Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը»

Ապրիլ 22,2026 15:46 Share

Ի ՀԵՃՈւԿՍ ԱՐՑԱԽԱՏՅԱՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

2026թ. ապրիլի 20-ին և 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝
«Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, են եղել: Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ ինչի՞ մեջ ա մեր ընտրությունը: Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»:

Մեջբերմամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանել է, որ ինքն ընտրություն է կատարել Արցախի Հանրապետության և խաղաղության միջև, արդյունքում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ակնկալելով, որ փոխարենը կստանա խաղաղություն: Սակայն, հարկ է նշել, որ Արցախն Ադրբեջանի մասի ճանաչելով, հաստատվել է ոչ թե իրական, այլ՝ թվացյալ խաղաղություն: Բանն այն է, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «արևմտյան Ադրբեջան», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» և «Զանգեզուրի միջանցք» խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրեր: Իսկ նման ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին:
«Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել ա շատ անմեղ, հումանիտար հարցերից»:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել հումանիտար հարցերից: Կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 108 տարի:

«…մենք Ադրբեջանին առաջարկել ենք և առաջարկում ենք ռազմավարական գործարք. ո՞րն ա ռազմավարական գործարքը. մենք ճանաչե՞լ ենք տարածքային ամբողջականությունը միմյանց և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքներով, ուրեմը ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողում իրար, էլ չենք փորփրում՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ ա ապրել և այլն և այլն, ի՞նչ ա ունեցել, էս ա ունեցել, էն ա ունեցել, մենք փակում ենք էդ թեման, որովհետև դա է խաղաղությունը»:

Խորհրդային Միության 15 հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:

Մեջբերումից պարզվում է, որ խոսքը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, «գոյություն ունեցող սահմանների անխախտելիությանը»:

Հարց է առաջանում. ի՞նչ սահմաններ է ունեցել Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունն ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան, իր 4-րդ և 5-րդ կոմիտեների միջոցով քննելով Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումը, 1920թ. դեկտեմբերի 1-ին տվել է բացասական պատասխան:

Ադրբեջանի Հանրապետության գոյության 23 ամիսների ընթացքում, այն է՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը, Արցախը չի հանդիսացել միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի մաս ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ առավել ևս դե յուրե: Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ նշված ժամանակահատվածում Արցախը գտնվել է միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում:
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:

Համոզիչ չէ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության նկատմամբ թե՛ 2021 թվականի մայիսի, թե՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր:

2024թ. հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն այս մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ: Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը պետք է հաստատվի»:

Հետևաբար, սին հույսերով չպետք է փորձել մոլորեցնել հանրությանը, թե սահմանագծման ու սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանը կազատի Հայաստանի օկուպացրած տարածքները: Առավել ևս, որ փորձը ցույց է տվել, որ սահմանազատումն ու սահմանագծումը չափազանց երկար ձգվող գործընթաց է: Օրինակ՝ միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի և դեռ ավարտված չէ: Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի:

Թե որքա՞ն կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, կարելի է միայն ենթադրել: Սակայն թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ: Այսինքն՝ առնվազն մի քանի տասնամյակ Ադրբեջանը կարող է օկուպացրած պահել Հայաստանի տարածքները:

Վերոնշյալից զատ, մեկ բան հստակ է. Ադրբեջանը երբեք խաղաղ ճանապարհով չի ազատելու ո՛չ Արցախի Հանրապետության օկուպացրած տարածքը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքները:

Արցախից բռնագաղթած, ինչպես նաև Արցախում ծնված, մեծացած, սակայն հանգամանքների բերումով Արցախից դուրս ապրող հայությունն Արցախում թողել է իր նախնիների գերեզմանները, իր սրբավայրերը, իր հոգևոր ու նյութական անչափելի արժեքները, որոնք մոռանալը ոչ միայն աստվածահաճո ու մարդկային չեն, այլև՝ սրբապղծություն է:
Իմ տոհմը՝ Արցախի ամենահին Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական գերդաստանն ավելի քան 700 տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահության ճակատագրի կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում:

Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության, ինչպես նաև արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:

Արցախի տարածքի գրեթե յուրաքանչյուր անկյուն կրում է իմ նախնիների ազգաշահ ու ազգանվեր գործունեության հետքերը: Իմ մեծ նախապապը՝ Հասան-Ջալալյանների տոհմի անվանադիրը՝ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան, 1216-1238թթ. կառուցել է Արցախի թագն ու պսակը հանդիսացող Գանձասարի հռչակավոր եկեղեցին, որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը: Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ ճարտարապետության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարել է հայ ճարտարապետության մարգարիտն ու հանրագիտարանը:

Ես երբեք չեմ մոռանա Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցին, որը հանդիսանում է նաև Հասան-Ջալալյանների տոհմական տապանատունը. եկեղեցում ու նրա շուրջն ամփոփված են իմ նախնիների աճյունները:

Մոռանալ այս ամենը, մոռանալ Արցախը կնշանակի մոռանալ նախնիներիդ, ինքդ քեզ ու ապագադ:
«նոր Սահմանադրությունը չպետք ա հղում պարունակի Անկախության հռչակագրին»:

ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:
«ղարաբաղյան շարժման ավարտ, նշանակում է նաև օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ավարտ, Արևելյան Անատոլիայի, կամ այդ կարգի խոսույթների ավարտ»:

Փաստերը վկայում եմ, որ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի օկուպացիան Ադրբեջանի վարչակազմը նպատակահարմար չի համարել խոսել «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին: Այդ մասին վկայել է Իլհամ Ալիևը 2022թ. դեկտեմբերի 24-ին, ի մասնավորի, հայտարարելով. «Մեզ անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ: Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո: Իհարկե, նախքան ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը, այս մասին խոսելը գուցե վաղ էր: Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել: Պետք է պատրաստել վերադարձի հայեցակարգ…»:

Իսկ 2023թ. հունվարի 12-ին տեղական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ նա, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, խոսել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին, երբ կար ղարաբաղյան ցավը, խնդիրը, հավանաբար, նման կլիներ ժամանակից շուտ կրակոցի»:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին խոսույթով սկսել է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելուց, գրեթե, անմիջապես հետո:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունն իր գոյությամբ պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը՝ թույլ չտալով Ադրբեջանին ապօրինի հավակնություններ դրսևորել Հայաստանի նկատմամբ:

Հետևաբար, ոչ միայն, բայց հատկապես «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին Ադրբեջանի վարչակազմի խոսույթները չեզոքացնելու նպատակով Արցախի Հանրապետության դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրամայական անհրաժեշտություն է:
«Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ այո՛, մենք պետք ա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»:

Արցախի հայության, որպես բռնի տեղահանվածների, վերադարձի իրավունքը սահմանված է միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝
1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով,
1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունված «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայիով,
1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով:

Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է նաև՝
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևի մեջ,
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշման մեջ,
Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտի 12-ի և հոկտեմբերի 24-ի բանաձևերում:
Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին (Ազգային Խորհուրդ) և վերին (Կանտոնների Խորհուրդը) պալատների կողմից 2024թ. դեկտեմբերի 17-ին և 2025թ. մարտի 18-ին ընդունված առաջարկություններում,
Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2025թ. հուլիսի 17-ին ընդունված ռեզոլյուցիայում,
Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2026թ. ապրիլի 16-ին ընդունված ռեզոլյուցիայում:
Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը:
Հետևաբար, Արցախի հայությունը պետք է առանց որևէ նախապայմանի վերադառնա իր բնօրրան, որտեղ իր նախնիներն ապրել են վերջին մոտավորապես երեք հազար տարիներն անընդմեջ:
Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայ քաղաքացիների համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվելուց կամ հեռանալուց հետո անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:
Նիկոլ Փաշինյանին Հայաստանի քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և դրա շարունականականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930