Լրահոս
Օրվա լրահոսը

Դիփ խաբում ին ու խաբում

Հոկտեմբեր 21,2000 00:00
krtutyun

Կրթության եւ գիտության նախկին նախարար Արտաշես Պետրոսյանը դպրոցների փրկության մի հանճարեղ միտք էր հղացել։ Ըստ դրա՝ եթե Հայաստանի 1400 դպրոցներից յուրաքանչյուրի համար մեկական սփյուռքահայ բարերար գտնեն, պետությունը կազատվի դպրոցների մասին հոգ տանելու պարտավորությունից։

Գաղափարն անկատար մնաց՝ թեեւ չափազանցություն կլինի ասել, թե դպրոցները մնացին պետության հույսին։ Վերջինս նման շռայլություն իրեն թույլ տալ չի ուզում։ Հայաստանը փրկելու՝ սփյուռքահայերի եռանդն էլ աստիճանաբար մարեց, քանի որ, մեղմ ասած՝ հիասթափեցրել է «կթու կովի» այն կարգավիճակը, որին նրանց դատապարտել են պետության նախագահից՝ մինչեւ ամենափոքր չինովնիկը։

Հայ կանանց միջազգային միության երրորդ համաժողովի առիթով Հայաստան ժամանած տիկնանց հետ շփումներն ու զրույցները այդ հարաբերությունների իրական, ո՛չ գունազարդված մանրամասներ բացահայտեցին։ Սակայն արտաքին իդեալական պատկերը պահպանելու երկուստեք ցանկությունը դեռ գերիշխող է եւ հրապարակավ այս մասին խոսել չէին ցանկանում։ Ինչեւէ, անուններ չմատնանշելով, որոշ դրվագներ հրապարակելը կարծում ենք հետաքրքիր կլինի։

Փող տալու պատրաստ սփյուռքահայերից հնարավորինս օգուտ քաղելու ազգային մենթալիտետը հաճախ տգեղ ծայրահեղությունների է հանգեցնում։ Սակայն մեր բարերարներն էլ այլեւս նախկին միամիտը չեն. երախտագիտության լալահառաչ հավաստիացումները եւ ՀՀ նախագահի ընդունելությանը մի քանի րոպեով արժանանալը սրտները չի փափկեցնում։ Մանավանդ որ, վերջինին արժանանում են միայն շա՜տ փող տվողները։

Սփյուռքահայ բարերարներն այլեւս չեն վստահում հայաստանցի գործընկերների հավաստիացումներին եւ, փողը տալով, չեն քաշվում մի կողմ, այլ հետեւում են եւ ստուգում, թե ինչպես են դրանք ծախսվում։ Հաճախ դիմում են նաեւ չեզոք խորհրդատուների՝ ճշտելու, թե իրո՞ք իրենցից պահանջվող գումարը խելքին մոտ է եւ արժանի՝ արված գործին։ Թեպետ մեր ազգն այնքան հնարամիտ է, որ ամեն դեպքում հաջողացնում է «ֆռռացնել» բարերարներին։

Դպրոցները, հատկապես՝ գիշերօթիկ, եւ մանկատները առավել հաճախ են հայտնվում բարերարների ուշադրության կենտրոնում։ Վերջիններս պարզապես ցնցված են այն վերաբերմունքից, որ դրսեւորում են այդ դպրոցների հանդեպ պետությունը, այդ նույն գիշերօթիկների եւ մանկատների ղեկավարությունն ու ընդհանրապես հասարակությունը։ «Այդ երեխաները առանց այդ էլ Աստծուց ու ճակատագրից տուժած են, ինչպե՞ս կարող են նրանց հասանելիքի վրա աչք ունենալ»,- զարմանում էր բարերար տիկնանցից մեկը, որ բազմաթիվ անգամներ ականատես է եղել, թե ինչպես է երեխաներին հատկացվող օգնությունը հայտնվում դպրոցների ու մանկատների ղեկավարների ու մանկավարժների տանը։ Պետությունը գրեթե ոչ մի բանով չի օգնում այդ օջախներին, մանկավարժները ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Դա էլ հասկանալի է, բայց չի կարող արդարացնել որբ կամ ֆիզիկապես ու հոգեպես հաշմված երեխայի բաժինը գողանալը։ Ինչեւէ, բարերարները ոչ միայն աչալուրջ հետեւում են, թե ուր են գնում իրենց փողերը, այլեւ հաճախ առանց տեղեկացնելու անակնկալ այցեր են անում իրենց հովանավորած օջախները։ Բնականաբար, արդյունքները գոհացուցիչ չեն։

Տիկնանցից մեկը մանկատներից մեկին որոշել էր շատ կոնկրետ ու օգտակար նվեր անել՝ կովեր տալ, որ երեխաներն ամեն օր թարմ կաթնամթերքով ապահովված լինեն։ Մանկատնից անմիջապես երկու թանկարժեք սառնարան են պահանջել՝ կաթնամթերքը պահելու համար։ Տիկինը վախեցել է, որ սառնարանները հայտնվեն տնօրենի տանը եւ նվիրել է մեկ մեծ տեխնիկական սառնարան։ Բայց որոշ ժամանակ անց այցելելով մանկատուն՝ տեսել է, որ այն չեն օգտագործում եւ դեռ «մուննաթի» է արժանացել, թե՝ մեր ուզածը սա չէր։ Իսկ Խարբերդի մանկատունը, ի պատասխան երեխաների համար կոշիկներ գնելու բարերարների պատրաստակամությանը, տարակուսելի մի պահանջարկ էր ներկայացրել։ Պահանջված 175 զույգ կոշիկներից 20 զույգը 2 տարեկանից փոքր երեխաների համար է եղել, մինչդեռ տիկնանց մանկատանը միայն երկու տարեկանից մեծ երեխաներ էին հանդիպել։ Կոշիկներ պատվիրելիս տիկնայք միամիտ չեն գտնվել։ Կոշիկ արտադրողները շատ ճոխ գներ են ասել, հետո միայն պարզել են, որ կարելի է այդ կոշիկները ձեռք բերել կրկնակի էժան։

Սփյուռքահայ բարերարներին հիասթափեցնում է նաեւ մեր մեծահարուստների պահվածքը։ «Ամենաթանկ մեքենաներով ֆռֆռում են, բայց մի հատ չեն օգնում կարիքավորներին»։ Ըստ սփյուռքահայերի, եթե հայաստանցի հարուստները իրենց գոնե մեկ օրվա ռեստորանի փողը տան որեւէ մանկատան, ահագին մեծ օգուտ կտան։ Մինչդեռ բարերար տիկնանցից մեկը մանկատուն տանելու համար մոտ 40 արկղ թխվածքաբլիթ եւ այլ քաղցրավենիք էր գնել «Գրանդ Քենդի» ֆիրմային խանութից ու, թեեւ մենեջերին տեղեկացրել էր, թե ինչ նպատակով է գնում, զեղչեր չէին արել։ Այնպես որ, Հայաստանում ոչ միայն ներդրումների, այլեւ բարերարության համար ոգեւորող պայմաններ չկան։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031