Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՈՎ ԿՎԵՐՍԿՍՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 25,2000 00:00
dat

ԼՂՀ Գերագույն դատարանում ժամանակավոր դադար էր։ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործով ամբաստանյալ Լեւոն Միրզոյանը ցանկություն հայտնեց իր պաշտպանն ունենալ։ Նա, ի դեպ, թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության այս կարճ փուլում (սեպտեմբերի 18-ից սկսած) հրաժարվել էր պաշտպան ունենալ։

Ահա թե ինչու, երբ խախտվեց «ավանդույթը» Լ. Միրզոյանն արժանացավ մեղադրողների հանդիմանությանը, թե. «Նշանակում է դու քեզ մեղավոր ես ճանաչում…»։ Լ. Միրզոյանի պաշտպանը՝ Անժելա Հակոբյանը, փաստորեն, սկսեց ծանոթանալ գործի նյութերին՝ նախապատրաստվելով «մտնել պրոցես»։ Մինչ այս, Նուբարաշենի հոգեբուժարանը մեղսունակ ճանաչեց իր արդեն նախկին հիվանդին՝ Սասուն Աղաջանյանին, թվով 15-րդ ամբաստանյալին։ Վերջինիս համար օրեր առաջ մեր աղբյուրն ասաց, թե նրա առողջական վիճակը նույնն է եւ նա շարունակում է շփման մեջ չմտնել։ Սասունը, փաստորեն, այսօր արդեն գտնվում է Արցախում։ Այնտեղ է գտնվում եւ նրա փաստաբանը՝ Է. Աղաջանյանը, որին, իմ Ստեփանակերտում գտնվելու օրերին, թույլ չէին տալիս Գերագույն դատարանում գտնվել, քանի որ ասում էին, որ «Սասունի մասն առանձնացվել է»։ Ինչեւէ։ Սասուն Աղաջանյանի պաշտպանը եւս ծանոթանում է գործի նյութերին եւ, հավանաբար, երկուշաբթի օրվա դատական հերթական նիստը կվերսկսվի նախ մեղադրողի՝ Սասունի մասով մեղադրականը հրապարակելով եւ ապա՝ Սասուն Աղաջանյանի ցուցմունքներով։ Ապացույցների հետազոտման կարգը սահմանված էր այսպես. նախ ամբաստանյալներին պետք է լսեր դատարանը, ինչը որ արվել է, ապա վկաներին եւ տուժողներին, որոնց կընդհատի դատարանը, մինչ Սասունի խոսքը։

Սասուն Աղաջանյանին 1996 թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է փոխգնդապետի կոչում, 1994- ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի որոշմամբ, պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, իսկ 1996թ. սեպտեմբերի 20-ին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Ս. Բաբայանի թիկնապահը (թիկնազորի ղեկավարը) մեղադրվում է ԼՂՀ քրօրի մի շարք հոդվածներով՝ 15, 61 հոդվածի առաջին մասով, 15, 99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 232 հոդվածի 1-ին մասով, 232 պրիմ հոդվածի 2-րդ մասով, 268 հոդվածի «Բ» կետով եւ 90 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով։ «Մարտի 22-ի ահաբեկչության» նախապատրաստումը, ըստ մեղադրական եզրակացության, Սասունի համար սկսվել է 2000թ. փետրվարի սկզբներին, երբ նա «Ս. Բաբայանից հանձնարարություն է ստացել» թիկնապահների հետ իրականացնել Ա. Ղուկասյանի սպանությունը՝ «ԼՂՀ օրինական իշխանությունը քայքայելու նպատակով»։ Սասունը մեղադրվում է նաեւ, որ «կազմակերպել է հանցավոր խմբի հավաքներ եւ հանցակիցների հետ համատեղ մշակել հանցագործության կատարման պլան»։

Ս. Աղաջանյանը, ըստ մեղադրականի, «հափշտակել է եւ ապօրինի կրել ու պահել է հրազեն եւ ռազմամթերք», բացի դրանից, «թաքցրել» զորամասերից մեկում մուտք եղած զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու այլ հանդերձանք։ Այդ ամենն իբր «անձնական շահագրգռությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը»։ Այդ զենքի եւ զինամթերքի մասին (Մսմնա գյուղում Ս. Բաբայանի տանը պահելու համար) խոսվել է թե՛ Ս. Բաբայանի ցուցմունքների, թե՛ մեղադրողների հարցաքննության ժամանակ։ Կան, օրինակ, 48 հատ «Մուխա» տեսակի նռնակներ, 5 հատ ՌՊ-7 տեսակի գնդացիր, 4 հատ 7,62 մմ տրամաչափի գնդացիրներ՝ 1 հատ պահունակով, 1 հատ հրանետ, ԱԿՄՍ եւ ԱԿՄ տեսակի ինքնաձիգներ, ՏՕԶ տեսակի հրացան, «Ոզնի» տեսակի 8 հատ նռնակ, 37 հատ հակատանկային նռնակ… Ըստ մեղադրանքի հեղինակների, 2 մլն 760 հազար 975 դրամ արժողության, ինչն արժեցել է ԼՂՀ քրօրի 232 պրիմ հոդվածի 2-րդ մասի եւ 90 հոդվածի 3-րդ մասի առաջադրման։ Սասուն Աղաջանյանի համար ասում են նաեւ, որ «ապօրինի» կերպով ձեռք է բերել, կրել, պահել հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի կարաբին հրացան եւ որ չի հանձնել (2000թ. հունվարի 11-ին), զորացրվելուց հետո, «Ալինկո» տեսակի ձեռքի ռադիոկապի միջոցները։

Ի դեպ, Ս. Աղաջանյանը ձերբակալվել էր մարտի 25-ին, իսկ մեղադրանք էր նրան առաջադրվել ապրիլի 3-ին։

Մեղադրականից դուրս հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է Ս. Աղաջանյանը (մանավանդ դատաքննությամբ կապացուցվի նրա մասնակցության չափը մարտի 22-ի գործին). 1986- 88-ը ծառայել է Աֆղանստանում, մասնակցել ԼՂՀ պարտիզանական գործողություններին, 1992-ից եղել է արագ հակազդման հատուկ գումարտակի հետախուզության պետ, 1993-ից՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1995-2000թ. հունվարի 11-ը՝ գումարտակի հրամանատար։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031