Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախչել» բառն ինձ համար չէ»

Հոկտեմբեր 02,2002 00:00

«Փախչել» բառն ինձ համար չէ» Մ. Մկրտչյանի սեւամորթ ուսանողը Կոմիտաս է երգում Սեպտեմբերի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում, «Վարագա Սուրբ Խաչի» տոնին, եկեղեցու երգչախմբի փոխարեն, Կոմիտասի «Պատարագը» հնչեց՝ «Նարեկ» արական երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարում էր երգչախմբի հիմնադիր, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը։ Տարօրինակ էր երգչին տեսնելը Հայաստանում, այն էլ նման պատասխանատու «դերում»։ Երաժիշտները եւ երաժշտասերները հիշում են հոգեւոր երաժշտության միջազգային, խմբերգային արվեստի վաղեմի ավանդույթներով հանրահայտ Մերձբալթյան փառատոներից ստացված բուռն արձագանքները՝ «Նարեկի» հասցեին։ Իսկ արդեն քանի տարի պտտվում էին շշուկներ, թե Մ. Մկրտչյանը նույնպես (հիմա էլ չի ասվում՝ «փախել է») հայտնվել է արտերկրում։ Երգչի հետ ունեցած առանձնազրույցից պարզ դարձավ, որ Մայր տաճարում այս ելույթը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատվերով էր եւ անցյալ տարի՝ նույնպես, իր ղեկավարությամբ երգչախումբը մասնակցել է Վեհափառի ծննդյան 50-ամյակին կազմակերպված երեկոյին։ Երգչի խոսքերով. «Անկեղծ պետք է ասեմ, որ վերջին տարիներին պարզապես անհնար էր դարձել ֆիզիկական գոյության պահպանումը եւ երբեք նպատակ չեմ ունեցել փախչելու։ Կարծում եմ, բավական է ասել, որ ես 78-ից պրոֆեսիոնալ բեմում եմ եւ ունեցել եմ մի շարք համերգային շրջագայություններ եւ, ինչու չէ, առաջարկություններ՝ այս կամ այն երկրում աշխատելու»։ Չմանրամասնելով ասենք, որ երգիչը 2000 թվականին ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի երաժշտագիտական բաժինը եւ այսօր ուսանում է տեղի ասպիրանտուրայում։ Առաջին անգամ Փարիզում եղել է 94-ին՝ Կոմիտասի 125-ամյակի կապակցությամբ եւ հենց Սորբոնի համալսարանում ֆրանսերենով հանդես եկել «Կոմիտասի վոկալ սկզբունքները» զեկուցումով։ Իր խոսքերով. «Համալսարանում ինձ հիշում էին դեռ ու միանգամից շրջապատվեցի մեծ հոգատարությամբ։ Այնպես որ, կրկնում եմ, «փախչել» բառը ինձ համար չի ասված։ Գնացել եմ հարստացնելու գիտելիքներս եւ ստեղծելու ֆինանսական բազա, այստեղ՝ հայրենիքում հետագա գործունեությանս համար։ Հիմա եկել եմ արձակուրդ եւ միաժամանակ աշխատում եմ դոկտորական աշխատանքիս վրա՝ «Հայկական եւ եվրոպական միջնադարյան երաժշտության լադային ընդհանրությունները»։ Երիտասարդ երգիչը լսել է մեծանուն Կրիստա Լյուդվիգի, Ռենատա Սկոտտոյի, Թերեզա Բերգանսայի բարձրագույն վարպետության դասընթացները, մենահամերգներ տվել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իր մասնակցությունն ունեցել վոկալ-սիմֆոնիկ մեծ կտավի գործերի (Մոցարտ՝ «Ռեքվիեմ», Հայդն՝ «Նելսոն-Մեսսա» եւ այլն) կատարումներում։ Այս տարի Փարիզում երջանիկ պատահականություն էր հայ երգչի մասնակցությունը Վերդիի «Ռիգոլետտո» ներկայացմանը։ Այսպես. «Օպերա բոլորի համար» ասոցիացիայի հրավերով հայ երգիչը ներկայացման մեջ փոխարինում է հիվանդ բարիտոնին՝ մարմնավորելով Ռիգոլետտոյի կերպարը։ Խաղընկերներ ունենալով Շուշիկ Բլբուլյանին (Ջիլդա, ի դեպ, վերջինս ավարտել է Երեւանի կոնսերվատորիան) եւ ճանաչված տենոր Պիեռ Վաելլոյին (Հերցոգ)։ Մ. Մկրտչյանը Փարիզում զբաղվում է նաեւ մանկավարժությամբ՝ դասավանդելով հայերեն, ֆրանսերեն եւ վոկալ։ «Անթիլյան կղզիներից սեւամորթ ուսանող ունեմ, որը երազում է գալ Հայաստան եւ երգել Կոմիտաս։ Պետք էր տեսնել, թե նա ինչ մեծ աղմուկ հանեց (դրական իմաստով) Եղեռնի զոհերի հիշատակի օրը հանդես գալով հայկական հոգեւոր երգերի կատարումներով»,- զրույցի վերջում տեղակացրեց երգիչը։ Մ. Մկրտչյանը բուռն ստեղծագործական ու բեմական կյանքով է ապրում Փարիզում։ Ասենք նաեւ, որ նա ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Երեւի սա այն դեպքն է, որ հավատալով երգչի խոսքերին, ոչ հեռու ապագայում նրան կտեսնենք ու կլսենք երեւանյան բեմերում, կարճ ասած՝ գնացել է վերադառնալու պայմանով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել