Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մայիս 04,2002 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ բերելու, ինչ որ բան նորից վերապրելու, վերափոխելու անհնարինության դաժան մտքից»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հինգ օր» Եվ հիմա հիշողությունները խեղդում էր երեքին էլ, երեք զավակն էլ խեղդվում էին մանկական ու պատանեկան հիշողություններից, թուրքի կողմից քանդված ու նորից կառուցված տան համ ու հոտից, գյուղի գարնան շնչից, ծառերի փթթումից, փլված մշակույթի տան, դպրոցի անմխիթար տեսքից, ընկերների, դասընկերների, համագյուղացիների կորուստներից, ցավ տարած, կիսատված բնակչությամբ, սերունդնե՜ր դաստիարակած, հարազատ, քաղցր գյուղի որբացած վիճակից: *** Հետո մայրը թառանչ քաշեց ու շրջվեց Սամվել-եղբորն ու ասաց՝ մաման մատաղ, էդ ռուսաստաններց վեր կաց-արի, դրանք չաշկա-լոշկաներն են սիրում. հայր ու տղա նստում-խմում են հավասար, հետո տղան ութ հարյուր գրամանոց սեւ բոթուլը հոր գլխին ջարդում, արյունլվիկ-կիսամեռ թողնում ու գնում-հանգիստ քնում է իր համար: Ու նաեւ ասաց՝ Արմենը քո եղբայրն է, քո մեծ եղբայրն է, տեսնու՞մ ես՝ վերջին կոպեկն էլ ոնց թափ տվեց գրպաններից, ինձ տարավ բուժեց-բերեց, ոնց քո համար՝ մե՜ծ, ճոխ հարսանիքի նման նշանդրեք արեց, որ գոնե ձեր մաման ձեզնից մեկնումեկի հարսը տեսնի մինչեւ մեռնելը: Մեկ-մեկ, որ մեծ եղբոր նման ճիշտ բաներ է ասում ու վրադ խոսում է, վեր-վեր ես թռնում ու քեզ թվում է, թե որ փոքրն ես, ինքն-իր մեծ եղբոր առավելությունից է օգտվում, չէ՜, մաման մատաղ, նա շա՜տ բան է տեսել, նա շատ բանե՜ր է տեսել, մենակ՝ էս տունը սարքելուց, քանի՜ գիշատիչ-գելի, թալանչու հետ է ճակատ տվել ու գիշերները ես էի ինքնաձիգը գրկած տանում նրա գլխատակին դնում, որ էդ արյունռուշտներից, գիշերները մարդու վրա գնացող արյունռուշտներից պաշտպանվել կարողանա, ու տունը սարքելուց-գիշերները Հայկազ պապայի բաց գոմում էր քնում՝ մի կարպետով եւ ձյունը վրեն գալիս է՜ր, գալիս է՜ր, էն հավաբունն էլ ինձ ու հորդ համար էր թողնում, ինչքան ասացինք, համոզելու փորձ արեցինք՝ արի՛, տաք-բութա տեղ է, չեկավ, ու ձեռքերը խաչած-կարպետի տակ-տախտակների վրա քնում էր ինքնաձիգը գլխատակին ու ձյունը վրան գալիս է՜ր, գալիս է՜ր, ու մեռնում էի անճարակությունից, ու մեռնում էի անելանելիությունից՝ միայն ես գիտեմ, միայն իր մաման գիտի, թե իր Արմեն-տղան ինչե՜ր է քաշել իր բնավորությունից էս կյանքում: Եվ նա ուզում է, որ դու ճիշտ ապրես, օջախին մոտիկ լինես, գեղեցիկ ապրես, մաման ցավդ տանի… *** Հետո, ընկեր Ազիզբեկը նորից հաստատեց ու ասաց՝ ամեն ինչով եռագույն մանուշակ է, եռագույն մանուշակ է ամեն ինչով՝ միայն ծաղկելու ժամանակը չի համընկնում, եւ նաեւ ասաց՝ մեր կողմերում սա պիտի որ մայիսի վերջերին-հունիսի սկզբներին ծաղկեր, բայց վառարանի տաքությունից խաբվել է ու շուտ է ծաղկել՝ դեմը, դեռ ինչքա՜ն ցրտեր կան՝ ի՜նչ էլ հպարտ նայում են ծաղիկները: Ու ընկեր Ազիզբեկը չոքած տեղից՝ կանգնեց, ուղղվեց եւ բոլորին լսելի ասաց՝ այո՛, եռագույն մանուշակ է: Ու Կարոն, որ կադրային սպա է, ու լուրջ ու ծանր ու հավասարակշռված անձնավորություն է, ասաց, հոգոց հանեց, ասաց՝ հա՛, այդպես էլ կա. նախախնամությունն-ինքն է էս ձմռան ժամանակ-կռվի պայմաններում՝ իր ձեռքով-մեր ամենաբարձր-ապավեն դիրքին մեր դրոշակը տնկել՝ Աստված-ինքը տնկեց մեր եռագույն դրոշակը, ու մեզ մնում է պաշտպանել-փայփայել եւ թուրքի ձեռքը չգցել՝ հիմա իջնում ենք մեր դիրքերը ու պահապան ենք կանգնում թիկունքներիս թողած Աստծու ձեռքով տնկած մեր եռագույն դրոշակներին ու նրա շվաքում՝ իրենց ապավեն արած՝ մեր բալիկներին ու մեր հարազատներին ու մեր ծնողներին ու8230 Հողին մե՛ր, որ այդ բոլորն իր ուսերին է առել՝ էս էլ քանի դար: Եվ Արմենը ցավով հիշեց Շերխին, ու Շերխին ծանոթ եւ Շերխի հետ կռված-աղ ու հաց կերած տղաներն անխոս իրար նայեցին ու անխոս, առանց բարձրաձենելու Շերխին հիշեցին: Ու Զորա-բալան չդիմացավ եւ ասաց՝ հոգիդ լուսավոր, հողդ թեթեւ՝ Շերխ ջան: Եվ նրան ծանոթ տղաները, նրա դրոշակները հիշեցին՝ փոքրիկ, գեղեցիկ, փողփողացող եռագույն դրոշակները, որ ուսապարկից հանում, ու առգրավված շրջակայքում վեր հառնված բարձրունքների ամենատեսանելի մասերում տնկում էր՝ «թող թուրքը տենա՛ ու գժվի»: Ու գիշերով՝ մեկ-մեկ ամենաբարձր ժայռերը բարձրանում-մոմ վառում ու տղաներին բացատրում էր՝ էս էլ գիշերվա մեր եռագույն դրոշակներն են՝ «թող թուրքը տենա՛ ու գժվի»: Եվ Շերխը իր ջոկատով էր եկել տեղացիներին միացել՝ քաղցր, սրտոտ, քաջասիրտ, լավ կռվող-սրամիտ-արյունակից ընկեր ու զինակից էր ու իր անմիջական բնավորությամբ ու իր համ ու հոտով միանգամից մերվեց տեղացի տղաներին ու սիրվեց նրանց կողմից, եւ մեկ-մեկ տղաների բարբառն էր ձեռ առնում՝ քյինամը՜ս՝ քյինա, ես սհաթը օխտին ըմ կիլիլական, ու տղաներն ուղղում էին՝ Շերխ ջա՛ն՝ սհաթ՝ չէ՝ ժամի, եւ հետո՝ կիլիլական չէ՝ կյըլական, ու Շերխը ծոր էր տալիս՝ ա՜, չեմ գյուդում, է՝, ես օխտին եմ կիլիլական, պըրծա՞նք: Ու, հետո Շերխը, այդ առյուծ տղան, որ տանկից հանված-կոթ կպցրած ԴՇԿ-գնդացիրը փամփուշտների ժապավենով մի ձեռքով հորիզոնական պահում ու գիշերները «տրասսիրով» նրանց մզկիթին կրակում եւ երեխայավարի ուրախանում էր լուսածիր փամփուշտների մթության մեջ գծած ու մզկիթին իջնող կորությամբ, խորհրդավոր հանգամանքներում գերի ընկավ: Եվ իր հետ թուրքերի թիկունք գնացած մյուսը, որ Շերխի ջոկատից էր ու տղաներին անծանոթ էր, խորհրդավոր հանգամանքներում հետ եկավ, ու իր ասելով եւ իր պատմածներով՝ Շերխն էր հետ ուղարկել, որ գա ու ջոկատ տանի ու կարճ արահետներով թուրքի թիկունքն անցըցընի ու դարանակալ հարձակումով Շերխին նորից հետ առնի թուրքի ձեռքից: Եվ տղերքի կասկածանքով ու խուզարկու հայացքներից ու հարցերից՝ «բլինդաժում մի կտոր հաց ծամելու» պատրվակով խորհրդավոր հանգամանքներում փախավ-կորավ-անհետացավ, այդպես էլ իր մասին ու իր վերաբերյալ հետք չթողնելով: Ու, հետո Շերխը, կենսախինդ, ուրախ, կատաղած-կռիվ անող-աժդահա Շերխը, մեկուկես-երկու տարուց հետո, գիշերով, փորսող տալով ու չորեքթաթ եւ չոքեչոք, զառանցելով ու ինքն իր վհատված ու իսպառ վհատվող ուժերի հետ կռիվ բռնած ու կռիվ տալով սահմանին հայտնվեց: Ու գիշերապահ Մհեր-տղան նրա չորեքթաթ մարմինը տեսել ու թուրքերի հետախույզ խմբի կամ նախահարձակ խմբի լավ չքողարկված մարտիկ է կարծել ու 16-17 տարեկան գիշերապահ Մհեր-տղան ինքնաձիգը ձեռքին, սակայն մոռացել էր ինքնաձիգի մասին, գիշերապահի այլ անելիք գործողությունների մասին էր մոռացել, եւ այդ պահին Մոտի-Արմենը «դուրս էր եկել չոլում մի կաթ ջուր թափելու», ու հետո Մոտի-Արմենն էր պատմում տղաներին, ու Մոտի-Արմենը տեսել էր, տեսել էր, որ Մհերը՝ մեջքով ինքն -իրեն խրամատի պատերին է խփում, ինչ որ մեկին իբր թե մեջքից թափ տալու, վայր գցելու, ոտքով-ձեռքով պաշտպանական ու նախահարձակ սովոր ու խառնված շարժումներ էր անում: Եվ հետո շրջվել ու դեպի իրեն գնացող Մոտի-Արմենին էր տեսել ու խառնված ու շփոթված ու վերացած Մոտի-Արմենին էր նայում, ու այդքան ժամանակ ուզեցել էր տղաներին կանչի, թուրքի՝ իր ու իրենց՝ խրամատում բեխաբար քնած տղերքի վրա թաքուն եկող թուրքի ու կարծեցյալ-մնացյալ փորսող տվող թուրքերի վերաբերյալ հարայ տա, բայց՝ «ձայնը դուրս չի եկել փորից» ու հետո տղաներին խոստովանել էր իր գերի ընկնելու անասելի վախից, եւ այդ ամբողջ անկանոն-պաշտպանական շարժումների ժամանակ իրեն թվացել էր, թե արդեն իրեն մեջքից բռնած ու բերանը փակած-տանում են, ու այդ անկանոն, իբր թե պաշտպանական շարժումների ամբողջ ժամանակ ուզեցել է գոռալ եւ այդ ամբողջ ժամանակ գոռացել է, սակայն «ձայնը փորից դուրս չի եկել», եւ Մոտի-Արմենին տեսնելով, խառնված իր վիճակով արդեն իրեն այդքան մոտիկ Մոտի-Արմենի մեջ իր վրա եկող թուրքին է տեսել, եւ Մոտի-Արմենը հետո տղաներին պատմում էր, որ ամբողջ կյանքում չի մոռանալու, եւ պատմում է, որ եթե կռիվը պրծավ ու կենդանի մնաց, ապա այդքա՜ն բաները, որ տեսել է, կարող է եւ չհիշի ու չմտապահի, բայց Մհերի գոռալը, Մհերի՝ «վա՜յ, մամա՛» կանչը չի մոռանալու… Ու Մոտի-Արմենը պատմում է, պատմում է, որ երբ արդեն նրան խոսեցնելու-հանդարտացնելու մտածված-կոշտ տոն ընդունած-բնական ասել է՝ արա՛, ինձ չես ճանաչո՞ւմ՝, ապա Մհերը խելագարի աչքերով իրեն նայել ու պպզած ու մեջքը խրամատին «մամա՛, վայ» էր գոռացել, ու մեջքը խրամատին «մամա, վա՜յ8230» էր գոռում: Ու արդեն հանդարտվել էր, հանդարտվել էր արդեն, բայց աչքերը խելագար պսպղում էին ու ձեռքը դողացնելով բարձրացրել եւ ցուցամատով՝ դեպի ներքեւ, դեպի դիրքերը, լուսնկա գիշերով դեպի մեր դիրքերը փորսող տվող մեկին էր ցույց տվել: Եվ Մոտի-Արմենը հետո այդ ամենը լացելով էր պատմելու, հետո լացելով էր պատմելու, քանզի Մհեր-տղան չկա այլեւս. 16-17 տարեկան այդ տղան հետո լավ կռվող դուրս եկավ ու դարձավ եւ խիստ քչախոս էր ու այլեւս-միայն թեթեւակի քմծիծաղում էր, միայն թեթեւակի քմծիծաղում էր, երբ այդ մասին տղաները հիշեցնում էին: Ու այդպես քմծիծաղով-արհամարաբար, հոր զոհվելուց ու յոթը տարուց հետո քմծիծաղով-արհամարաբար-տղաների հետ ինքնաձիգը պինդ բռնած ու հաստատուն կռվի էր նետվել եւ ականի վրա կտոր-կտոր էր եղել քմծիծաղով-արհամարաբար: Եվ հիմա Զոյա-որդեկորույս մայրն ու այրին մազերը ցրիվ տված-մտամոլոր քայլում ու ցրված մրմնջոցով խունկ է վառում տան պուճախներում ու գոմում ու մարագում ու ամեն տեղ: Խելագարի մրմնջոցով ու համառությամբ-մազերը ցրիվ տված-արտաքինին անփույթ ու անտարբեր, մե՜ծ պարտավորություն առած ամեն օր խունկ է վառում տան պուճախներում: Խունկ է վառում ժամ առ ժամ, խունկ է վառում՝ հարեւաններին-չհասկացողներին հանդարտ-համբերատար բացատրելով. «Էս միլերը, պատուհանի շրջանակները թուրքի-Աղդամից են, պոլի տախտակը թուրքի-Աղդամից է-ես տղամարդ ե՞մ, որ գնամ ծառ կտրեմ-բերեմ տախտակ քաշեմ, պատուհանի օպրավա սարքեմ-ուստեքը իջան՝ թուրքի-Աղդամում տները տեղ-տեղ վառված չեն՝ քանդեցին-բերեցին-խփեցին՝ խունկը վառում եմ՝ թուրքի հոտն անցնի, համ էլ Աստծուն վատ չթվա՝ իրենք մեր տունը քանդեցին մենք՝ իրենց, ո՞վ է մեղավոր՝ ես էլ չգիտեմ: Բայց աչքս կպցնում եմ, մինուճար Մհեր-զավակս ու Լյովա-ամուսինս ձեռք-ձեռքի տված գալիս են, հենց գլուխս բարձին եմ դնում ու կոպերս փակում եմ, Մհերիս ձայնը հեռվի՜ց գալիս-մոտենում է, գալիս-մոտենում է, ու ասում է՝ մամա՜, մամա՜… Մաման քո ցավը տանի, ա՛յ ամլիկ բալաս… Ու գան ու՝ թուրքի հոտը փչում է՝, փչում է՜՝ անտեր մնա, ոնց՝ մեզ անտեր թողեցին: Մի մոմը քառասուն դրամ է, ինձ ի՞նչ վնաս է տալիս, ո՞վ ունեմ, որ թոշակս վրան ծախսեմ, տարեկան մի գառը հերիքում է՝ տալիս եմ խունկի ու վառում եմ, եւ ծուխը, հոտը բարձրանում է՜, բարձրանում է՜՝ իրենց մոտ է գնում: Համ էլ Աստծուն լավ կթվա. իրենք մեր տունը քանդեցին, մենք՝ իրենց, ո՞վ է մեղավոր՝ ես էլ չգիտեմ: Աստու՛ծ-Աստու՜ծ, երազում չեմ ուզում՝ ինձ տար՝ իրենց տեսնեմ, ինձ տար՝ իրենց տեսնեմ»: Եվ հետո տղերքը գնացին ու8230 Շերխը, հպարտ, աժդահա, առյուծ-կռվող Շերխը չոփ էր դարձել ու սրունքները, ոտքի թաթերը, ձեռքի դաստակները ջարդված ու կոտրտված էին, ու մորթու տակից դուրս պրծած ու հողին քսվելուց-սեւացած-սուր ոսկորները երեւում էին, ու ցցված էին ու ինքնահոսի շարժվում էր, փորսող էր տալիս գերլարված, հետ-հետ նայում ու վախեցած սողում էր: Ու շրջան կազմած-հետը քայլ-քայլ առաջացող տղաներին, իր ընկերներին, իր հետ հացի պատառը կիսած զինակիցներին ճանաչել էր արդեն-մե՛զ հետ ու մե՛ր սահմանին եւ մե՛ր հողում էր՝ գիտե՛ր, սակայն կանգ չէր առնում՝ սողում էր, մե՜ծ ճիգերով, գերլարումով, արյունլվիկ ու քրքրված առաջանում էր եւ անտարբեր էր տղաների ուրախությանը: Հեւքի հետ նաեւ ասաց՝ ավտոյով բերել են ու ներքեւում՝ գետի են կողմում վայր են գցել, գիտեին, թե մեռնելու եմ-տեղ չեմ հասնելու, էս չորս ժամ է սողում եմ… մերոնցից ի՞նչ նորություն. կինս ծննդաբերե՞ց, հո չե՞ք ասել, որ գերի եմ կամ՝ մեռած եմ՝ կվիժի, խայտառակ կլինենք, հո հորս բան չի՞ եղել, մամայիս ցավը տանեմ՝ ինքն-իր Շերխին լավ գիտի՝ գալու եմ, բա ի՞նչ եմ անելու: Հետո վախեցած հետ նայեց՝ դեպի թուրքի տարածքը ու թե՝ տղե՛րք , արդեն լուսանում է, էս ժամերին նրանք հարձակվում են, ինձ հետ մի եկեք, դուք շղթա կազմած-առաջ գնացեք, նրանց դեմն առեք, մեկ է՝ Շերխն իր տղային տեսնելու է՝, անունն ի՞նչ դնեմ՝ չգիտեմ, կամ՝ Անդրանիկ, կամ՝ Նժդեհ եմ դնելու՝ թող թուրքը լսի ու գժվի: Ասում են՝ դաշնակ ե՞ս, ասում եմ՝ չ՛է՝ խփու՜մ են, ասում են՝ ֆիդայի ե՞ս, ասում եմ՝ չ՛է՝ խփու՜մ են, ասում են՝ բա խ՞ի ես մորուք պահում, ասում եմ՝ անտառապահ եմ՝ խփու՜մ են, մորուքս ու մազերս կատաղած խուզեցին, բայց մինչեւ էդ, առաջին օրերը գյուղեգյուղ ման տալիս ու ման ածում ու ծառերից՝ կամ թարս կապում, կամ մորուքիցս էին կապում ու օրերով կախում: Թուրքերեն հարցեր էին տալիս ու լեզուն չգիտեի ու ասացին՝ հայաստանցի ես, հա՜, ու ավելի կատաղեցին ու ավելի դաժանացան ու գազանացան ու անասնացան: Եվ հերթով հողը վերցնում ու բերանս էին լցնում ու ասում էին՝ ա՛ռ-կեր ձեր ծովից-ծով հողերը՝ մեր միլլաթը չի տալու մեր հողերը, ու իմ գլխավերեւում թուրքի կանայք իրենք-իրենց մազերը փետում էին, ատամներս հանել էին, ինձ էշի վրա թարս նստեցրել ու իրենց գյուղերում ման էին տալիս, չգիտեմ, թե դա իրենց մոտ ինչ է նշանակում: Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել