր հսկա կազմակերպության մեջ։ Ինքը, բնականաբար, չէր կարող ունենալ։ Կարծում եմ, որ սրանով նա ավելի խափանարար աշխատանք է սկսել՝ Դաշնակցությունը հակադրում է Դաշնակցությանը։ Սա է մանուչարյանիզմը։

«Առավոտն» անդրադարձել էր մի երեւույթի, որ Դաշնակցության ղեկավար մարմիններում նախկին գործակալներ կան։

Ռ. Շառոյանը սրան պատասխանեց. «Եթե անգամ կային այդպիսի մարդիկ, ապա հնարավոր է, որ մարդը ուղղվել է։ Աղբալյանի մտածումների դասերը եթե քաղենք, կտեսնենք, որ այդպիսի բան կարող է լինել։ Սքանչելի ձեւակերպում ունի՝ «Գրպանահատը կարող է դաշնակցական դառնալ, բայց դաշնակցականը՝ գրպանահատ՝ երբեք»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031