Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը փնտրտուքի մեջ է

Մարտ 23,2001 00:00
Ashot Manucharya

«Սոցիալիստական Հայաստան» միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանն իր ստորագրությամբ մի քանի օր առաջ միացել էր նորաստեղծ «Ազգային համաձայնություն ճակատի» ընդունած հռչակագրին։ Երեկ այս միավորումը պաշտոնապես հայտարարեց, որ հիշյալ Ճակատի մաս է կազմելու։

«Սոցիալիստական Հայաստան» միության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսում հնչած տեսակետները հիմնականում վերաբերում էին Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Այն պրոցեսները, որոնք ընթանում են տարածաշրջանում, չի կարելի դիտել որպես սոսկ Արցախին վերաբերող խնդիր»,- ասաց Ա.Մանուչարյանը։ Ըստ նրա, Արեւմուտքն այսօր փորձում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել իր առաջարկած տարբերակով, որը ենթադրում է Մեղրին Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի վերածելու անհրաժեշտությունը։ «Ղարաբաղի հարցն Արեւմտյան մոդելով լուծելու դեպքում տարածաշրջանի տեր է լինելու Թուրքիան։ Վերջինս օժանդակելու է Արեւմուտքին՝ տարածարջանը յուրացնելու ծրագրերն իրականացնելու համար»,- պնդեց «ՍՀ»-ի քաղաքական քարտուղարը։ Նա նաեւ վստահեցրեց, թե այս տեսակետից Արեւմուտքի ծրագրերին հակադրվող միակ ուժը կարող էր մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը լինել։ Սակայն մեր իշխանություններն այդ կարգավիճակն ամրապնդելու փոխարեն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էապես թուլացրին։ «Ռուսաստանը ցանկանում է ինքն այս տարածաշրջանում գերիշխող ուժ լինել։ Բայց այսօր նա տնտեսապես թույլ է եւ հարկադրված է ենթարկվել Արեւմուտքի թելադրանքին»,- ասաց Ա.Մանուչարյանը՝ պնդելով, որ Արեւմուտքի կողմից հակամարտության լուծման մեզ պարտադրվող տարբերակը չի կարող ձեռնտու լինել Ռուսաստանին։ «Ռուսաստանը Հայաստանում անընդհատ փնտրել է ուժեր, որոնք պատրաստակամ են Արեւմուտքի այդ ծրագրերին դեմ գնալ։ 99-ին Ռուսաստանն այդ ուժը տեսնում էր ի դեմս Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի։

«27»-ից հետո այդպիսի ուժ էր դիտվում նաեւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, որի արդյունավետ գործունեության համար Ռուսաստանը ստեղծել էր բոլոր հնարավոր պայմանները։ Երբ նա համաձայնեց ընդդիմանալ Արեւմուտքի այն ծրագրերին, որոնք կապված էին Մեղրիի տարբերակի հետ, Ռուսաստանն այդ «ընդդիմության» բոլոր պարտավորությունները վերցրեց իր վրա։ Համաձայնություն ձեռք բերվեց Մեղրիում ՀԷԿ կառուցելու վերաբերյալ, Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց ծածկել Հայաստանի բյուջեի ճեղքվածքը, պարտավորվեց մի քանի տասնյակ խոշոր ձեռնարկությունների համար Ռուսաստանում գործընկեր գտնել։ Այսօր Հայաստանում չկան այդպիսի ուժեր, որոնք կարող են համախմբել ժողովրդին եւ դիմակայել Արեւմուտքի ծրագրերին»,- ընդգծեց Ա.Մանուչարյանը։ Նա չբացառեց, որ այդ դեպքում տարածաշրջանում իր ազդեցությունը չկորցնելու համար Ռուսաստանը շահագրգռված կլինի ապակայունացնել այն, ինչը կարող է վտանգավոր լինել մեր երկրի համար։

«Հիմա Ռուսաստանը փնտրտուքի մեջ է։ Նա փորձում է Հայաստանում գտնել այն ուժը, որի վրա կարող է վստահորեն հենվել։ Մենք փորձում ենք հենց այդ ուժը ձեւավորել»,- անկեղծացավ պարոն Մանուչարյանը։ Անդրադառնալով ապրիլի 3-8-ը Ֆլորիդայում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը՝ Ա.Մանուչարյանն ասաց. «Փակուղային իրավիճակ է ստեղծվել։ Այս հարցում Քոչարյանի ե՛ւ «այո»-ն, ե՛ւ «ոչ»-ը կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար։ Որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը Հայաստանին կկանգնեցնի ծանրագույն պրոբլեմների եւ ճնշումների, նաեւ վտանգի առաջ»։ Ստորագրելու դեպքում, ըստ պարոն Մանուչարյանի, կվտանգվի Հայաստանի գոյությունն ընդհանրապես։ «Այս նույն իրավիճակն աչքի առաջ ունենալով Լ.Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց՝ Հայաստանին ժամանակ տալով շտկել մինչ այդ վարված քաղաքականությունը։ Թե Քոչարյանը ո՞ր ճանապարհը կընտրի՝ դժվարանում եմ ասել, բայց բոլոր դեպքերում իրավիճակն իրոք ծանր է, եւ անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտում ներկայացված բոլոր ուժերը մասնակցեն գործողությունների ծրագրմանն ու իրականացմանը՝ իրավիճակը շտկելու համար»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031