2018-2020թթ. ընթացքում կենսաթոշակի վերահաշվարկ կատարել պարտավորեցնելու պահանջով վարչական դատարան է դիմել 24 դատավոր: 7 դատավոր դատարանի միջոցով փորձում է պաշտպանել թոշակ ստանալու իր իրավունքը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա սոցիալական ծառայության կողմից դատավորներին վճարվել է շուրջ 29 մլն 897 հազար դրամ կենսաթոշակի լրավճար գումար: 2020թ.-ից հետո էլ նմանատիպ դատական գործընթացներ կան մեր դատարաններում: Անգամ` Սահմանադրական դատարանում
2026 թ. մարտի 19-ից Սահմանադրական դատարանում էր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումը: Դիմող դատարանը ներկայացնելով թիվ ՎԴ/5156/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, վիճարկվող նորմի բովանդակությունը, ինչպես նաև ՍԴ դիմելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը, վկայակոչելով Սահմանադրության և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի վերաբերելի հոդվածները՝ նշել էր. «Տվյալ դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին հաջորդ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12.1-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց համար սահմանվել են իրավական տեսանկյունից որոշակի կարգավորումներ, մասնավորապես, հիմքերը բաժանվել են «ա» և «բ» կետերի, որից նշված թոշակի ձեռքբերում «ա» կետով սահմանվել է ստաժի որոշակի ժամանակահատված՝ անկախ լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերից, իսկ «բ» կետով սահմանվել է պաշտոնից ազատման կոնկրետ հիմք՝ անկախ ստաժից։ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բովանդակությունը ևս պետք է մեկնաբանել ընդհանուր հոդվածի համատեքստից ելնելով` բացառելով «դադարեցվում կամ» բառից հետո մասնավորեցված միայն մեկ դադարեցման հիմք սահմանելը։ Հակառակ մեկնաբանմամբ ստացվում է, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել դատավորների և մյուս կետերով սահմանված պաշտոններ զբաղեցրած անձանց նկատմամբ` դատավորի համար սահմանելով միայն լիազորությունների դադարեցման կամ դադարման կոնկրետ հիմք»:
Դատարանը խնդրել էր (որոշել էր). «Դիմել ՀՀ սահմանադրական դատարան, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտոնատար անձանց կենսաթոշակի ձեռքբերման իրավունքների հիմքերը չի սահմանում դատավորի պաշտոնին զբաղեցրած անձի լիազորությունների ընդհանուր հիմք՝ կախված որոշակի ստաժից՝ անկախ դադարման կամ դադարեցման հիմքերի, ինչպես նաև՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումը «անձը, ով պաշտոնավարել է դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի, և որի լիազորությունները` «դադարեցվել կամ» բառից հետո նշված դադարեցման և դադարման երեք հիմքերին՝ (դադարեցման մեկ հիմք) միայն վերագրելու և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դադարեցման մյուս հիմքերին չվերագրելու ձևով մեկնաբանությունը՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»:
Ըստ դիմողի. «(…) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որը գտնվում է տրամաբանական կապի մեջ հաջորդող 9-ից 12.1-րդ կետերի հետ, շարադրված չէ բավարար չափով որոշակի, ուստի այդպիսի մեկնաբանման պարագայում այնքանով, որքանով, որ այն չի սահմանում դատավորի պաշտոն զբաղեցրած անձի լիազորությունների դադարեցման կամ դադարման ընդհանուր հիմք՝ կախված որոշակի ստաժից ոչ միայն չի բավարարում՝ այն միջազգային պարտավորությունների ծավալին, որին ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, այլև ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին»։
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը վկայակոչել էր մի քանի աշխատակարգային որոշումներ, փաստել, որ իր՝ դեռ վերջին 2026 թ. մարտի 20-ի ՍԴԱՈ-36 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «… «Հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, որով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր կասկածը»։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմող-դատարանը սահմանափակվել է առավելապես Սահմանադրության և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համապատասխան հոդվածների դրույթները վկայակոչելով, հայցվորի կենսաթոշակը փոխելու, հաշվարկելու և վերահաշվարկելու, թիվ ՎԴ/5156/05/23 վարչական գործի դատավարական ընթացքի նկարագրությամբ և տվյալ գործով հայցվորի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդության շրջանակներում ներկայացված հիմնավորումների բառացի վկայակոչմամբ։ Ըստ այդմ, ՍԴԱՈ-57 որոշմամբ մերժվեց դիմումը քննության նշանակել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2026


















































